Գյուղ | |||
---|---|---|---|
Անտառաշատ | |||
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Առաջին հիշատակում | 13-րդ դար | ||
Այլ անվանումներ | Տորթնի, Տորթն | ||
Մակերես | 16,48 կմ² | ||
ԲԾՄ | 1280 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 163[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | անտառաշատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Անտառաշատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Անտառաշատ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Տորթնի անունով։ Ենթադրվում է, Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների հետ։ Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր», «Տեր, աղոթիր», «Տուն օրհնե» բառակապակցություններից կամ տորտ (գինու կարասի տակի նստվածք, դիրտ) բառից։ Անտառաշատ է վերանվանվել 1949 թվականին։
Գտնվում է Աճանան լեռան հարավ-արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 1250-1300 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման հստակ տարեթիվ հայտնի չէ։ Մինչև 1949 թ. գյուղը կոչվում էր Տորթնի։ Տորթնի կամ Տորթն անունով Անտառաշատը հիշատակված է XIII դարից Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, համաձայն որի գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի Վանքին վճարում էր 26 միավոր հարկ՝ ամենաշատը Բաղքի գավառի գյուղերի վճարած հարկերի մեջ։ Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949 թ. հունիսի 29-ի հրամանագրով։
Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում կար կոլտնտեսություն, այնուհետև Անտառաշատն ընդգրկված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհտնտեսության կազմում։ 1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ։ 1991 թ. հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղական խորհուրդը։ 1991-1993 թթ. Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհում, որից օգտվեց 48 տնտեսություն (1.3 հա մեկ հողաբաժնի չափով)։ Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ, Անտառաշատը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ։ 2008 թ. նոյեմբերի 13-ից Անտառաշատի գյուղական համայնքի ղեկավարն է Արսեն Դավթյանը։
Գյուղի բնակիչները տարբեր ժամանակներում մասնակցել են 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմին, 1939-1945 թվականներին տեղի ունեցած Երկրորդ համաշխարհային պատերազմին, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին։
Տորթնի գյուղից Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության կողմից մասնակցել է 30 հոգի, որից 20-ը զոհվել է։ Արցախյան ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված այնպես էլ ծագումով անտառաշատցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը զոհվել են։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Անտառաշատի մշտական բնակչությունը կազմել է 163, առկա բնակչությունը՝ 114[2]։ Գյուղը հիմնականում բնակեցված է եղել հայերով։ 19-րդ դարի վերջում ապրել են նաև ադրբեջանցիներ[3][4]։ Ստորև ներկայացված է Անտառաշատ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 16 | 277 | 197 | 208 | 167 | 106 | 78[5] | 131[6] | 163[2] |
Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Երևան, 1986 թ.) 1932-1980 թթ. Անտառաշատում գործել է դպրոց (տարրական, յոթնամյա)։ Կա դպրոցի տիպային շենք։ Այսօր դպրոցը չի գործում։ Դպրոցական տարիքի երեխաները սովորում են հարևան Օխտար գյուղի միջնակարգ դպրոցում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառաշատ (Սյունիքի մարզ)» հոդվածին։ |
|