Անդրե Բայոն ֆր.՝ André Baillon | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1875[1][2] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա |
Վախճանվել է | ապրիլի 10, 1932[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Սեն-Ժերմեն-ան-Լե |
Գերեզման | Մարլի-լե-Ռուա |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
![]() |
Անդրե Էմիլ Լուիս [3] Բայոն (ապրիլի 27, 1875[1][2], Անտվերպեն, Բելգիա - ապրիլի 10, 1932[1][2], Սեն-Ժերմեն-ան-Լե), բելգիացի վիպասան և պատմվածքագիր, ով գրել է ֆրանսերեն։ Նրա ստեղծագործությունների մեծ մասն ինքնակենսագրական բնույթ ունի:
Անդրե Բայոնը ծնվել է 1875 թվականի ապրիլի 27-ին Անտվերպենում՝ բուրժուական ընտանիքում[4][5]։ Նրա հայրը՝ Ժոզեֆ-Կրետյեն Բայոնը, որը հաջողակ գործարար էր շինարարության ոլորտում, մահացավ նրա ծնվելուց անմիջապես հետո, իսկ մայրը՝ Ջուլի-Իզաբելը (ծնված Վան Բելլինգենում) նույնպես մահացավ, երբ նա դեռահաս երեխա էր՝ թողնելով Անդրեյի դաստիրակությունը Տերմոնդում գտնվող հորաքրոջը[3][5]։ Նա ուներ ավագ եղբայր` Ժյուլիենը, ով դարձավ իրավաբան[3]: Անդրե Բայոնը ստացել է հռոմեական կաթոլիկ կրթություն՝ հաճախելով Թերնհաուտի Սեն Ժոզեֆ քոլեջը[4][5]: 1893 թվականից սովորել է Լուվենի պոլիտեխնիկական դպրոցում[3]: Նա տեղափոխվեց Բրյուսել, որտեղ սկսեց գրել և հրատարակել բելգիական պարբերականներում, բայց սկսեց մոլեխաղերով զբաղվել և տառապել սուիցիդալ մտքերից։ Նրա առաջին ամուսնությունը 1902 թվականին Մարի Վանդենբերգի հետ, ով մարմնավաճառ էր աշխատում, ժամանակավորապես թեթեւացրեց նրա խնդիրները[4][5]։ Զույգը Բրյուսելից մեկնել է Կամպինի Վեստմալ գյուղ, որտեղ նրանք որդեգրել են գյուղական ապրելակերպ[5]։
Հետագայում Բայոնը խմբագրական պաշտոն է զբաղեցրել «La Dernière Heure»-ում, բրյուսելյան թերթում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ամուսնացել է դաշնակահար Ժերմեն Լիվենսի հետ։ Պատերազմը ոգեշնչեց նրան գրել, և նրան աջակցում էր Ժերմենը իր գրական ջանքերում[5]։ Նրա վեպերից շատերը ստեղծվել են այս տասնամյակում[4]։ Նրա ամենավաղ գլխավոր հրատարակված աշխատանքը՝ «Moi quelque part» (Ես, ինչ-որ տեղ) առաջին անգամ հայտնվեց 1920 թվականին[5]։ Դրա մի տարբերակը թողարկվեց Փարիզում որպես «En Sabots» (Փայտե կոշիկներով) 1922 թվականին, և վերնագրված վեպը քննադատական հաջողություն ունեցավ՝ արժանանալով Ժան-Ռիչարդ Բլոկի և Շառլ Վիլդրակի գովասանքին[4][5]։ Դա ստիպեց նրան տեղափոխվել Փարիզ և փորձել իր ապրուստը վաստակել իր գրական ստեղծագործությունների միջոցով[4][5]։ Նրա հիմնական հրատարակիչն էր «Rieder & Cie»-ն, Փարիզում գործող հրատարակչությունը, որը միջպատերազմյան տարիներին դուրս բերեց բելգիացի հեղինակների, այդ թվում՝ Կոնստան Բուրնյոյի և Ժան Տուսելի ստեղծագործությունները[5][6]։
Այս քայլը աղետալի եղավ Բայոնի հոգեկան և ֆիզիկական առողջության համար: Չնայած բազմաթիվ հոսպիտալացումներին, նա շարունակում էր գրել, և նրա ստեղծագործությունները վերաբերում էին հոգեկան հիվանդության իր փորձառություններին[4][5]։ Այս ժամանակահատվածում նա սիրավեպ է ունեցել գրող Մարի դե Վիվիեի հետ, ով իր մահից հետո պատմել է պատմությունը իր «L'homme pointu» (Սուր մարդը, 1942 թվական) վեպում[5]։
Ինքնասպան է եղել 1932 թվականի ապրիլի 10-ին Փարիզի Սեն Ժերմեն ան Լեում[4][5]։
Բայոնը գրում էր ֆրանսերեն, թեև ծնունդով և կրթությամբ ֆլամանդացի էր, և գովաբանում էր Վեսթմալում խոսվող ֆլամանդերենի բարբառը[7][8]։ Նրա գործերի մեծ մասն ինքնակենսագրական է. Լյուսիեն Քրիստոֆը և Հերման Թեյրլինքը 1953 թվականին գրել են, որ Բայոնի կոչումն է «թափառել և զգալ իր ճանապարհը դեպի իր անցյալը՝ հրավիրելով մեզ թափառել իր հետ և նայել կահույքի տակ»[7]։ Նրանք նաև նշում են, որ Ֆլանդրիայի մասին ֆրանսերեն գրելը կարող է «խառնաշփոթության մի կծու նոտա» ավելացնել նրա դիտարկումներին[7]։
«Moi quelque part» (Ես, ինչ-որ տեղ, 1920) հիմնված է Վեստմալում նրա փորձառությունների վրա[5]։ «Histoire d'une Marie» (Մարի անունով մի աղջկա պատմություն, 1921 թվական), հիմնված առաջին կնոջ կյանքի վրա, անդրադառնում է մարմնավաճառության թեմային[4][5], և նույն թեման արծարծվում է «Zonzon Pépette, fille de Londres»-ում (Zonzon Pépette, Լոնդոնի աղջիկը, 1923 թվական)[4]։ «Par fil spécial» (Հատուկ մալուխով, 1924 թվական) «սարդոնիկ» արձագանք է թերթի խմբագիր նրա գործունեությանը[4][4][5]։ «Chalet I» (1926 թվական) պատմում է Սալպետրիերի հիվանդանոցում գտնվելու մասին[9]։ «Le Neveu de Mademoiselle Autorité» (Միսս Իշխանության զարմիկը, 1930/1932 թվականներ) հիմնված է հորաքրոջ հետ մանկության փորձառությունների վրա[4][5]։
Նրա հետագա ստեղծագործությունները, որոնք հաճախ գրվել են հիվանդ ժամանակ, գնահատվում են հոգեկան հիվանդության իրենց պիոներական անկեղծ պատկերների համար[4][5] մասնավորապես «Delires» (Deliriums, 1927 թվական) ժողովածուն, որը նկարագրվում է որպես «ուշագրավ» և «նույնքան ռիթմիկ, որքան տրամաբանական հալյուցինացիան»[5]:
Բայոնի ստեղծագործությունները հայտնի էին Ֆրանսիայում նրա կենդանության օրոք և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը[6]: Նա տարբեր կերպ դասակարգվել է որպես պրոլետար, պոպուլիստ և ռեգիոնալ գրող[10][11]: «A. P. Coleman»-ը մահվան ծանուցման մեջ «Histoire d'une Marie»-ն բնութագրում է որպես «սոցիալական հիմնախնդիրների վեպ» և այն համեմատում «առավել հայտնի» Չարլզ-Լուի Ֆիլիպի ստեղծագործությունների հետ[12]: Մորիս Գաշեն, գրելով 1931 թվականին, Բայլոնին համեմատում է և՛ Ֆիլիպի, և՛ Ֆյոդոր Դոստոևսկու հետ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Բայոնի հերոսները հաճախ են հայտնվում դժվարին իրավիճակներում[13]։ Բայոնի գործերը թարգմանվել են, օրինակ՝ «Histoire d'une Marie», ունեցել է յոթ թարգմանություն 1920-ականների վերջին, իսկ «En Sabots»-ը և «Zonzon Pépette, fille de Londres»-ը երկուսն էլ թարգմանվել են գերմաներեն[6]։
Նրա ժողովրդականությունը նվազել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[11], սակայն հեղինակը շարունակել է գրավել քննադատական ուշադրությունը 1950-ականներին։ Սիմոն դը Բովուարը գովաբանում է «Le Perce-oreille du Luxembourg»-ը 1960 թվականի հուշագրության մեջ։ 1960-ականների վերջին նրա գործերից մի քանիսը հարմարեցվել են Բելգիայի թատրոնի համար։ 1970-ականների կեսերից նրա գործերից շատերը հետ բերվեցին տպագրության՝ որպես «Passé Présent/Les Éperonniers» և «Espace Nord» տպագրությունների մաս[6]։
20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին քննադատական ուշադրությունը կենտրոնացած էր Բայոնի կյանքի վրա: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են հոլանդերեն, ռումիներեն, չինարեն և բուլղարերեն։ Ֆրանս Դենիսենի կենսագրությունը լույս է տեսել հոլանդերեն (De Gigolo van Irma Ideaal) 1998 թվականին, շահել է «AKO Literatuurprijs»-ը և թարգմանվել ֆրանսերեն։ Բայոնի մի քանի վեպերի նոր հրատարակություններ հրատարակվել են Ֆրանսիայում «Cent Pages», «Finitude» և «Cambourakis» հրատարակություններում։ «Les Nouveaux Cahiers André Baillon» պարբերականը, որն անդրադառնում է նրա աշխատանքի վերաբերյալ հետազոտություններին, լույս է տեսել 2003-ից 2011 թվականներին, և խմբագիրները 2007 թվականին Բելգիայում գիտաժողով են անցկացրել այդ թեմայով[6]:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Բայոն» հոդվածին։ |
|