Անձնականը քաղաքական է կամ անհատականը քաղաքական է (անգլ․՝ The private is political), քաղաքական փաստարկ, որը 1960-ականների վերջին օգտագործվել է որպես ուսանողական շարժման և ֆեմինիզմի երկրորդ ալիքը աջակցող կարգախոս։ Կարգախոսը ընդգծել է անձնական փորձի և ավելի լայն՝ հասարակական և քաղաքական կառույցների միջև առկա կապը։ 1960-70-ականների ֆեմինիստական շարժման համատեքստում այս կարգախոսը մարտահրավեր էր ընտանիքի դասական մոդելի և ընտանեկան արժեքների դեմ[1]։ Այս արտահայտությունը շատերի կողմից համարվել է ֆեմինիզմի երկրորդ ալիքի, արմատական ֆեմինիզմի, կանանց ուսումնասիրությունների կամ ընդհանրապես ֆեմինիզմի բնութագրիչ[2][3]։
Այս արտահայտությունը հանրաճանաչ է դարձել 1970-ին ֆեմինիստ Քերոլ Հանիշի «Անձնականը քաղաքական է» անունը կրող էսսեի շնորհիվ[4]․ Հանիշը, սակայն, չի ընդունում, որ արտահայտության հեղինակն ինքն է։ Ըստ Քերի Բարչի՝ Շուլամիթ Ֆայրսթոնը, Ռոբին Մորգանը և այլ ֆեմինիստներ, որոնք համարվել են այդ արտահայտության հեղինակներ, նույնպես հրաժարվել են։ «Փոխարենը, ― գրում է Բարչը, ― նրանք հանրային և մասնավոր խոսակցություններում այս միտքն արտահայտած միլիոնավոր կանանց են համարում արտահայտության կոլեկտիվ հեղինակներ»[5]։ Գլորիա Ստայնեմը արտահայտության հեղինակին փնտրելը նմանեցրել է «Երկրորդ համաշխարհային պատերազմ» արտահայտության հեղինակին փնտրելուն[5]։
Այս արտահայտությունը մեծապես արտահայտվել է սև ֆեմինիզմում, օրինակ՝ «Սև ֆեմինիստի հայտարարության», Օդրի Լորդի «Վարպետի գործիքները երբեք չեն քանդի վարպետի տունը» էսսեի և «Կամուրջը կանչեց հետևիցս․ գունավոր ռադիկալ ֆեմինիստների աշխատություններ» ժողովածուի մեջ[6]։
Նյու Յորքի արմատական կանանց խմբի անդամ և Կանանց ազատագրական շարժման ականավոր գործիչ Քերոլ Հանիշը 1969-ի փետրվարին Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում պատրաստեց մի հոդված, որտեղ պաշտպանում էր տեղեկացվածության բարձրացման խմբերի քաղաքական կարևորությունը[7]։ Հանիշը ձգտում էր հերքել այն միտքը, որ սեռը, տեսքը, աբորտը, երեխաների խնամքը և տնային տնտեսությունների բաժանումը սոսկ անձնական խնդիրներ են և չունեն քաղաքական կարևորություն։ Այս և այլ խնդիրների առճակատման համար նա կանանց հորդորում էր հաղթահարել ինքնամեղադրանքը, առկա իրավիճակը քննարկել միմյանց հետ և հավաքական կերպով ընդդիմանալ հասարակության արական գերիշխանության դեմ[7]։ Հանիշը էսսեում չի օգտագործում «անձնականը քաղաքական է» արտահայտությունը, բայց գրում է.
Էսսեն լույս է տեսել 1970-ին «Անձնականը քաղաքական է» վերնագրով՝ «Գրառումներ երկրորդ տարուց․ կանանց ազատագրում» պարբերականում։ Էսսեի հեղինակը կարծում է, որ գրքի խմբագիրներ Շուլամիտ Ֆայրսթոնը և Անն Կոեդտն են էսսեին տվել նման վերնագիր[7]։ Էսսեն վերատպվել է «Արմատական ֆեմինիզմ․ վավերագրական ընթերցող» (Radical Feminism: A Documentary Reader) պարբերականում[8]։
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)