Ապոստոլոս Կոնտոս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ |
Ապոստոլոս Կոնտոս (հուն․՝ Απόστολος Κόντος, նոյեմբերի 22, 1949, Հունաստան), հույն նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Համարվում է լավագույն խաղացողներից մեկը Աթենքի «Պանատինաիկոսի» պատմության մեջ և հանդիսանում է ակումբի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկուն[1]։ Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ խմբի անդամն էր երկար տարիներ։ Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում, թեև վերջինս է եղել նրա հիմնական դիրքը։
Կոնտոսը սկսել է իր ակումբային կարիերան «Իոնիկոս» բասկետբոլային ակումբում։ Իր հաջորդ ակումբի՝ Աթենքի «Պանատինաիկոսի» հետ հաղթել է Հունական լիգայի 9 առաջնություններում (1971, 1972, 1973, 1974, 1975, 1977, 1980, 1981, 1982) և Հունաստանի գավաթի 3 մրցաշարերում (1979, 1982, 1983)։ Խաղային կարիերան ավարտել է «Աթենքի ԱԷԿ» ակումբում։
Հունաստանի առաջնության բարձրագույն մրցումներում վաստակել է ընդհանուր առմամբ 8,712 միավոր, որը 1963–64 մրցաշրջանից ի վեր 4-րդ առավելագույն միավորն է[2]։
Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ թիմի կազմում Կոնտոսն անցկացրել է 114 խաղ՝ վաստակելով ընդհանուր 1111 միավոր[3]։ Նույն հավաքականի կազմում մասնակցել է 1972 թվականի նախաօլիմպիական մրցաշարին, 1973 և 1975 թվականների Եվրոպայի առաջնություններին[4]։
Խաղային կարիերան ավարտվելուց հետո Կոնտոսը դարձել է բասկետբոլի մարզիչ։ 1993–94 մրցաշրջանում եղել է «Աթենքի ԱԷԿ»-ի գլխավոր մարզիչը։