Ապիքսաբան | |
---|---|
Տեսակ | քիմիական երևույթի տեսակ |
Գործածության եղանակ | բերանացի |
Զանգված | 7,6E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₂₅H₂₅N₅O₄[1] |
Ապիքսաբան․ բրենդային անունը Էլիքվիս, հակամակարդիչ է, կիրառվում է արյան մակարդուկների բուժման և կանխարգելման նպատակով, ինպես նաև ոչ փականային ծագման նախասրտերի շողացում ունեցող պացիենտների կաթվածի կանխարգելման նպատակով, ազդում է գերազանցապես Xa գործոնի արգելակման միջոցով[2]։ Հիմնականում կիրառվում է ազդրի և ծնկի պրոթեզավորման ժամանակ արյան մակարդուկների առաջացման կանխարգելման համար և նախկինում թրոմբոզ ունեցողների մոտ[2]։ Կիրառվում է որպես վարֆարինի այլընտրանքային միջոց և չի պահանջում արյան մշտադիտարկում կամ դիետիկ սահմանափակումներ[3]։ Ընդունվում է ներքին ընդունման ձևով[4]։
Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից են արյունահոսությունը և սրտխառնոցը[5]։ Այլ կողմնակի ազդեցություններից են արյունահոսությունները ողնաշարի շրջանում և ալերգիկ ռեակցիաները[4]։ Խորհուրդ չի տրվում կիրրառությունը հղիության և կրծքով կերակրման ժամանակ[4][5]։ Կիրառումը հարաբերականորեն ապահով է այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն երիկամային ֆունկցիայի թեթև խանգարում[5]։ Ի համեմատ վարֆարինի, ավելի քիչ է փոխազդում այլ դեղերի հետ[6]։ Xa գործոնի ուղղակի արգելակիչ է[4]։
2007 թվականին «Pfizer» և «Bristol-Myers Squibb» ընկերությունները սկսեցին ապիքսաբանի զարգացումը որպես հակամակարդիչի[7]։ Ապիքսաբանի բժշկական կիրառումը հաստատվեց Եվրոպական միության կողմից 2011 թվականի մայիսին, իսկ ԱՄՆ-ում ՝ 2012-ի դեկտեմբերին[2][8][9] Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղերի ցանկում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղերը առողջապահական համակարգում[10]։ 2019 թվականին, այն 52-րդ հաճախ նշանակվող դեղն էր ԱՄՆ-ում ՝ ավելի քան 14 միլիոն դուրս գրված դեղատոմս[11][12]։ Չնայած ապիքսաբանի ջեներիկները հաստատված են Սննդի և դեղերի վարչության կողմից սկսած 2017 թվականից, պատենտի խախտման հետևանքով զարգացող իրավական գործընթացներից խուսափելու համար, ջեներիկների կիրառումը չի թույլատրվի մինչև 2026 թվականը[13]։
Ապիքսաբանի կիրառման ցուցումներն են[14]․
ԵՄ-ում, ապիքսաբանը ցուցված է երակային թրոմբոէմբոլիաների դեպքերի կանխարգելման համար, այն մեծահասակների մոտ, ովքեր անցել են ընտրողական ազդրի և ծնկի պրոթեզավորման վիրահատություն, ոչ փականային ծագման նախասրտերի շողացման մեկ կամ մեկից ավելի ռիսկի գործոն ունեցող մեծահասակների մոտ կաթվածի և համակարգային էմբոլիաների կանխարգելման համար,մեծահասակների մոտ խորանիստ երակների թրոմբոզների և թոքային էմբոլիայի բուժման համար, ինչպես նաև այս հիվանդությունների ռեցիդիվների կանխարգելման համար[15]։
Նախասրտերի շողացում
Ապիքսաբանը Առողջապահության և բժշկական սպասարկման կատարելագործման ազգային ինստիտուտի կողմից առաջադրվում է օգտագործել ոչ փականային ծագման նախասրտերի շողացում ունեցող պացիենտների շրջանում կաթվածի և համակարգային էմբոլիայի կանխարգելման համար, ինչպես նաև հետևյալ ռիսկի գործոններից գոնե մեկի առկայության դեպքում․ նախկինում տարած կաթված կամ անցողիկ իշեմիկ գրոհներ, 75 և ավելի բարձր տարիք, շաքարային դիաբետ և ախտանշանային սրտային անբավարարություն[16]։
Ապիքսաբանը և այլ հակամակարդիչները (դաբիգրատան, էդոքսաբան և ռիվարոքսաբան) ցուցաբերում են նույն էֆեկտիվությունը ինչ վարֆարինը նախասրտերի շողացում ունեցող պացիենտների մոտ, ոչ հեմոռագիկ կաթվածի կանխարգելման ժամանակ, և փոխկապակցված են ներգանգային արյունահոսության ցածր ռիսկի հետ[17][18]։
Ապիքսաբանը կարող է կիրառվել նաև ծանր երիկամային անբավարարության և հեմոդիալիզ ստացողների շրջանում, սակայն այն չի ուսումնասիրվել նշված խմբերում[2]։ Ապիքսաբանի լրիվ դեղաչափը (5 մգ, օրական 2 անգամ) կարելի է կիրառել, քանի դեռ նշված չեն այս բնութագրիչները․ պացիենտի տարիքը 80 կամ ավելի բարձր է, մարմնի քաշը 60 կգ կամ ավելի ցածր է և շիճուկում կրեատինինի քանակը 1,5 մգ/դլ է կամ ավելի բարձր, ինչի դեպքում ցուցված է դեղաչափը նվազեցնել մինչև 2,5 մգ, օրական 2 անգամ[19]։
Ապիքսաբանի կիրառումը բարձրացնում է արյունահոսության ռիսկը, որը կարող է նույնիսկ մահացու լինել։ Զուգակցված կիրառումը արյան մակարդման վրա ազդող այլ դեղերի հետ կարող է ավելի բարձրացնել արյունահոսության առաջացման վտանգը։ Դրանց շարքին են պատկանում այլ հակամակարդիչները՝ օր․ հեպարինը, հակաագրեգանտ դեղերը՝ օր․ ասպիրինը, սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ)[20][21][22][23]։
Անդեքսանետ ալֆան Սննդի և դեղերի վարչության (FDA կամ USFDA) կողմից հաստատված ապիքսաբանի հակազդիչն է։ Այն ցուցված է ապիքսաբանով պայմանավորված անկառավարելի և կյանքի համար վտանգ սպառնացող արյունահոսության դեպքերի համար[24][25]։
Այն պացիենտները, որոնք ստանում են բուժում հակամակարդիչներով, գտնվում են ավելի բարձր ռիսկային գոտում ողնուղեղային պունկցիայի կամ ողնուղեղային անզգայացման ժամանակ արյունազեղման առաջացման ռիսկի տեսանկյունից, ինչը կարող է նպաստել երկարատև կամ մ՛շտական պարալիզի։ Վերջինիս ռիսկը կարող է բարձրանալ էպիդուրալ կամ ինտրատեկալ կաթետրների տեղադրման դեպքում ՝ վիրահատական միջամտություններից հետո, կամ այն դեղերի հետ զուգակցման ժամանակ, որոնք ազդում են հեմոստազի վրա[20]։
Ապիքսաբանը ներքին ընդունման, բարձր կենսամատչելիությամբ դեղ է։ Այն ընտրողական կերպով, ինչպես ազատ, այնպես էլ կապված Xa մակարդման գործոնի դարձելի և ուղղակի արգելակիչ է։ Xa մակարդման գործոնը կատալիզում է պրոթրոմբինի փոխարկումը թրոմբինի, որը կոագուլյացիոն կասկադի վերջին ֆերմենտն է և պատասխանատու է ֆիբրինի ձևավորման համար[26]։ Ապիքսաբանը չունի անմիջական ազդեցություն թրոմբոցիտների ագրեգացիայի վրա, բայց արգելակելով Xa մակարդման գործոնը՝ անուղղակիորեն նվազեցնում է թրոմբին-մակածված մակարդուկի գոյացումը[20]։
Ապիքսաբանի բժշկական կիրառումը թույլատրվեց Եվրոպական միության կողմից 2011թ-ի մայիսին[8]։
Դեղի հաստատման համար դիմումը ներկայացվեց Սննդի և դեղերի վարչությանը (FDA կամ USFDA) «Bristol-Myers Squibb (BMS)» և «Pfizer» ընկերությունների կողմից համատեղ ARISTOTLE կլինիկական փորձարկման ավարտից հետո 2011թ-ին[9][27]։ Ապիքսաբանը հաստատվեց որպես կաթվածի կանխարգելման միջոց նախասրտերի շողացում ունեցող պացիենտների շրջանում 2012 թ-ի դեկտեմբերի 28-ին[9][28]։ 2014թ-ի մարտի 13-ին այն հաստատվեց որպես լրացուցիչ ցուցում խորանիստ երակների թրոմբոզի և թոքային էմբոլիայի կանխարգելման համար` ազդրի և ծնկի պրոթեզավորման վիրահատություն ունեցած պացիենտների մոտ[29][30]։ 2014թ-ի օգոստոսի 21-ին FDA-ը հաստատեց ապիքսաբանը որպես լրացուցիչ ցուցում կրկնվող խորանիստ երակների թրոմբոզի և թոքային էմբոլիայի բուժման համար[29][31]։ Դեղի ստեղծման փուլում այն հայտնի էր BMS-562247-01 կոդային անվանմամբ[32]։
2019 թ-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց ապիքսաբանի ջեներիկ տեսակը, որը համատեղ արտադրվել էր «Mylan» և «Micro Labs» ընկերությունների կողմից[2][33]։ «BMS» և «Pfizer» 2020 թ-ի օգոստոսին շահեցին պատենտի խախտման դատական պրոցեսը ընդդեմ «Sigmapharm», «Sunshine Lake» և «Unichem» ընկերությունների՝ պատենտային խնդիրները 25 այլ ընկերությունների հետ կարգավորելուց հետո, դրանով իսկ կանխելով ջեներիկների ստեղծումը[34][35]։ 2021թ-ի սեպտեմբերին Դաշնային շրջանային դատարանը ընդունեց այդ որոշումը[36]։ Արդյունքում ապիքսաբանի ջեներիկները հասանելի չեն լինի ԱՄՆ-ում նվազագույնը մինչև 2026 թ, հնարավոր է նաև մինչև 2031 թ[37]։
2022թ-ին ջեներիկ դեղերի արտադրությամբ զբաղվող կանադական ընկերությունը՝ «Apotex Inc-ը», ստացավ թույլտվություն ապիքսաբանի մարքեթինգի համար[38]։
Միացյալ Թագավորության ազգային առողջապահական կազմակերպությունը կատարում է հետազոտություններ ուղղված ապիքսաբանի կիրառմանը COVID-19-ը տարած պացիենտների շրջանում[39]։
<ref>
թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)