Կինոյում նրա առաջնելույթը 2003 թվականին էր. կինոռեժիսոր Հանս-Քրիստիան Շմիդը, որ Աննայի հետ ծանոթացել էր բեռլինյան «Haus der Sinne» ակումբում, նրան մի ոչ մեծ դեր առաջարկեց իր «Հեռավոր լույս» կինոնկարում։ Դրան հաջորդեցին նկարահանումները «Բեռլին, Բեռլին», «SOKO Լայպցիգ», «SOKO Վիսմար», «Կրիմինալիստը», «Քրեական բաժանմունք», «SOKO Շտուտգարտ» հեռուստասերիալներում։
Աննայի՝ որտես կինոդերասանուհու կարիերայում նշանակալից երևույթ էր գլխավոր հերոսուհու դերի կատարումը «Սիրո մանուկը» կինոնկարում (2005, ռեժիսոր՝ Ժանետա Վագներ). այդտեղ նա մարմնավորել է մի աղջկա, ով դառնում է ընտանիքից հեռացած իր իսկ կենսաբանական հոր սիրուհին[7]։ Այդ դերակատարումը երիտասարդ արտիստուհուն պարգևեց Մաքս Օֆյուլսի մրցանակ՝ լավագույն դեբյուտի համար։
Աննա Ֆիշերի ֆիլմագրությունն արդեն իսկ ներառում է քառասունից ավել կինոնկարներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ժողովրդականություն վայելող այնպիսի ֆիլմեր, ինչպես՝ «Թաքցված բառը» (2007), «Գործն արվա՛ծ է» (2007), «Խռովարարուհին» (2009), «Ամպը» (2006), «Սեր՝ պատի այն կողմում» (2009), «Գիշերվա համը» (2010).[8]: 2012 թվականին նա հնչյունավորել է Վանիլոպա ֆոն Կեքսին՝ «Ռալֆ» մուլտֆիլմի գերմանական տարբերակում[9]։
Ի լրումն կինոդերակատարումների՝ Ֆիշերը 2004 թվականից ի վեր «Պանդա» երաժշտախմբի առաջատար երգչուհին ու երգերի հեղինակն է։ 2007 թվականիմայիսին նա այդ խմբի հետ թողարկել է "Jeht kacken" սինգլը, որին հաջորդել է երաժշտական առաջին ալբոմը՝ Tretmine-ը[10]։ 2014 թվականիսեպտեմբերին խումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մի նոր EP-ի՝ Im Rudel-ի թողարկման և երկրորդ ալբոմի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին[11]։