Աննա Հաավա էստ․՝ Anna Haava | |
---|---|
Ծննդյան անուն | էստ․՝ Anna Rosalie Haavakivi |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1864[1][2][3] |
Ծննդավայր | Կոդավեռե, Պալա, Յիգևամաա, Էստոնիա |
Վախճանվել է | մարտի 13, 1957[4][1][2][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Ռաադիի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի, ուսուցչուհի և բուժքույր |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Տարտուի քաղաքային դպրոց աղջիկների համար |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Ei saa mitte vaiki olla? |
Պարգևներ | |
Anna Haava Վիքիպահեստում |
Աննա Հաավա (ծնված՝ Աննա Ռոզալի Հաավակիվի, էստ․՝ Anna Rosalie Haavakivi, հոկտեմբերի 15, 1864[1][2][3], Կոդավեռե, Պալա, Յիգևամաա, Էստոնիա - մարտի 13, 1957[4][1][2][…], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի էստոնացի պոետ, գրող և թարգմանիչ, Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող։ Նա եղել է 1922 թվականի Էստոնայի գրողների միության հիմնադիր անդամներից մեկը։ 1930 թվականին նա արժանացել է Արծվի խաչի շքանշանի 3-րդ աստիճանի, 1935 թվականին՝ Էստոնայի Կարմիր խաչի շքանշանի 2-րդ աստիճանի, 1954 թվականին՝ Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող և «Պատվո նշան» շքանշանի։
Աննա Ռոզալի Հաավակիվին ծնվել է 1864 թվականի հոկտեմբերի 15-ին Կոդավեռե գյուղական շրջանում, որն այժմ Էստոնիայի արևելքում գտնվող Պեիպսիեեռե շրջանի մի մասն է[5]։ Հաավայի հայրը՝ Յոզեպ Հաավակիվին (1836-1891), 1860 թվականին ամուսնացել է Էստոնիայի Պունիկվերե գյուղից Սոհվի Յանաստի հետ[6]։ Աննան մեծացել է գյուղացիական ընտանիքում Հաավակիվիի ջրաղաց-ֆերմայում՝ իր ավագ քրոջ՝ Էլիզաբեթի (1860-1893) և կրտսեր եղբոր՝ Ռուդոլֆի (1870-ականներ -1950) հետ միասին[5]։ Ասում են, որ երբ հայրը ջութակ է նվագել, Աննան երգել է։ Նրա երաժշտականությունը հետագայում մեծապես ազդել է նրա պոեզիայի և գրվածքների վրա[6]։
1873 թվականին Աննա Հաավակիվին սկսել է իր պաշտոնական կրթությունը՝ 1880-1884 թվականներին հաճախելով Պատաստեի և Սաարե-Վանամուիսայի դպրոցներ, ինչպես նաև Էստոնիայի Տարտու քաղաքում գտնվող Հոֆմանի մասնավոր գերմանախոս դպրոց։ Նա ավարտել է Տարտուի գերմաներեն ուսուցմամբ աղջիկների բարձրագույն դպրոցը՝ տնային ուսուցչի դիպլոմով, որն այդ ժամանակ միակ բարձրագույն կրթությունն էր, որ հասանելի էր էստոնացի կանանց։ Հաավան սկսել է աշխատել որպես դաստիարակ Տարտուի մանկապարտեզում[5][6]։
Լեզուների տիրապետումը Հաավային օգնել է իր ողջ կյանքի ընթացքում, քանի որ Էստոնիայի պատմությունն իր հերթին ներառել է Ռուսական կայսրության ազդեցության, ազգային անկախության ձեռքբերման, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերի կողմից օկուպացիայի և Խորհրդային Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ին միանալու ժամանակաշրջանները[7]։
Այն ընթացքում, երբ Հաավան հաճախել է գերմանախոս դպրոց, նրան տրվել է «ավելի գերմանական հնչողությամբ» անուն՝ Աննա Ռոզալի Էսպենշտայն և սովորել է, թե ինչպես լինել լավ գերմանացի։ Բայց ավարտելուց հետո Աննան պնդել է վերականգնել իր ծննդյան ժամանակ ունեցած ազգանունը՝ Հաավակիվի, և վերսկսել է իր կյանքը որպես հայրենասեր էստոնացի կին[6]։ (Չնայած Աննային այսօր լայնորեն հիշում են Հաավա ազգանունով, դա նրա պաշտոնական ազգանունը չի դարձել մինչև 1939 թվականը[5]:)
Աննա Հաավան ակտիվ բանաստեղծ էր իր ողջ գիտակցական կյանքում՝ 22 տարեկանից մինչև խոր ծերություն։ 1886 թվականի ամռանը նա հրատարակել է իր առաջին բանաստեղծությունը Փոստիմեես (էստ․՝ «Postimees» — «Փոստատար») թերթում՝ էստոնացի հայտնի բանաստեղծուհի Լիդիա Կոյդուլայի մահից հետո։ Նրա հարգանքի տուրքը վերնագրվել է «Կոյդուլային» և ստորագրվել է «Էստոնացի աղջիկ»։ Այս ստեղծագործությունը Հաավայի բազմաթիվ բանաստեղծություններից առաջինն է, որ հայտնվել է տպագրության մեջ[5][6]։
Հաավայի առաջին երեք ժողովածուները՝ Luuletused I (Բանաստեղծություններ I) (1888), II (1890) և III (1897), պարունակում են ռոմանտիկ զգայուն երգեր, որոնց հիմնական թեման սերն է։ Հրապարակումից հետո Հաավայի պատանեկան բանաստեղծությունները ստացել են հանրային ջերմ ընդունելություն և բոլոր երեք հատորները վերահրատարակվել են մի քանի անգամ[5]։
Հաավան պատմություններ է հրատարակել ամսագրերում, կազմել է Peotäis tõtt աֆորիզմների ժողովածու («Մի բուռ ճշմարտություն», 1900)։ Նա իր մանկության տունը նկարագրող արձակ է գրել նաև Väikesed pildid Eestist («Էստոնիայի փոքրիկ նկարներ», 1911) վերնագրով գրքում[5]։
1906 թվականից սկսած՝ նա սկսել է արտադրել աշխատանքների ժողովածուներ, որոնք ցուցոադրում են ավելի քիչ ուրախ երանգ՝ սկսած Lained-ից («Ալիքներ»)։ Հաավան գրել է՝ դատապարտելով անարդարությունը, բռնությունը և էթնիկ խտրականությունը, և նրա քննադատությունը միայն սաստկացել է որոշ բանաստեղծական ժողովածուներում՝ Ristlained («Սրով ու խաչով», 1910) և Meie päevist («Մեր օրերից», 1920)։ Հաավայի պոեզիան էլ ավելի անհատական է դարձել Põhjamaa lapsed («Երեխաներ հյուսիսային երկրներից», 1913), Siiski on elu ilus («Այնուամենայնիվ կյանքը գեղեցիկ է») և Laulan oma eesti laulu («Ես էստոնական երգ եմ երգում», 1935) ժողովածուներում։ Նրա վերջին բնօրինակ բանաստեղծությունների ժողովածուն հայտնվել է 1954 թվականին[5]։
1922 թվականին Հաավան Էստոնայի գրողների միության հիմնադիր անդամներից մեկն էր[5]։
2006 թվականին հայտնվել է երկար ժամանակ չհրապարակված Mälestusi Laanekivi Manni lapsepõlvest («Հիշողություններ Լաանեկիվի Մաննի մանկության մասին») ձեռագիրը, իսկ 2008-ին լույս է տեսել նրա բանաստեղծական Luule («Բանաստեղծություններ») ժողովածուն, որ պարունակել է մինչև 700 բանաստեղծություն[5]։
Հաավան իր բանաստեղծություններից շատերին տվել է ուշագրավ երաժշտականություն, ինչը հեշտացրել է որպես երգերի տեքստեր դրանց հարմարեցումն այն երաժշտությանը, որ ստեղծվել է այն ժամանակ արդիական կոմպոզիտորների կողմից[5][8]։ Դեռ 1887 թվականին Սանկտ Պետերբուրգում սովորող երիտասարդ երգեհոնահար Միյնա Հյարման գրել է իր առաջին երգերը Հաավայի բանաստեղծությունների վրա, և այդ ժամանակից ի վեր Հաավայի ավելի քան 200 բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն է գրվել այլ կոմպոզիտորների կողմից։ Հաավայից ոգեշնչված որոշ երգեր հայտնի են դարձել տարածաշրջանային փառատոներում կամ վերածվել են ժողովրդական երգերի[5]։
1908 թվականին Հաավան նաև գրել է լիբրետո Արթուր Լեմբայի Lembitu tütar («Լեմբիտուի դուստր») օպերայի համար[5]։
Նրա աշխատանքները դեռ հայտնվում են տպագրությունում։ 2006 թվականին լույս է տեսել գերմանական երաժշտական պարտիտուրը՝ Kolm eesti laulu Anna Haava sõndele (1937-1940) (Երեք Էստոնական երգ Աննա Հաավայի համար) կամ Drei Lieder für eine Singstimme mit Klavierbegleitung nach Gedichten von Anna Haava (Երեք երգ մեկ ձայնի համար՝ դաշնամուրային նվագակցությամբ, Աննա Հաավայի բանաստեղծությունների հիման վրա), և դրա հեղինակները նշվել են որպես Գրեգոր Հոյեր և Աննա Հաավա[9]։
Որպես թարգմանիչ՝ Հաավան կարող էր գումար վաստակել՝ էստոնացի ընթերցողներին հասանելի դարձնելով օտար լեզուներով կարևոր գրականությունը, այդ թվում՝ Յ․ Վ․ Գյոթեի «Էգմոնտ»-ը, Ֆ. Շիլլերի «Վիլհելմ Տելլ»-ը, Հ. Հոֆմանսթալի «Էդիպ թագավոր»-ը, ՈՒ. Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ»-ը, Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները և այլն։ Հաավան թարգմանել է նաև հին դիցաբանության որոշ գործեր, ինչպիսիք են Ի.Կ. Անդրեի և Ռ. Շնայդերի «Greeka muinaskangelased»-ը (հին հունական հերոսներ) և Գ. Շալկի «Rooma muinaskangelased»-ը (հին հռոմեական հերոսներ)[5][6]։
Նրա սեփական բանաստեղծությունները լայնորեն թարգմանվել են, այդ թվում՝ ռուսերեն, ֆիններեն, շվեդերեն, հունգարերեն, գերմաներեն, իտալերեն, էսպերանտո, անգլերեն և այլ լեզուներով[6][10]։
Երիտասարդ տարիքում Աննան սկսել է երգել ժողովրդական երգչախմբում և սիրահարվել է Տարտուի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողի։ Նա ընդամենը 25 տարեկան էր, երբ նրա երկու ծնողներն ու երիտասարդ ուսանողը մեկ առ մեկ մահացել են։ Երկու տարի անց մահացել է նաև նրա միակ քույրը՝ Լիիզան[6]։
Նրա անձնական կյանքը փշուր-փշուր է եղել։ Նա մեկնել է Լայպցիգ, Գերմանիա՝ առողջությունը բարելավելու համար, այնուհետև մի քանի տարով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, որտեղ նա դարձել է բուժքույր և ուսուցիչ։ 1906 թվականին Հաավան վերադարձել է Էստոնիա՝ ապրելու Տարտուում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմից որոշ ժամանակ առաջ նա աշխատել է Postimees-ի («Փոստատար») խմբագրական խմբում։ Հետագայում նա աշխատել է որպես ազատ գրող և թարգմանիչ[6]։
Հաավան երբեք մեծ եկամուտ չի ունեցել։ 1920 թվականից նա իրավունք է ունեցել դիմելու կենսաթոշակ ստանալու համար, իսկ 1945 թվականին նրան անձնական կենսաթոշակ է նշանակվել[5][6]։
1954 թվականին Տարտու քաղաքը Տարտուի համալսարանի հանդիսությունների դահլիճում անց է կացրել բանաստեղծի 90-ամյակի տոնակատարությունը։ Միջոցառման շրջանականերում քաղաքում նրա անունով նաև փողոց է անվանակոչվել[5][6]։
Աննա Հաավան մահացել է Տարտուում 1957 թվականի մարտի 13-ին՝ 92 տարեկան հասակում և թաղվել է Ռաադի գերեզմանատան (էստ․՝ Raadi kalmistu) Մաարյա գերեզմանատան տարածքում։ Թաղման վայրը նշվում է նրա բանաստեղծություններից մեկը կրող քարով[5][6][8]։
2006 թվականին Էստոնիայի Յիգևամաա նահանգի Ասիկվեռե համայնքային կենտրոնում բացվել է Աննա Հաավայի Հիշատակի սենյակը[5]։
Որոշ հավաքածուներ[5]
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Հաավա» հոդվածին։ |
|