Անընդհատ լցում

Անընդհատ լցում (անընդհատ ձուլում)՝ մետաղների, մետաղների և մետաղական համաձուլվածքների լցման եղանակ։

Անընդհատ լցման դեպքում ձուլուկը հավասարաչափ տեղաշարժվում է մետաղի լցման ու բյուրեղացման գոտիների նկատմամբ։ Լցման շերեփից, միքսերից կամ անմիջականորեն հալման վառարանից մետաղի անընդհատ, հավասարաչափ հոսող շիթը լցվում է սառեցվող և շարժական հատակ ունեցող բյուրեղարարի մեջ, որտեղ ձուլուկը բյուրեղանում է (առաջանում է եզրային կեղն)։ Բյուրեղարարից դուրս գալուն զուգընթաց շարունակվում է ձուլուկի բյուրեղացումը, որը լրացուցիչ սառեցվում է ջրով և անհրաժեշտ երկարությամբ կտրվում սղոցով կամ գազային կտրիչով։ Ձուլուկի հատվածքի չափերն ու ձևը համապատասխանում են բյուրեղարարի ներքին հատվածքի չափերին և ձևին։ Բլումի, սլաբի, ժապավենների, թերթերի, ձողերի ձևով ստացված նախապատրաստուկները կարող են անմիջականորեն գլոցվել, դրոշմվել և այլն։ Անընդհատ լցման կիրառմամբ պարզեցվում է մետալուրգիական արտադրությունը, հնարավոր է դառնում նրա լրիվ մեքենայացումն ու ավտոմատացումը, բարելավվում մետաղի որակը (արագ սառեցման շնորհիվ ստացվում է մանրահատիկ, խիտ կառուցվածքով մետաղ), պակասում են կորուստն ու սարքավորման ծախսերը, բարձրանում պիտանի արտադրանքի ելքը։

Անընդհատ լցումը օգտագործվում է գունավոր մետալուրգիայում (ալյումինի, պղնձի արտադրություններում և այլն), ինչպես նաև պողպատի ու թուջի արտադրություններում (պողպատի անընդհատ լցումը, հեղուկ վիճակում նրա համեմատաբար բարձր ջերմաստիճանի և ցածր ջերմահաղորդականության պատճառով, զգալիորեն ավելի բարդ է, քան գունավոր մետաղներինը)։ Գունավոր մետաղների անընդհատ լցման առաջին արդյունաբերական տեղակայումը գործարկվել է Գերմանիայում, 1933 թվականին, իսկ պողպատի արտադրությունում անընդհատ լցում սկսել է կիրառվել 1950-ական թվականների սկզբներին մի շարք երկրներում։ Երևանի ալյումինի գործարանում 1967 թվականից անընդհատ լցման եղանակով ստացվում են 100x3x10 մմ ալյումինե թերթեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անընդհատ լցում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 404