Աննա Կանոպացկայա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միավորված քաղաքացիական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 29, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Աննա Անատոլևնա Կանոպացկայա (բելառուս․՝ Ганна Анатолеўна Канапацкая, հոկտեմբերի 29, 1976[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, գործարար, իրավաբան։ 2016-2019 թվականներին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի վեցերորդ գումարման պատգամավոր էր, 2020 թվականի Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու։
Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 29-ին Մինսկ քաղաքում։ Հայրը՝ Անատոլի Տրուխանովիչը, Բելառուսի առաջին պաշտոնական դոլարային միլիոնատեր էր[2]։ Մայրը տնային տնտեսուհի էր։ Քույրը՝ Դարյան, յոթ տարով փորք է Աննայից[3]։
Ավարտել է Մինսկի թիվ 55 դպրոցը, ապա Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ։ Աշխատել է «Գրինրեյ» ՍՊԸ-ի տնօրեն, որին մատուցել է իրավաբանական ծառայություններ[4][5]։ Անատոլի Լեբեդկոյի խոսքերով՝ «գիտի օտար լեզուներ», շփվել է ռուսերենով, սակայն պնդել, որ պատրաստ է անցնել բելառուսերենի[6]։ 1995 թվականից մինչև 2019 թվականը Միավորված քաղաքացիական կուսակցության անդամ էր[7]։ 2013-2016 թվականներին Միացյալ քաղաքացիական կուսակցության Մինսկի քաղաքային կազմակերպության նախագահն էր։ 2016 թվականի սեպտեմբերից կուսակցության քաղխորհրդի անդամ է, որի շրջանակներում գործարարների հետ ղեկավարել է աշխատանքի հանձնաժողովը[8]։
Աննա Կանոպացկայան ընդդիմության մեջ էր Լուկաշենկոյի իշխող ռեժիմի դեմ[9][10][11][12][13]։ 2012 թվականին մասնակցել է Բելառուսի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությանը, իսկ 2014 թվականին Բելառուսի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորական ընտրություններին[14]։ Վարչական պատասխանատվության է ենթարկվել քաղբանտարկյալների հետ համերաշխության ակցիայի համար[6]։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ սեպտեմբերի 11-ին, Կանոպացկայան ընտրվել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր՝ Մինսկ քաղաքի Հոկտեմբերյան թիվ 97 ընտրատարածքից։ Նա տնտեսական քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ էր։ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ էր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ շփումներ իրականացնելու նպատակով։ Աննա Կանոպացկայան Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի՝ Քուվեյթի Պետության խորհրդարանի, Մարոկկոյի Թագավորության խորհրդարանի, Սինգապուրի Հանրապետության խորհրդարանի, Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի հետ համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի անդամ էր[8]։
Կանոպացկայան պատասխանատու էր Ներկայացուցիչների պալատի տնտեսական քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովում «պետական-մասնավոր գործընկերության հարցերով Բելառուսի Հանրապետության որոշ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Բելառուսի Հանրապետության օրենքի նախագծի նախապատրաստման համար[15]։
Լինելով խորհրդարանի պատգամավոր՝ Կանոպացկայան հանդես է եկել Ռուսաստանի հետ միութենական պետության մասին պայմանագրի խզման օգտին և Բելառուսում քննադատել Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա դեսպան Միխայիլ Բաբիչին[16]։
2017 թվականի հունվարի 26-ին Կանոպացկայան լրատվամիջոցների համար հարցազրույց է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունվարի 24-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա)՝ այդ կազմակերպության ձմեռային նստաշրջանի շրջանակներում[17]։
2017 թվականի հունիսի 27-ից 28-ը Կանոպացկայան Եվրախորհրդարանում մասնակցել է Բելառուսի իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, ինչի համար զրկվել է աշխատանքային օրերի վճարումից[18]։
2020 թվականի մայիսի 12-ին Աննա Կանոպացկայան առաջադրվել է Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու։ Մայիսի 20-ին գրանցել է 1314 հոգանոց նախաձեռնող խումբ։ Հունիսի 10-ին հաղորդել է, որ իրեն հաջողվել է հավաքել թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ 100 հազար ստորագրություն[19]։ Մինչև հունիսի 29-ը հայտարարել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 110 հազար ստորագրություն ներկայացնելու մասին, սակայն հունիսի 30-ին ԿԸՀ-ն հայտնել էր, որ բոլոր ստուգումներից հետո Կանոպացկայայի մոտ մնացել է միայն 146 588 իրական ստորագրություն[20]։ 2020 թվականի հուլիսի 18-ին հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճերին՝ հայտարարելով․ «Որպես փորձառու և կայացած քաղաքական գործիչ՝ ես ոչ իրավունք, ոչ ցանկություն ունեմ մրցելու ակնհայտ ավելի թույլ ընդդիմախոսների հետ։ Ես շուտով դեռ ղեկավարելու եմ երկիրը»[21]։ Հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ Աննա Կանոպացկայան նախագահի գրանցված թեկնածուներից միակն էր, որը չի պատրաստվել հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ[22]։
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ օգոստոսի 9-ի ընտրություններում Կանոպացկայան ստացել է ընտրողների ձայների 1,68 %-ը՝ ընդամենը մոտ 98 հազար ձայն[16]։ Ընտրություններից հետո հայտարարել է Ազգային դեմոկրատական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին[23]։
Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Վադիմ Մոժեյկոն կարծում է, որ ընտրություններում Աննա Կանոպացկայան մրցակցել է ոչ թե գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այլ այլընտրանքային թեկնածուների հետ։ Մոժեյկոյի կարծիքով՝ Կանոպացկայի մարտավարությունն է «հայհոյել ոչ այնքան գործող իշխանություններին, որքան մյուս բոլոր թեկնածուներին»[24]։
2020 թվականի օգոստոսին Աննա Կանոպացկայան վաղուց ամուսնալուծված էր, ունեցել է երկու երեխա՝ որդի և դուստր։ Որդին 21-ամյա Ալեքսեյն է, որը Բելառուսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող է, իսկ դուստրը 18-ամյա Անաստասիան է, որը սովորում է Ավստրիայում[3][25][26][27]։