Աստրա Դեզմոնդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 10, 1893[1] |
Մահացել է | օգոստոսի 16, 1973[1] (80 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Notting Hill and Ealing High School? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Բրիտանական կայսրության շքանշանակիր Աստրա Դեզմոնդ (ապրիլի 10, 1893[1] - օգոստոսի 16, 1973[1]), 20-րդ դարասկզբի և դարակեսի բրիտանացի կոնտրալտո։
Գվենդոլին Մարի Թոմսոնը ծնվել է Անգլիայի Տորկի քաղաքում, ավստրալիական ծագմամբ ատամնաբույժ Ջորջ Թոմսոնի և Լոնդոնում ծնված ուսուցչուհի Վիվա Լուիզայի ընտանիքում։ Նախքան Դեզմոնդի ծնվելն ընտանիքն ապրել էր Ավստրալիայում, և նրա ավագ քույրեր Մեյբլն ու Կլոդը ծնվել էին Մելբուռնում։ Դեզմոնդի մանկության ընթացքում ընտանիքը տեղափոխվել է Վերին Նորվուդ, այնտեղից էլ՝ արևմտյան Քենսինգթոն։ Կրթությունն ստացել է Նոթթինգ Հիլլի ավագ դպրոցում ու Ուեստֆիլդ քոլեջում, ստացել բակալավրի աստիճան հին հունարենից ու լատիներենից[2]։ Երգեցողություն սովորել է Բլանշ Մարքեզիի (ինչպես իր գործընկեր Մյուրիել Բրանսկիլը) և Լուիզ Տրենտոնի մոտ, ապա նաև Բեռլինում՝ Էռնստ Գրիզբախի ու Կոնրադ Վ․ Բոսի մոտ[2]։
Դեզմոնդի կարիերան հիմնականում համերգային ու մենահամերգային էր, բայց նա հանդես է եկել օպերաներում նույնպես։ 1916 թվականի «Carl Rosa Opera Company» ընկերության մի ակնարկում նա նկարագրվում է որպես խոստումնալից նոր երգչուհի[3]։ Լոնդոնի «Sadler's Wells» թատրոնում երգել է Դալիլա ու Կարմեն, իսկ Կովենտ գարդեն արքունական թատրոնում՝ Օրտրուդ ու Ֆրիկա[2]։
Նրա մենահամերգներն աչքի էին ընկնում Էդվարդ Գրիգի երգերով, որոնց մասին 1941 թվականին 25 էջանոց հոդված է գրել[4]։ Կատարել է նաև Գրիգի երգերի թարգմանություններ և այս բնագավառում իր աշխատանքի համար Նորվեգիայի կառավարության կողմից արժանացել է սուրբ Օլավի շքանշանին։ Յան Սիբելիուսի երգերի նրա կատարումները նույնպես հաջողություն են ունեցել[2]։
1938 թվականի հոկտեմբերի 5-ին Դեզմոնդն այն սկզբնական 16 երգչուհիներից էր, որոնք ձայնագրվել են Ռալֆ Վոան Ուիլյամսի «Serenade to Music» ստեղծագործության մեջ, որը հետագայում մի քանի ընկերությունների կողմից վերաթողարկվել է խտասկավառակի տարբերակով[5]։ Ավելի վաղ՝ 1932 թվականին Ուիլյամսը նրան էր նվիրել իր «Magnificat» ստեղծագործությունը[6]։ Հետագայում նրա անունով վարդի մի տեսակ է անվանակոչվել[7][8]։
Իր համերգային երգացանկում Դեզմոնդն ունեցել է այնպիսի կատարումներ, ինչպիսիք են՝ սըր Էդուարդ Էլգարի «The Dream of Gerontius»-ը[9] և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Messiah»-ն, Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքան» 1928[2] ու Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին»-ը Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 1942 թվականին[10], նաև առաջինն է բրիտանացի հանդիսատեսին ներկայացրել Իրյո Կիլպինենի երգերը[11]։
Քիչ կոմերցիոն ձայնագրություններ է արել, հիմնականում Հենրի Պյորսելի ու Գրիգի երգերը[12], կան նաև ձայնագրություններ Էլսի Սադդաբիի ու Իսոբել Բեյլիի հետ[13]։
Պահպանվել են նրա մի քանի ռադիոձայնագրությունները, այդ թվում՝ «The Dream of Gerontius»-ից Անգելի մեներգը[14] և 1951 թվականին Royal Festival Hall դահլիճում հնչած «Serenade to Music»-ը։
Ուրիշ երգչուհիների նման իր հետագա կարիերայի ընթացքում՝ 1947-1963 թվականներին, Դեզմոնդը ևս զբաղվել է դասավանդելով և դարձել երգեցողության պրոֆեսոր Երաժշտության թագավորական ակադեմիայում[9], նաև երաժշտության վերաբերյալ գրքեր է գրել[15]։
Հաջորդել է Լիզա Լեհմանին, Սեսիլ Շամինադին, Ֆաննի Դեյվիսին, Ռոզա Նյումարքին ու Մայրա Հեսսին որպես Միացյալ Թագավորության «Կին երաժիշտների ընկերության» նախագահ, ինչպես նաև «Երաժիշտների միավորված ընկերության» նախագահ[2]։
1920 թվականին ամուսնացել է սըր Թոմաս Նիմի հետ, որը Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի մասնակից գեներալ-լեյտենանտ սըր Ֆիլիպ Նիմի եղբայրն էր։ Ունեցել են երեք որդի՝ Բեյսիլը, Ջեոֆրին ու Քրիստոֆերը[2]։ 1949 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։
Վախճանվել է 80 տարեկան հասակում 1973 թվականի օգոստոսի 16-ին Կենտ կոմսության Ֆավերշամ քաղաքում։ Ամուսինը մահացել է մոտավորապես երկու շաբաթ անց՝ օգոստոսի 28-ին։
|