Աստվածաշնչյան մարգարեներ

Մարգարեներ, Աստծո անունից ապագան գուշակողներ, ինչպես նաև կրոնաբարոյական քարոզիչներ ու հասարակական-քաղաքական հռետորներ հին Հրեաստանում։ Մարգարեներն իբր օժտված էին ժողովրդին ուսուցանելու և գալիք աղետների մասին նրան զգուշացնելու «աստվածային առաքելությամբ»։ Մ.թ.ա. IX դ. Եղիա մարգարեն և նրա աշակերտ Եղիշեն, իրենց շուրջ համախմբելով երիտասարդ մարգարեներին («մարգարեների որդիներ»), «մարգարեից դպրոցներ» էին հիմնել երկրի տարբեր քաղաքներում (Գաբաա, Նավաթ, Բեթել, Գաղգաղա, Երիքով)։ Մ.թ.ա. VIII-VI դդ. մարգարեական շարժման նոր վերելքը պայմանավորվել է երկրում հասարակական-քաղաքական հակասությունների ծայրահեղ սրմամբ, ժողովրդի վիճակի ծանրացմամբ, արտաքին (Ասորեստանի, Նոր Բաբելոնիայի, Աքեմենյան Իրանի) միջամտության սաստկացմամբ։ Մ.թ.ա. IX դ. նշանավոր մարգարեներ էին Հովնանը և Հովելը, մ.թ.ա. VIII դ.՝ Ամովսը, Ովսեն, Եսայի I-ը, Միքիան, Նավումը, մ.թ.ա. VII դ.՝ Սոփոնիան, Երեմիան, Ամրակումը, Աբդիոնը, մ.թ.ա. VI դ.՝ Եզեկիելը, Դանիելը, Եսայի II, Անգեն, Զաքարիան։ Մարգարեները բողոքել են իշխողների, ունևորների դեմ գյուղացիներին հողազրկելու, ճնշելու և աշխատավորների հանդեպ կամայականություններ ցուցաբերելու համար, ընդդիմացել պատերազմներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 300