Աշխատանք տանից (խարդախություն), (անգլ.՝ work-at-home scheme, հայտնի է նաև որպես ծրարների լցոնում, անգլ.՝ Envelope stuffing), արագ հարստանալու սխեմա, որում զոհը գայթակղվում է տնից աշխատելու, հեշտ աշխատանք կատարելու և ծախսած նվազագույն ժամանակի համար առավելագույն գումար ստանալու հնարավորությամբ։ Խաբեբայի իրական նպատակը զոհից գումար կորզելն է՝ փող գանձելով աշխատանք սկսելու հնարավորության համար կամ ստիպելով զոհին գումար ներդնել ապրանքների մեջ, որոնց գինը չափազանցված է։ Խարդախը միշտ չէ, որ գործում է որպես գործատու, նա կարող է լինել տնային աշխատատեղերի մասին տեղեկություններ վաճառող[1][2]։
Նման առաջարկների մեծ մասը տարածվում է համացանցի միջոցով, քանի որ դա թիրախային լսարան գրավելու էժան միջոց է՝ կեղծ գործատուին թողնելով անանունությունը պահպանելու հնարավորություն։ Համացանցում հավանական զոհը աշխատանքի առաջարկի օրինականությունը ստուգելու շատ ավելի քիչ հնարավորություն ունի[2][3][4]
Աշխատանք տանից խարդախության առաջին տեսակը այսպես կոչված «ծրարների լցոնումն» էր, որը հայտնվեց ԱՄՆ-ում Մեծ ճգնաժամ ընթացքում։ Այն սկսվեց նրանից, որ պոտենցիալ տուժողը նամակ էր ստանում՝ կից թռուցիկով։ Թռուցիկում ասվում էր, որ նա կարող է աշխատանք ստանալ՝ լցոնելով ծրարները՝ յուրաքանչյուր լրացված և փոստով ուղարկված ծրարի համար վաստակելով 2 դոլար։ Աշխատանք ստանալու համար պետք էր 2 դոլար ուղարկել թռուցիկ ուղարկողին։ Ի պատասխան՝ տուժողը նամակ էր ստանում, որում ցուցում էր տրված՝ գումար վաստակել նմանատիպ նամակներ ուղարկելով[5]։
Երկրները պայքարում են նման սխեմաների դեմ։ 2006 թվականին ԱՄՆ-ում Առևտրի դաշնային հանձնաժողովի նախաձեռնությամբ գործարկվեց «Կեղծ հույսի նախագիծը» ( անգլ.՝ Project FAL$E HOPE$), որի խնդիրներից մեկն է պայքարել «տնից աշխատանք» սխեմաների դեմ։ Որպես այս նախագծի մաս, ավելի քան 100 հարկադիր գործողություններ են իրականացվել Առևտրի դաշնային հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության նախարարության, Միացյալ Նահանգների փոստային ծառայության և իրավաբանական գործակալությունների կողմից տասնմեկ նահանգներում։ Այնուամենայնիվ, 2007 թվականին, 2,5 միլիոն ամերիկացիներ (երկրի բնակչության մոտավորապես 1%-ը) դարձել են նման խարդախությունների զոհ, որոնցից շատերը մի քանի անգամ[1][4]։
Յուրաքանչյուր ոք, ով փնտրում է տանից աշխատելու հնարավորություն, պետք է ուշադիր ընտրի առաջարկները։ Վտանգը կայանում է կեղծ առաջարկների չափազանց տարածվածության մեջ, ինչպես հաստատվեց, օրինակ, 2009 թվականին ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությամբ, ըստ որի տնային աշխատանքի 42 առաջարկներից միայն մեկն է համարվում օրինական։ Օրինական աշխատատեղերի մեծ մասը պահանջում էր արտադպրոցական կրթություն, օրինակ՝ քոլեջի կամ մասնագիտական դպրոցի դիպլոմ, վկայական, ինչպես նաև աշխատանքային փորձ։ Շատ օրինական տանից աշխատելու տարբերակներ պահանջում էին որոշակի ժամանակ անցկացնել գրասենյակում[6]։ Staffcentrix-ի կողմից իրականացված 5000 առաջարկների ուսումնասիրությունը ցույց տվեց օրինական առաջարկների և կեղծ առաջարկների հարաբերակցությունը 1-ը 54-ի[7]։
Տանից աշխատանքի հնարավոր առաջարկների ցանկը վերջնական սահմանված չէ։ Երբ տնից աշխատելու որոշ առաջարկներ այլևս չեն աշխատում, խաբեբաները փորձում են այլ տարբերակներ[8]։
Ամենատարածված խաբեություններից մեկի դեպքում տուժողին խնդրում են ձեռքի աշխատանք կատարել տանը։ Սա աշխատանք է արդյունաբերական արտադրանքի արտադրության վրա՝ մոմեր, կոճակներ, ճարմանդներ, խճանկարներ, բժշկական սարքավորումներ, խաղալիքներ, սանտեխնիկա, աքսեսուարներ և այլն։ Հաճախ, ամբողջ արտադրական գործընթացը հանգում է գործատուի կողմից տրամադրված նյութերից արտադրանք ստեղծելու ամենապարզ գործողություններին։ Այս սխեմաներից ամենատարածվածն են ծրարների կնքումը կամ լցոնումը, պիտակներ կտրելը, դրոշմանիշները սոսնձելը կամ կտրելը, գրասենյակային պարագաների (սովորաբար գրիչների) հավաքումը, նվերների փաթեթավորումը և այլն։
Կան սխեմաներ, որոնք առաջարկում են ակնհայտ անիմաստ աշխատանք, օրինակ՝ ուլունքները դասավորել ըստ գույնի։ Նման բոլոր սխեմաների ընդհանուր հատկանիշը աշխատանք սկսելուց առաջ ինչ-որ բանի համար վճարելու պահանջն է։ Տուժողից կարող են գանձել գումար՝ որպես ավանդ նյութերի, ուսուցման կամ հրահանգների, նյութերի առաքման համար կամ որպես տուժողի «լուրջ մտադրության» ապացույց։ Տուժողին հայտնում են, որ ծախսված գումարը կվերադարձվի առաջին աշխատավարձով/վճարով։ Հենց այդ վճարման անդորրագիրը խարդախի նպատակն է, նա հետաքրքրված չէ աշխատանքի արդյունքներով, այսինքն՝ նրան պետք չեն արտադրված ապրանքները։ Տուժողին վաճառվող հումքը հաճախ թանկ է լինում։ Եթե տուժողը դիմի խաբեբաների՝ ապրանքը փողի հետ փոխանակելու համար, նրան կպատասխանեն, որ ապրանքը չի համապատասխանում դրա համար նախատեսված բոլոր պահանջներին (կամ ընկերությունը ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունի և այլն)։ Հաճախ է պատահում, որ խարդախն անհետանում է՝ տուժողին հնարավորություն չտալով հանձնել արտադրված ապրանքը, կամ նույնիսկ չտրամադրելով այն արտադրության միջոցները, որոնց համար վճարել է։ Չի կարելի բացառել թերի կամ գողացված նյութերի ձեռքբերման հնարավորությունը։ Արդյունքում աշխատողը մնում է արտադրված արտադրանքի մոտ և առանց գնորդի[4][9][10][11] [12] [13]։
Խարդախության սխեմայի օրինակ է, երբ տնային աշխատանքի համար դիմորդին առաջարկվում է մոմեր պատրաստելը։ Զանգահարելով գովազդում նշված հեռախոսահամարին՝ տուժողը հնարավորություն է ստանում լսել ինքնապատասխանիչի հաղորդագրությունը, որը նրան հուշում է, թե որտեղ և երբ պետք է գա աշխատանքի ընդունվելու համար։ Հավակնորդներին ասում են՝ ինչ աշխատանք է, առաջարկում են վճարովի վերապատրաստում անցնել՝ խոստանալով, որ պայմանագիր կկնքվի։ Հաջորդիվ խաբեբան անցկացնում է ուսուցում, ապա առաջարկում է պայմանագիր կնքել, որում միայն նշվում է, որ դիմորդը վճարում է արդեն տեղի ունեցած վերապատրաստման համար, և ոչինչ չի ասվում ապագա աշխատանքի համար վճարման երաշխիքների մասին։ Պայմանագիրը կնքելուց հետո տուժողից գանձվում է մոմերի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի գումարը։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո տուժողը վերադառնում է պատրաստի մոմերով, սակայն նրան ասում են, որ մոմերը թերի են, և անհրաժեշտ է աշխատանքը նորից կատարել՝ գնելով նոր նյութեր։ Տուժողը կարող է մի քանի անգամ կրկնել աշխատանքը, նույնիսկ կարող է ընդունել արտադրված ապրանքի մի մասը, բայց արդյունքում ավելի շատ գումար է ծախսվում, քան վաստակն է[12]։
Կան խաբեություններ, որոնք կապված են համացանցով համակարգչային աշխատանքի հետ։ Նման սխեմաների իմաստը կարող է բավականին բազմազան լինել։
Սխեմաներից մեկում հեշտ փող փնտրողին առաջարկվում է աշխատանք՝ էլեկտրոնային պատկերները տեսակավորելու համար։ Պոտենցիալ զոհին տրվում են հրահանգներ, թե ինչպես տեսակավորել պատկերները (օրինակ՝ պատկերները թղթապանակներում դնել ըստ թեմատիկայի), և ասում են, որ սկսելու համար նրանք պետք է գումար վճարել պատկերներով սկավառակի և փոստային առաքման համար։ Վճարումից հետո զեղծարարը խզում է շփումը։ Նույնը վերաբերում է համացանցում տեղեկատվության որոնմանը։ Միակ տարբերությունն այն է, որ պատկերները տեսակավորելու փոխարեն տուժողից պահանջվում է ինտերնետում փնտրել որևէ թեմայի վերաբերյալ տեղեկատվություն և պահանջվում է վճարել հրահանգներով սկավառակի համար[10]։
Կան սխեմաներ, որտեղ տուժողը պետք է որոշ գործողություններ կատարի համացանցում։ Սրանք սխեմաներ են, որոնք ներառում են վճարումներ սեղմումների համար, մասնակցել առցանց հարցումներին և դիտել սպամ։
Սպամի տարածման հետ կապված խարդախությունն իր իմաստով նման է ծրարների լցոնման սխեմային։ Էլեկտրոնային փոստով ստացված ցուցումներում նման աշխատանքի համար դիմողին խնդրվում է գովազդային հաղորդագրություններ թողնել բոլոր առցանց ֆորումներում և վաճառել այդ հրահանգները մյուս տուժածներին[5]։
Էլեկտրոնային վճարային համակարգի (օրինակ՝ Webmoney) օպերատորի գործը, ըստ գովազդի, նշված էլեկտրոնային հաշվին եկող գումարը մեկ այլ էլեկտրոնային հաշիվ փոխանցելն է։ Խարդախ գործատուն կդադարեցնի կապը, երբ ստանա տուժողից իր պահանջած գումարը՝ որպես նրա մտադրությունների լրջության երաշխիք։ Նման վճարների հավաքագրումը շատ սխեմաների անբաժանելի մասն է։ Դրանք ներառում են սխեմաներ, որտեղ առաջարկվում է տեքստ մուտքագրել ձայնային ֆայլերից կամ սկանավորված փաստաթղթերից, թարգմանել տեքստ օտար լեզվից (գովազդում կարող է ասվել, որ դրա համար անհրաժեշտ չէ լեզուն իմանալ, բավական կլինի օգտագործել ավտոմատ թարգմանիչ և ուղղել ստացված տեքստը), կամ պարզապես ուղղել տրված տեքստի սխալները։ Վճարման պահանջը կարող է բացատրվել նրանով, որ աշխատանքն ապահովող ընկերությունը վնասներ է կրում անբարեխիղճ աշխատողներից, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները, և, հետևաբար, ստիպված է իրեն պաշտպանել այդ կերպ։ Սակայն տեքստային աշխատանքի հետ կապված առաջարկները միշտ չէ, որ խաբեություն են[9][16] [17] [18] [19]:
Կան սխեմաներ, որոնք ներառում են տնային աշխատանք համակարգչով, որտեղ խարդախ գործատուն կարող է հետաքրքրված լինել ոչ միայն տուժողի փողերով, այլև նրա աշխատանքի արդյունքներով։ Նման սխեմաներում խաբեբաները փորձում են խաբել ֆրիլանսերներին՝ թարգմանիչներին, պատճենահանողներին, ծրագրավորողներին, լրագրողներին, գրողներին և բոլոր նրանց, ում աշխատանքը հնարավոր է կատարել հեռակա կարգով։ Խարդախը կարող է պարզապես չվճարել, ստանալով տուժողի աշխատանքի արդյունքները, նա կարող է աշխատակցին տալ թեստային առաջադրանք («Հնարավոր է՝ դուք անգրագետ եք, պետք է ստուգենք ձեր հմտությունները») և արդյունքները ստանալուց հետո անհետանա։ Պատահում է, որ խարդախը աշխատանքը բաժանում է մասերի և բաշխում տնային աշխատանքի դիմողների միջև՝ պնդելով, որ սա աշխատանքի ընդունման համար անհրաժեշտ թեստային առաջադրանք է։ Այն բանից հետո, երբ տուժողները, կատարելով առաջադրանքը, վերադարձնում են իրենց աշխատանքի արդյունքները կեղծ գործատուին, նրանց ասվում է, որ աշխատանքը վատ է կատարվել, ուստի թեկնածուն «հարմար չէ» կամ նման այլ բան։ Այս կերպ կարելի է ստեղծել կայքեր, գրքեր, հոդվածներ, ֆիլմերի սցենարներ, հեռուստասերիալներ և համակարգչային խաղեր և այլն, պարզվում է, որ ամբողջ գործն արել են տուժողները, իսկ աշխատանքի արդյունքը պատկանում է խարդախին, իսկ տուժածները իրենց աշխատանքի դիմաց փոխհատուցման հնարավորություն չունեն[20] [21]:
Սխեմաներից մեկը գրաֆիկական խմբագրիչում սև և սպիտակ գծագրերը գունավորելու առաջարկն է։ Սկսելու համար հարկավոր է վճարել անգույն նկարներով սկավառակի համար։ Տուժողը կստանա սկավառակը, բայց նրան չեն վճարի կատարված աշխատանքի համար. կարող են պատասխանել, որ նա ստեղծագործական մտածողություն չունի, որ աշխատանքը սխալ է կատարվել, կամ ընդհանրապես կապի դուրս չգան[22]։
Համացանցում կան գովազդներ, որոնք գումար են առաջարկում նկարներից նիշեր մուտքագրելու համար (captchas): Այս դեպքում խարդախին հետաքրքրում են իր աշխատանքի արդյունքները. captcha-ների ներդրումը թույլ է տալիս հատուկ ծրագրերին ավտոմատ կերպով գրանցվել կայքերում՝ սպամի և վիրուսների հետագա տարածման համար։ Տուժողը, որպես կանոն, գումար չի ստանում։ Նրան կարող են շատ քիչ վճարել կամ հաշիվը արգելափակել առանց բացատրության[23]։
Կան սխեմաներ, որոնք աշխատում են հեռախոսով։ Աշխատանքը ներառում է հեռախոսազանգեր՝ պասիվ վաճառքները մեծացնելու կամ այնպիսի ապրանք կամ ծառայություն վաճառելու համար, որը դժվար կամ անհնար է վաճառել։ Սա հաճախ կապված է ցանցային շուկայավարման սխեմաների հետ։ Ապրանքը վաճառելուց հետո խարդախ գործատուն անհետանում է առանց աշխատավարձ վճարելու, տուժողը ստիպված է լինում գործ ունենալ խաբված հաճախորդների և իրավապահ մարմինների հետ։ Տուժողից կարող է գանձվել նաև «տրամադրված համարի» կամ «աշխատողի վկայականի» վճար[24]։
Գոյություն ունի սխեմա, որով տնային աշխատանքի դիմորդին գումար են առաջարկում փոստով փաթեթ ստանալոու և նա այն նշված հասցեով ուղարկելու համար։ Ծանրոցը փոխանցելով՝ տուժողը դառնում է հանցակից, քանի որ նման ծանրոցները պարունակում են գողացված ապրանքներ։ Այս դեպքում հանցագործի նպատակը ոչ թե գումար շորթելն է, այլ գողացված գույքը անվտանգ ճանապարհով տեղափոխելու հնարավորություն ձեռք բերելը[8]։
Ամենապարզ խաբեությունն այն է, երբ աշխատանքի նպատակը տուժողին ընդհանրապես չի նեկայացվում։ Գովազդում միայն ասվում է, որ ինչ-որ կազմակերպություն իբր տնից բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում, և դրա մասին տեղեկություն ստանալու համար պետք է որոշակի գումար փոխանցել որոշակի հաշվեհամարին։ Տուժողը պատասխան չի ստանում. Խարդախության մեկ այլ տարբերակում զոհին խնդրում են զանգահարել անվճար հեռախոսահամարով «ավելի մանրամասն տեղեկությունների համար»[25]։
Տնային աշխատանք փնտրողներից երբեմն պահանջվում է գնել աշխատանքի առաջարկների ցուցակը։ Սովորաբար սա այն ընկերությունների պատահական ցանկն է, որոնք ընդհանրապես կարիք չունեն նման աշխատողների կամ պահանջարկը եղել է շատ վաղուց։ Խարդախները կարող են նաև օգնություն առաջարկել տանը սեփական բիզնես սկսելու հարցում[5]։
Տուժողին կարող են առաջարկել այսպես կոչված «բիզնես փաթեթներ» (հայտնի են նաև որպես «համալիրներ»), այսինքն՝ գաղափարներ տնային բիզնես սկսելու համար։ Բիզնես գաղափարների բազմազանությունը սահմանափակվում է միայն խարդախի երևակայությամբ, մասնավորապես, դրանք կարող են լինել ինտերնետում փող աշխատելու գաղափարներ կամ շինանյութերի արտադրության տնային տեխնոլոգիաներ, գորգեր, ապակու մշակում և այլն։ Սովորաբար, նման փաթեթների վաճառողը պնդում է, որ ինքը ցանկանում է ալտրուիստական նկատառումներից ելնելով («Ես հոգնել եմ ինձ համար ամեն ինչից. ժամանակն է նաև մարդկանց օգնել»)։ Գովազդում խիստ ընդգծվում է կոնկրետ առաջարկի արդյունավետությունը՝ համեմատած նմանատիպ այլ առաջարկների հետ («Չեմ ուզում պարծենալ, բայց տարբեր բիզնես փաթեթներ, էլեկտրոնային դասագրքեր. ընդհանրապես, այն ամենը, ինչ առաջարկվել է ինտերնետում, ուղղակի անհեթեթություն է համեմատած իմ առաջարկի հետ»)։ Գնումներ կատարելուց հետո տուժողը հայտնաբերում է, որ գնել է «կեղծիք» կամ հրահանգներ, թե ինչպես սկսել բիզնես՝ վաճառելով «բիզնես փաթեթներ»։ Գնված ձեռնարկը կարող է նշել, որ սա ձեռնարկի միայն առաջին մասն է, և որ մնացած մասերը պետք է գնել առանձին, սովորաբար ավելի բարձր գնով։ Մյուս տարբերակն այն հայտարարությունն է, որ հաջորդ փաթեթը ձեռք բերելով եկամուտը կավելանա։ Միանգամից մի քանի փաթեթ գնելու դեպքում կարող են զեղչեր առաջարկել՝ միաժամանակ պատրանք ստեղծելով, որ նման քայլը շահավետ է։ Իրականում տուժողը ոչինչ չի սովորում այնպիսի ուղեցույցներից[2][22][26][27]։
Օրինակ՝ առաջարկվում է սկսել ելակ աճեցնել։ Այս բիզնեսի գովազդը պնդում է, որ կա մի միջոց, որով դուք կարող եք ամբողջ տարին տանը ելակ աճեցնել՝ ստանալով մեծ բերք, որը կարելի է վաճառել զգալի գումարով։ Որոշակի գումար վճարելով տեսահոլովակով ուսուցման համար՝ տուժողը լավագույն դեպքում ստանում է ջերմոցային պայմաններում ելակ աճեցնելու վերաբերյալ խորհուրդների հավաքածու։ Իրականում անհնար է առևտրային մասշտաբի բերք ստանալ՝ ելակը տանը աճեցնելով։ Նույնը վերաբերում է արքայախնձորներին, խոլորձներին և շատ այլ բույսերին[28] [29]:
Կան մի քանի նշաններ, որոնք կարող են օգնել հեշտությամբ տարբերելու կեղծ առաջարկը իրականից։
Կեղծ և իրական առաջարկների հիմնական տարբերությունն այն է, որ կեղծ առաջարկների դեպքում աշխատողից պահանջվում է վճարել գործատուին ինչ-որ բանի համար։ Փող շորթելու մեթոդները կարող են լինել շատ բազմազան, իսկ պահանջվող գումարները կարող են լինել փոքր։ Գովազդում կարող է ասվել, որ գործատու ընկերությունն իբր կորցնում է գումարը անբարեխիղճ աշխատողների պատճառով, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները, և, հետևաբար, ստիպված է լինում «խորհրդանշական» կանխավճար վերցնել՝ որպես աշխատողի «մտադրությունների լրջության» հաստատում։ Հաղորդվում է, որ ավանդը կվերադարձվի առաջին աշխատավարձով/վճարով։ Եթե խոսենք ձեռքի աշխատանքի մասին (ծրարներ կնքել, փուչիկներ տեսակավորել, մոմեր պատրաստել և այլն), ապա աշխատակցից գանձվում են նյութերի արժեքը, մինչդեռ դրանց գինը ուռճացված է և վերադարձի պայմանները նշված չեն։ Վճարները կարող են կիրառվել նաև վկայականների, հավաստագրերի, բարձրարժեք առաջարկների, հրահանգների, ձեռնարկների, տեսանյութերի, թեստավորման, դիմումի ձևերի կամ աշխատանքի տեղավորման օգնության համար։ Կազմակերպությունները, որոնք իրականում մատուցում են աշխատանքի տեղավորման ծառայություններ, գումար են գանձում միայն հաճախորդի համար աշխատանք գտնելուց հետո, օրինակ՝ որպես առաջին աշխատավարձի մաս։ Խարդախը կարող է բազմիցս փող շորթել՝ օգտագործելով տարբեր պատրվակներ։ Իրական գործատուն երբեք գումար չի պահանջի աշխատանք սկսելու հնարավորության համար[9] [10][17][30] [31]:
Կեղծ առաջարկների նպատակն է հնարավորինս շատ զոհեր ներգրավել։ Նման գովազդներում աշխատողի տարիքի, փորձի կամ որակավորման պահանջներ չկան։ Նշված չէ պաշտոնը, պարտականությունների շրջանակի մասին տեղեկություն, նշվում է միայն այն, որ աշխատանքը տնային է։ Այս գովազդներում նախ նշվում է աշխատանքի իմաստը և դիմողին ներկայացվող անհրաժեշտ պահանջները, նոր միայն ասվում է, որ աշխատանքը կարելի է կատարել հեռակա կարգով։ Նույնիսկ գովազդում «աշխատանք տնից» արտահայտության առկայությունը կարմիր դրոշակ է, քանի որ դա աշխատանքի անվանում չէ։ Կեղծ առաջարկները պոտենցիալ զոհին խոստանում են լավ եկամուտ, մասնավորապես, դրանք կարող են լինել բարձր աշխատավարձի խոստումներ։ Խոստումների ծավալը կախված է օրինակ այն հանգամանքից, թե որ երկրի բնակիչներին է ուղղված գովազդը։ Իրական գործատուն կվճարի աշխատավարձ, որը կհամապատասխանի աշխատողի որակավորմանը և կրթության մակարդակին, ինչպես նաև կատարած աշխատանքի բարդությանը։ Նա մեծ գումար չի վճարի այնպիսի պարզունակ աշխատանքի համար, ինչպիսին է պիտակները կտրելը կամ ծրարները կնքելը։ Եթե գովազդը խոսում է բարձր եկամտաբեր տնային բիզնեսի մասին, ապա հարցեր են առաջանում, թե Ինչու է ոմն մեկը ցանկանում արժեքավոր գաղափարով կիսվել պոտենցիալ մրցակիցների հետ։ Աշխատանքը, որն առաջարկում են խաբեբաները, հաճախ շատ նման չէ այն աշխատանքին, որի համար ինչ-որ մեկը պատրաստ է գումար վճարել։ Օրինակ՝ ձեռքով պատրաստել մի բան, որը սովորաբար պատրաստվում է մեքենայացված տարբերակով[7] [31][32][33]: Խաբեբաների գովազդը կարող է լինել զգացմունքային, պարունակել ամբողջությամբ մեծատառերով կազմված նախադասություններ և պարունակել բազմաթիվ բացականչական նշաններ։ Դրանք կարող են պարունակել բազմաթիվ քերականական, ուղղագրական և ոճական սխալներ, ինչը բնորոշ չէ իրական գովազդին։ Դրանք դրված են այնպես, որ շատերը տեսնեն՝ ի տարբերություն իրականների, որոնք ուղղված են միայն որոշակի որակավորում ունեցողներին։ Իրական գործատուին անսահմանափակ թվով աշխատողներ պետք չեն, որոշակի պաշտոնի համար որոշակի հմտություններով աշխատող է պետք։ Կեղծ առաջարկները տարածվում են այնիսի եղանակներով, որոնք հեղինակավոր գործատուն չի օգտագործի։ Սրանք թռուցիկներ են ցանկապատերի վրա, սյուների վրա, տների պատերին, թերթերում անվճար գովազդի, փողոցներում այցեքարտերի բաշխում։ Այս առաջարկների մեծ մասը տարածվում է համացանցի միջոցով։ Հաղորդագրություններ են, որոնք մեծ քանակությամբ հրապարակված են տարբեր առցանց ֆորումներում։ Դրանք տեղադրվում են հատուկ ստեղծված կայքերում և հասնում են սպամի տեսքով։ Խարդախության կայքերը հաճախ բաղկացած են ընդամենը մի քանի էջից։ Տարօրինակ է, եթե գործատուն, որն իր կայքում թափուր աշխատատեղի հայտարարություն է տեղադրել, հայտարարությունում չի գրում, թե որն է առաջարկվող աշխատանքի նպատակը, այլ պատրաստ է դա բացատրել յուրաքանչյուր դիմորդին առանձին։ Չափազանց միջամտող գովազդը, օրինակ՝ թռուցիկ պատուհանների տեսքով (pop-up), որոնք հայտնվում են, երբ փորձում եք փակել գործատուի կայքը, խաբեության նշան է[18] [19][33] [34][35]: Խարդախության բացահայտման կարևոր քայլերից մեկը աշխատանքային տարածք տրամադրող կազմակերպության օրինականության ստուգումն է։ Խարդախ կազմակերպությունները տրամադրում են կոնտակտային տեղեկությունների նվազագույն քանակ։ Շատ հաճախ նրանց գովազդները տրամադրում են միայն բջջային հեռախոսահամար կամ էլփոստի հասցե։ Ընկերության մշտական իրավաբանական հասցեի, ֆիքսված հեռախոսի և այլ մանրամասների կամ կայքի բացակայությունը խարդախության նշաններ են։ Կայքի, գրասենյակի կամ հեռախոսահամարի բացակայությունը կարող է բացատրվել նրանով, որ ընկերությունը փորձում է գումար խնայել։ Եթե կեղծ գործատուից խնդրեք տեղեկություններ տրամադրել ընկերության մասին, նա կդադարեցնի կապը կամ նրա արձագանքը կլինի անբավարար։ Խարդախության կայքերը հաճախ տեղակայված են անվճար հոսթինգում, իսկ էլ.փոստը անվճար տիրույթներում է։ Այնուամենայնիվ, նույնիսկ վերը նշված բոլոր նշանների բացակայությունը հաստատուն երաշխիք չէ։ Կարևորն այն է, թե որքանով է հայտնի ընկերությունը։ Քիչ հայտնի ընկերությունը չունի հաճախորդների բազա, որը թույլ կտա բարձր աշխատավարձ վճարել իր աշխատակիցներին։ Իրական գործատուն չի խնդրի պատասխան ուղարկել այն հասցեին, որը չի համընկնում այն հասցեի հետ, որտեղից եկել է նամակը, նրա կայքը կենտրոնացած է հաճախորդների ներգրավման վրա, ոչ թե աշխատողների, նա չի տրամադրի առատաձեռն սոցիալական փաթեթ սկսնակների համար[19][33][36]։
Շատ խաբեբաներ, որոնք առաջարկում են հեռավար աշխատանք, աշխատանքի դիմողին հարցնում են, թե արդյոք նա կարող է գալ գրասենյակ անձնական զրույցի համար։ Եթե դիմորդը պատասխանում է, որ չի կարող, քանի որ այլ քաղաքում է, ապա նրան տեղեկացնում են, որ դա նշանակություն չունի, և նա դեռ կարող է սկսել աշխատանքը։ Եթե դիմորդը պատասխանի, որ կարող է, ապա կեղծ գործատուն կփորձի խուսափել հանդիպումից (այն պատճառով, որ կարող է գրասենյակ չունենալ)։ Գործատուի պատրաստակամությունը իր տարածքում անձամբ հանդիպելու աշխատանքի դիմողի հետ, խարդախության բացակայության նշաններից մեկն է։
Կեղծ գովազդները բացահայտելու հեշտ միջոց կա՝ պետք է որոնողական համակարգում մուտքագրել թափուր աշխատատեղը տրամադրող կազմակերպության անունը և ստուգել, թե ինչ է գրված դրա մասին համացանցում։ Կան ռեսուրսներ, որոնք պահպանվում են խաբված մարդկանց կողմից, որոնք տեղեկատվություն են հավաքում խարդախ գործատուների մասին։ Այնուամենայնիվ, ստուգման այս մեթոդը նույնպես անվստահելի է։ Քանի որ մրցակիցները կարող են բացասական կարծիքներ գրել բարեխիղճ ընկերության մասին։ Չնայած որոշակի անհուսալիությանը, ստուգման այս մեթոդը, որպես կանոն, բավականին արդյունավետ է[37]։
Հաճախ խաբեբաները նախընտրում են գումար ստանալ ոչ թե կանխիկ, այլ էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով։ Կան սխեմաներ, որոնք տուժողին առաջարկում են SMS ուղարկել վճարովի (նաև կարճ) համարին։ Նման խնդրանքը խարդախության հստակ նշան է։
Խարդախության բացակայության անհրաժեշտ, բայց ոչ բավարար նշան է պատշաճ կերպով կատարված աշխատանքային պայմանագիրը, որը նախանշում է աշխատողի և գործատուի բոլոր պարտականությունները։ Ենթադրվում է, որ այս պայմանագրում հստակ նշված կլինի գործատուի անունը, կողմերի պարտավորությունները չկատարելու համար փոխադարձ պարտականությունների և պատասխանատվության շրջանակը, վարձատրության չափը և դրա վճարման պայմանները։ Հաճախ խարդախը պայմանագիր է կնքում, բայց ոչ աշխատանքային, այլ առքուվաճառքի պայմանագիր (եթե նյութերը վաճառվում են աշխատակցին) կամ վերապատրաստման (եթե աշխատողից գումար է վերցվում ուսուցման դիմաց)։ Եթե աշխատանքը ներառում է ձեռքի աշխատանք, ապա պատրաստի արտադրանքի վաճառքի երաշխիքի բացակայությունը կամ խոտան նոյթերի վերադարձի հնարավորությունը գործատուին խարդախության նշան է[13][33]։ Ընդհանրապես, այն առաջարկը, որն անհավանականորեն լավն է, իսկապես իրական չէ[38]։
Այս գովազդը մի քանի նշաններ ունի, որով ակնհայտ խաբեություն է։ Այն չի պահանջում աշխատողի որակավորումը, տարիքային պահանջները շատ մեղմ են։ Միակ կոնտակտային տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի հասցեն է, որը գտնվում է անվճար Gmail տիրույթում։ Վերնագրում նշված է, որ աշխատանքը տանից է, բայց բուն աշխատանքի բոնւյթի մասին կոնկրետ տեղեկություններ չկան։ Ընկերության գրասենյակի հասցեն նշված չէ, միայն այն քաղաքը, որտեղ այն ենթադրաբար գտնվում է։ Այդ վայրերում նշված ժամանակահատվածի համար, որին վերաբերում է հայտարարությունը, հայտարարագրված աշխատավարձը բավականին բարձր է եղել հատկապես համատեղությամբ աշխատանքի համար[36][39]։
Որպեսզի տնային աշխատանքի դիմորդին համոզեն կամավոր կերպով փող վճարել, խաբեբաները օգտագործում են մանիպուլյացիայի մեթոդներ, որոնք նախատեսված են քննադատական մտածողության կարողությունը նվազեցնելու համար։
Ամենատարածված տեխնիկան ուղղված է այն մարդկանց, ովքեր ցանկանում են հեշտությամբ և արագ հարստանալ։ Տուժողին առաջարկվում է մեծ գումարներ աշխատելու հնարավորություն՝ շատ ավելին, քան նա սովոր է վաստակել՝ առանց էական ջանք գործադրելու։ Շատ հաճախ նման խոստումները կտրուկ նվազեցնում են տուժողի՝ իրավիճակը սթափ վերլուծելու կարողությունը[2] [40][41]: Հաճախ պատրանք է ստեղծվում, թե թեկնածուն շատ մրցակիցներ ունի կամ ինչ-որ այլ պատճառ է ներկայացնում, թե ինչու պետք է արագ գործել։ Տուժողին ժամանակ չի տրվում մտածելու, քանի որ մարդը երկար մտածելով կարող է պարզել խաբեությունը։ Օգտագործվում են քննադատական մտածողությաունը ճնշելու մեթոդներ, և ստեղծվում է միջավայր, որը թույլ չի տալիս հանգիստ քննարկել աշխատանքի առաջարկի մանրամասները[9] [10][27]: Արագ հարստանալու խոստումների հետ ներկայացվում է նաև, թե ինչն է ուղեկցում դրան՝ շքեղ կյանք, հարգանք ուրիշների կողմից և ֆինանսական անկախություն։ Գովազդները այս ամենը կապում են տնային աշխատանքի կոնկրետ առաջարկի հետ։ Պատմում են մարդկանց հաջողված պատմություններ, ովքեր իբր մեծ գումար են վաստակել այս աշխատանքից, հաղորդվում է, որ զոհի խնդիրներն անցյալում են, և կսկսվի այն կյանքը, որին նա արժանի է և այլն։ Այս բոլոր խոստումներն ուղեկցվում են ժպտացող, երջանիկ տեքսով մարդկանց լուսնկարներով։ Խոստումների ծավալն անսահմանափակ է։ Ընդգծվում է, որ ամեն ինչ կախված է մարդու ջանասիրությունից։ Խաբեբան ջանքեր է գործադրում, որպեսզի առաջարկը լուրջ տեսք ունենա։ Տուժողին առաջարկվում է ընկերության զարգացման պատմությունը, առաջատար աշխատակիցների հեռախոսահամարները, մարդկանց լուսանկարները, շենքերը և փաստաթղթերը, որոնք, իբր, կապված են այս կազմակերպության հետ։ Կեղծ գովազդների կողքին կարող են լինել պահեստապետներիև այլ անձնակազմի հավաքագրման գովազդներ, որոնք տեղադրվում են կայքին հավատալի տեսք հաղորդելու համար։ Գովազդներում կարող են նշվել հայտնի ընկերությունների անուններ։ Սա պատրանք է ստեղծում, որ աշխատանքի առաջարկը կապ ունի նրանց հետ[10][11][26][32][35][38][41][42]։
Կեղծ գովազդը կարող է ուղղակիորեն նշել, որ այն կեղծիք չէ («Առաջարկվող բոլոր աշխատանքները օրինական են։ Մենք ոչ մի կապ չունենք այն կազմակերպությունների և անհատների գործունեության հետ, ովքեր չարաշահում են մարդկանց վստահությունը անձնական շահի և ցանկացած խարդախ գործարքներ իրականացնելու համար»:)[10][26][35]։
Կեղծ առաջարկները կարող են նաև խաղալ զոհերի կրոնական զգացմունքների հետ։ Գովազդում կարող է նշված լինել, որ թափուր աշխատատեղն առաջարկվում է «քրիստոնեական ընկերության» կողմից, որ աշխատանքը քրիստոնյաների համար է, այն օրհնված է Աստծո կողմից և այլն[32]։
Կեղծ գովազդներում ամեն ինչ կարելի է գրել, քանի որ խաբեբաներն ակնհայտորեն մտադիր չեն կատարել իրենց խոստումները։ Այն ենթադրությունը, որ որևէ բարոյական չափանիշ ինչ-որ կերպ հետ կպահի նրանց խարդախություն անելուց, սխալ է[38]։
Տուժողները այն մարդիկ են, որոնց մղում է արագ և նվազագույն ջանքերով հարստանալու ցանկությունը։ Այս ցանկության մեջ զոհն ու խարդախը նման են, սակայն միայն խարդախին է հաջողվում իրականացնել այդ ցանկությունը։ Զոհերը կարող են բնութագրվել այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են ենթադրյալ անտեղյակություն այն ոլորտում, որտեղ կազմակերպված է խարդախությունը (ներառյալ իրավական անգրագիտությունը), դյուրահավատություն (առանց իրավիճակը քննադատաբար վերլուծելու կարողության), արկածախնդրություն, ինֆանտիլիզմ (թույլ քննադատական մտածողություն), իռացիոնալիզմ։ Մտածողության տարբերությունների պատճառով տարբեր երկրներում խարդախության տարբեր սխեմաներ ունեն տարբեր արդյունավետություն։ Մասնավորապես, ԱՄՆ բնակիչների շրջանում շատ է, այսպես կոչված, «ձեռնարկատիրական ոգին»։ Նման մարդիկ չեն ցանկանում աշխատել ուրիշների համար, ուստի ավելի հաճախ դառնում են ֆինանսական անկախություն խոստացող խարդախությունների զոհը։ Ռուսաստանում խարդախություններն ավելի արդյունավետ են, երբ ինչ-որ բան առաջարկվում է «անվճար» կամ ցածր գնով[7][43] [44]:
Ահա այսպիսի սխեմաների բնորոշ զոհերի ցանկը.
Երիտասարդներն ավելի շատ են դառնում խարդախ գործատուների զոհը, քանի որ նրանք ավելի քիչ կենսափորձ ունեն։ Տնտեսական անկայունության ժամանակաշրջաններում տնային աշխատանքի դիմողների թիվն ավելանում է[4] [46][47]:
Նման սխեմաների հետևանքները հետևյալն են.
Տնային աշխատանքի հետ կապված խարդախ սխեմաների տարածվածությունը բացատրվում է նրանով, որ դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում խարդախին հաջողվում է խուսափել պատասխանատվությունից։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շատ դեպքերում խաբեբան գործում է համացանցում, որտեղ հեշտ է անանունությունը պահպանել՝ չտրամադրելով կոնտակտային տվյալները կամ կեղծելով դրանք։ Եթե անգամ հանցագործի ինքնությունը պարզվի, ապա բավական դժվար կլինի ապացույցներ հավաքել նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Դեր է խաղում նաև այն, որ խարդախության զոհերը, որպես կանոն, միմյանց չեն ճանաչում և չեն կարողանում համակարգել իրենց գործողությունները։ Հաճախ զոհի կորցրած գումարը չափազանց փոքր է (100, 200 կամ 300 ռուբլի), որպեսզի տուժածը ակտիվ քայլեր ձեռնարկի այն վերադարձնելու համար։
Տարբեր խարդախ սխեմաների իրականացման համար պատասխանատվությունը կարող են օրենսդրությամբ նախատեսված լինել կամ ոչ։ Դա պայմանավորված է նրանով, որ խարդախները բավականին հնարամիտ են նոր սխեմաներ հորինելիս, իսկ օրենսդրությունը համեմատաբար դանդաղ է բարելավվում։ Սա թույլ է տալիս որոշ խաբեբաների մնալ անպատիժ։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)