Ասորիների Նոր տարի

Ասորիների Նոր տարի
Ասորերեն՝ «Խա բը-Նիսան»

Նոր տարի
Տեսակտոն և տոնախմբություն
ԵնթադասԱմանոր
ԱմսաթիվԱպրիլի 1
Տոնվում է Հայաստան

Ասորիների Նոր տարի (ասորերեն՝ «Խա բը-Նիսան»), տոնական արարողություն, որն ամեն տարի ապրիլի 1-ին նշում են ասորիները։ Բնության կենսական ուժերը կյանքի կոչող, զարթոնքի, նաև` սիրո, ուրախության, պտղաբերության տոն է։ Այն ունի մեռնող ու հարություն առնող բնության խորհուրդը։

Տոնակատարությունն ընդգրկված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։

Ասորական Նոր տարին հնում կոչվել է «Րի Շիթա» (բառացի թարգմանությամբ` տարվա գլուխ)։ Այն նշվել է 12–14 օր՝ սեպտեմբերի (որը կոչվել է զլույլա) կեսերին` աշնան գիշերահավասարին մոտ։ Ասորեստանում նվիրված է եղել ասորական դիցարանի գլխավոր աստծուն` Աշշուրին։ Բաբելոնում այն նվիրված էր իրենց գլխավոր աստված Մարդուկին, Հայաստանում` Վանատուրին։ Երբ Բաբելոնը ենթարկվել է Ասորեստանին, վերջինիս թագավոր Սինաքերիբը փորձել է բաբելացիներին արգելել նշելու Նոր տարին։ Դրա պատճառով ասորեստանցիները Նոր տարին բաբելացիների նման սկսել են նշել գարնանը՝ գիշերահավասարի օրը՝ ապրիլի 1-ին (ասորերեն՝ «Խա բը-Նիսան»)։ Ըստ բաբելացիների պատկերացումների՝ այդ ժամանակ Մարդուկը լցվում է կենսական, ստեղծագործ ուժերով և նրա իշխանությամբ աստվածները հաղթում են մահվան ու ավերումի ուժին[2]։

Տոնի բոլոր օրերը համարվել են սրբազան։ Այդ օրերին արգելվել է աշխատել, դատաստան տեսնել, պատժել երեխաներին, ստրուկներին։ Ըստ սրբազան գրքերից մեկի՝ այդ օրերին համաշխարհային կարգը գլխիվայր շրջվել է, և ստրուկը դարձել է տեր[3]։ Առաջին չորս օրերը նվիրվել են մշակույթին․ խաղացվել են դրամաներ, միստերիաներ, հրապարակներում, տաճարներում ընթերցվել են պոեմներ, բանաստեղծություններ, պատմվել առասպելներ ու լեգենդներ։ Ապրիլի 4-ի` լույս 5-ի գիշերն ընթերցվել է աշխարհի ստեղծման «Էնում-Էլիշ» առասպելը, որում նկարագրվել է Մարդուկի պայքարը և հաղթանակը քաոսի ու խավարի ուժերի դեմ։ Հին Ասորեստանում ու Բաբելոնում այդ օրերին ներկայացվել են նաև խորհրդածեսեր, որոնցում ներկայացվել են Մարդուկի տառապանքները[2]։

Նոր տարվա տոնի 5-րդ օրը մասնակիցները բերել են նավը, որը խորհրդանշել է Աստծո` համաշխարհային օվկիանոսը լողանցելով ջրանցքին հասնելու, այնուհետև` անիվների վրա փոխադրված նույն նավով տոնական երթուղով դեպի Բաբելոնի սրբավայրը՝ «Երկնային աշխարհ», գնալու պատմությունը։ Այդ սայլ-նավի անունով՝ Կառնավալ (անվանումը լատիներենին անցել է ասորերենից), այսօր էլ կոչվում է տոնը[4]։ Այն խորհրդանշում է հին տարվա ավարտը և նորի սկիզբը[2]։

Տոնակատարության ընթացքում ժողովուրդը դուրս է եկել փողոց և ուրախացել։ Այդ ընթացքում ոչ մի օրենք չի գործել և ոչ մեկին չեն պատժել։ Վերջին օրը թագավորը («մալքյա») մեկ օրով հեռացել է քաղաքից, երկիրը կառավարել է նրա ծաղրածուն («մասխըրանա»)։ Ծաղրածուի «գահակալության շրջանը» կոչել են հիմարի («շիդանա») օր։ Քանի որ այդ օրը համընկել է ապրիլի 1-ի հետ, առաջացել է Ծիծաղի օրը[2][4]։

Ժամանակակից Նոր տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Նոր տարուց հազարամյակներ անց պահպանվել են տոնակատարության որոշ տարրեր, դրանց մի մասը մեր ժամանակներ է հասել ձևափոխված։

Իրաքի Դոխուկ քաղաքում բնակվող ասորիները մեծ հանդիսավորությամբ նշում են Նոր տարին։ Անցկացվում է կառնավալ, մեծերն ու փոքրերը լինում են տոնական զգեստներով։ Այդ տոնը նրանք կոչում են Ակիտու[5]։ Հայաստանաբնակ ասորիների շրջանում այդ ավանդույթն այսօր վերացել է[2]։

Տոնի օրը ամեն ընտանիք պետք է ունենա ճոխ սեղան։ Գլխավոր ուտեստը սպասն է, որը, ի տարբերություն հայկականի, պատրաստվում է 12 տեսակի բանջարեղենով և ձավարով[6]։ Ընդունված է, որ մինչև վերջին պատառը պետք է մատուցել հյուրերին, ինչը խոսում է այն մասին, որ տոնական ուտեստն ունեցել է մատաղի գործառույթ։ Բոլոր նեղացածները տոնի ժամանակ անպայման հաշտվում են։ Բոլոր ներկաները կատարում են ազգային երգեր, պարում, ուրախանում, զրուցում։ Այդ օրը տան դուռը չի փակվում, իսկ վաղ առավոտյան եկած բոլոր հյուրերը ցանկալի են[2]։

Այդ այցելությունների ժամանակ հյուրերը տան երեխաների համար բերում են փոքր նվերներ` խաղալիքներ, որոնք կոչվում են «մընդի դ թալթա»[7]։ Իրար շնորհավորելիս ասորիներն ասում են․ «Րի շիթողուն ավը բռիխա» (Շնորհավոր Նոր տարի) և ստանում պատասխան․ «Մընոխուն մույդալը» (Ձեզ հետ)[2]։

Տարեհացը, որն ասորերեն կոչվում է քյադըթ րիշիթա, համարվում է տարվա խորհրդանիշը։ Դրան Նոր տարվա տոնակատարության ժամանակ հատկացվում է ամենագլխավոր դերը։ Տարեհացը շաղախվում է կաթով, մեջը դնում են հատիկավոր որևէ բան կամ մանրադրամ, ուլունք, ոսկե զարդ։ Զարդարում են ընկույզով, չամիչով, նուշով։ Տարեհացը խաչաձև բաժանվում է չորս մասի․ այդ մասերը խորհրդանշում են տարվա չորս եղանակները[2]։

Տարեհացը կտրվում է Նոր տարվա գիշերը կամ հաջորդ օրը՝ ամբողջ ընտանիքի ներկայությամբ։ Աղոթքից հետո այն կտրվում է ըստ ընտանիքի անդամների թվի։ Ով գտնում է թաքցրած նշանը, նա համարվում է տարվա երջանիկը[8]։

«Շեյխանա» պար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա բաղկացուցիչներից է «Շեյխանա» պարը, որին մասնակցում են բոլոր հավաքվածները։ Այն կարող է տևել մինչև երկու ժամ[9]։

Ժամանակակից Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Երևանում և Հայաստանի գյուղերում (Արզնի, Վերին Դվին, Դիմիտրով, Նոր Արտագերս) ապրող ասորիները ապրիլի 1-ին հավաքվում են ամբողջ համայնքով և նշում վերածնված Նոր տարին (Խա բը-Նիսան)։ Նրանք բազմաթիվ հյուրեր են ունենում նաև այլազգիների շրջանից[2]։

2009 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ասորիներն իրենց օրացույցով նշել են 6760 թվականը։ Ապրիլի 1-ին հայաստանաբնակ ոչ բոլոր ասորիներն են կարողանում ամբողջ ծավալով նշել Նոր տարին, քանի որ այդ օրը, որպես կանոն, լինում է աշխատանքային[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ARMENIA, ICH (2022 թ․ ապրիլի 19). «ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ԴԱՎԻԴՈՎԱ, ԳԱԼՅԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՏՈՆԵՐԸ. «ԽԱ ԲԸ–ՆԻՍԱՆ» (ԱՊՐԻԼԻ 1)» (PDF). artsakhlib.am.
  3. Г. Винклер. Вавилонская культура в ее отношении к культурному развитию человечества. М., 1913, с. 138.
  4. 4,0 4,1 К. Матвеев. Новый год в Ассирии, с. 62–63.
  5. «Ассирийские новости», М., 2010, июнь, ¹ 23.
  6. «Ասորիներն այսօր նշում են իրենց Նոր տարին՝ Հաբ Նիսանը».
  7. ԴԱՆ, տետր 3, 1990 (բանասաց` Վ. Իվանովա -Դավիդովա).
  8. ԴԱՆ, տետր 2, 1986 (բանասաց` Վ. Վասիլևա-Ավչյան).
  9. ARMENIA, ICH (2022 թ․ հունիսի 11). «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Ինչպես եւ երբ են Նոր տարին նշում Հայաստանի ազգային փոքրամասնությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.