Ավազաբլրի աստված-կայսրը անգլ.՝ God Emperor of Dune | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆրենկ Հերբերտ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Կերպարներ | Leto II Atreides? |
Կազմի հեղինակ | Brad Holland? |
Հրատարակչություն | G. P. Putnam's Sons |
Հրատարակվել է | 1981 |
Շարք | Ավազաբլրի ժամանակագրությունը |
Նախորդ | Ավազաբլրի երեխաները |
Հաջորդ | Ավազաբլրի հերետիկոսները |
«Ավազաբլրի աստված-կայսրը»[1] (անգլ.՝ God Emperor of Dune), Ֆրենկ Հերբերտի չորրորդ գիրքը Ավազաբլրի աշխարհի մասին։ Հրատարակվել է անգլերեն 1981 թվականի մայիսի 28-ին[2]։
Բոլոր իրադարձությունները հիմնականում ծավալվում են ժամանակին անապատային, ջրից և բուսականությունից զուրկ Արակիս մոլորակում, որն այժմ պատված է լճերի և գետերի խիտ ցանցով, ունի առատ բուսական աշխարհ և մեծաքանակ բնակչություն։ Այս մոլորակ է տեղափոխվել Հայտնի Տիեզերքի մայրաքաղաքը, որը Շադդամ 4-րդի ժամանակ տեղակայված էր Կայտայն մոլորակում։
Հայտնի Տիեզերքում վերջին երեք հազարամյակների ընթացքում կառավարում է Լետո 2-րդ Ատրեյդեսը` Պոլ Ատրեյդեսի և Չանի որդին, որը մի դարի ընթացքում կորցրել է իր մարդկային կերպարանքը և գրեթե վերածվել ավազային որդի` Շաի-Հուլուդի։ Նա մարդկային քաղաքակրթությունը տանում է «Ոսկե շավիղով» (կամ «Ոսկե ճանապարհով»)` մարդկության մի ուղեցույցով, որը կիրառական է ինչպես հասարակության, այնպես էլ անհատի պարագայում։ Դրան հետևելով՝ որոշակի տևական ժամանակ անց` հեռու ապագայում, մարդկությունը կկարողանա հասնել հասարակության և անհատի կատարելության միանգամայն նոր ձևերի։
«Ոսկե ճանապարհ»-ում կարևոր փուլ է «Լետոյի խաղաղությունը», ըստ որի` մարդկության մի քանի հազարամյակների ընթացքում աստված-կայսեր իշխանությամբ ընկղմված է լինելու ստիպողական կատարյալ խաղաղության և հանգստության վիճակի մեջ, որը դառնալու է պատմությանը հայտնի ամենախորը լճացումը։
Այնուհետև` Լետոյի մահից հետո, պետք է տեղի ունենան պատերազմներ, սոցիալական ցնցումներ, աղետներ, համընդհանուր գաղթ, որոնց ժամանակ մարդկությունը կտարաբնակվի հեռավոր մոլորակներում և հազար տարի անց կգերակշռի Հին Կայսրության բնակչության քանակը։ Մարդկային մշակույթների միջև եղած տարբերությունները կանցնեն հնարավոր սահմանները։ Ապագայում այդ գործընթացը կկոչվի «Սփռում»։
Այս իրադարձությունները, ինչպես կանխատեսել էր Լեոն, պետք է սկզբնավորեն նոր հասարակություն` զարգացման և ինքնակատարելագործման նոր մոդելով, որի շնորհիվ մարդկությունը ապագայում կկարողանա հասնել էական առաջընթացի և բարեկեցության։ «Ոսկե ճանապարհ»-ի հիմնական կողմերից էր նրա անդառնալիությունը, հետընթացի անհնարինությունը` սկսված առաջընթացի դեպքում։
Տիեզերքի բոլոր մոլորակներում պահպանվում է խաղաղություն և հանգստություն։ Բացահայտ դժգոհությունների և ըմբոստությունների դեպքում անհապաղ այնտեղ է ուղարկվում Ասուն Ձկների ջոկատ, որը ճնշում է անկարգությունը։ Ասուն Ձկների շրջանում տարածված է Աստված-Լետոյի պաշտամունքը։ Հարյուրամյակներ շարունակ նրանց ղեկավարում են Դունկան Այդահոյի կլոնները (գհոլաները)։
Բոլոր հաշվիչ սարքերը` բացի պարզագույն հաշվիչներից, Բատլերիանական Ջիհադի ժամանակներից մինչ օրս արգելված են, սակայն ինքը Լետոն չի ճնշում նմանատիպ մշակումները և գաղտնի օգտվում է դրանցից։
Քանի որ Արրակիսի կլիմայի փոփոխության ժամանակից ի վեր բոլոր ավազային որդերը մահացել են, ամոքանքի արդյունահանումը դադարեցված է։ Մելանժի խոշորագույն պաշարները պահպանվում են Լետո 2-րդ կայսեր գաղտնավայրերում, որոնց գտնվելու վայրը միայն նա գիտի։ Լետո 2-րդի իշխանությունը հիմնվում է նրա խիստ վերահսկողության վրա. տարաբնույթ կազմակերպություններին ծայրահեղ անհրաժեշտ նյութը տրվում է միայն սահմանափակ քանակությամբ և Աստված-կայսերը բացարձակապես հնազանդվելու պայմանով։ Որպես պարգևատրում` ամոքանքի քանակը կարող է մեծանալ, իսկ պատժի ժամանակ` ընդհանրապես չեղարկվել։ Ամոքանքի արժեքը աննախադեպ բարձրացել է. նրա մի փոքր ճամպրուկն արժե մի ամբողջ մոլորակ։
Բացի այդ, հազարամյակների ընթացքում Լետո 2-րդն անցկացնում է իր սեփական ընտրասերման ծրագիրը, որի համար սկզբնական «հումք» են հանդիսացել իր քույր Հանիման և Ֆարադ'ն Կորրինոն։ Ընտրասերման ծրագրի արդյունքը դարձան նրանց սերունդները, որոնք ամբողջապես անտեսանելի էին իրենց նախատիպերի համար[3]։
Գործողությունները սկսվում են Լետո Ատրեյդես 2-րդի մահից հազարամյակ անց՝ հնագետների ժողովից։ Հավաքվածները քննարկում են վերջին ժամանակներում գտնված իրը` պահեստարանը, որտեղ պահված են Վլադիկ Լետո Աստված-կայսեր օրագրերը, որոնք տպագրվել են իկսիանյան թելադրողի կողմից[4]։ Նախկինում հետազոտողների մոտ օրագրի միայն մի քանի գլուխներ կային, որոնք ժամանակին գողացել էր Սիոնան։ Այնուհետև հնագետ-հետազոտողները սկսում են ծանոթանալ օրագրերի թարգմանված և ապակոդավորված բովանդակությանը։
Սիոնա Ատրեյդես կայսեր կառավարման վերջին տարիներին Լետոյի համար անտեսանելի առաջին մարդը դավեր է նյութում և փորձում գահընկեց անել Աստված-կայսերը։ Մի անգամ նրա խմբին հաջողվում է գողանալ Լետոյի օրագրի մի քանի հատոր։ Այնուամենայնիվ, հետդարձի ճանապարհին գողության բոլոր մասնակիցները մահանում են Արգելված անտառում իրենց հետևող Դ-գայլերի պատճառով[5]։ Միայն Սիոնային է հաջողվում փախչել։
Հետագայում կայսերը դավաճանած Դունկան Այդահոյի կլոնի շնորհիվ նրա կազմակերպած դավադրությունը հաջողվում է, ինչի հետևանքով Լետոն հայտնվում է գետում։ Ավազե ձուկը, որը մինչ այդ նրա մարմնի մի մասն էր կազմում, զգալով ջուրը՝ լքում է կայսեր մարմինը, որի պատճառով էլ նա մահանում է։ Մահից առաջ Լետոն հայտնում է Դունկանին իր ամոքանքի գաղտնի պաշարների պահպանման վայրը։ Դրա շնորհիվ Սիոնան և Դունկանը դառնում են կայսերական գահի ժառանգորդները։ Ասուն Ձկները նույնպես հետևում են Դունկանին։
Ազատված ավազե կարմրախայտը, ջուր կլանելով և բազմանալով, ոչնչացնում է Ռակիս մոլորակի ողջ էկոհամակարգը։ Բնակչության մեծամասնությունը մահանում է ջրի սակավությունից։ Ավազե որդերը վերածնվում են, և նրանցից յուրաքանչյուրը պահպանում է Լետո 2-րդի թաքնված հիշողությունը։
Գիրքն ավարտվում է Հադի Բենոտի գաղտնի ռեզյումեից քաղվածքով, որի մեջ նա կոչ է անում հրատարակել գտնված գրությունները։ Ընդ որում, հրաժարվելու պարագայում նրանք` Փոքրամասնությունը, առհավետ կլքեն մարդկությանը հարազատ տիեզերքը, և նրանց անհնար կլինի որոնել[6]։
|