Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավազե մանդալա (տիբեթերեն དཀྱིལ་འཁོར།՝կիլխոր), գունավոր ավազից մանդալաներ ստեղծելու և ոչնչացնելու տիբեթյան բուդդայականության ավանդույթ։ Ավարտելուց անմիջապես հետո ավազե մանդալան արարող վանականները ծիսականորեն ոչնչանում են այն։ Ողջ արարողակարգը խորհրդանշում է նյութական կյանքի անցողիկության մասին բուդդայականության դավանաբանական համոզմունքը։
Պատմականորեն մանդալան չի ստեղծվել բնական գունավոր ավազից, այլ՝ փշրված գունավոր քարի մանր բեկորներից։ Ժամանակակից աշխարհում նույն էֆեկտը ստանալու համար գետնին են փռում հարթ սպիտակ քար և ներկում անթափանթ թանաքով։ Ավազը փռելուց առաջ արարողությանը մասնակից վանականները նկարում են մանդալայի երկրաչափական պատկերը։ Այնուհետև ավազի հատիկները տարածում են հատուկ նախատեսված փոքր խողովակների և ձողիկների օգնությամբ, մինչև ստացվում է ցանկալի պատկերը։ Ավազե մանդալայի պատրաստումը սովորաբար մի քանի շաբաթ է տևում, քանի որ հսկայական աշխատանք է պահանջվում ավազը նման մանրամասնությամբ փռելու համար։ Վանականների խումբը միասին է աշխատում ստեղծագործության վրա՝ ստեղծելով պատկերի որևէ հատվածը և շարժվելով կենտրոնից ծայրամասեր։
Կալաչակրայի մանդալան, օրինակ, պարունակում է 722 աստվածություններ, որոնք պատկերված են բարդ կառուցվածք և երկրաչփություն ունեցող մանդալայում։ Յամանտակայի մանդալան ավելի քիչ աստվածություններ և երկրաչափական պատկերներ ունի, սակայն մի քանի օր է տևել պատրաստումը։ Բոլոր մանդալաների նման դրանք երկչափ են։ Հայտնի է եռաչափ մանդալա պատրաստելու դեպք Բորոբուդուրում (վանական համալիր Ջավայում)։
Ավազե մանդալաներից շատերն ունեն հատուկ արտաքին եզրագիծ, որը խորհրդանշում է շմաշանան (վայր, որտեղ վառվում են հուղարկավորության խարույկները)։
Օգտագործվող գույները սովորաբար բնական գունավոր ավազի գույներն են. մանրացված գիպս (սպիտակ), դեղին օխրա, կարմիր ավազաքար, փայտածուխ, փայտածուխի և գիպսի խառնուրդ (կապույտ)։ Կարմիրը և սևը խառնելով՝ կարելի է ստանալ շագանակագույն, կարմիրի և սպիտակի միջոցով ստացվում է վարդագույնը։ Մյուս գույները ստացվում են եգիպտացորենի ալյուրի, ծաղկափոշու, փոշիացրած արմատների և ծառակեղևի միջոցով։
Ավազե մանդալան ոչնչացվում է մեծ հանդիսավորությամբ։ Նույնիսկ աստվածության մասերը հեռացվում են հատուկ կարգով, երկրաչափական պատկերների հետ միասին, մինչև վերանում է ամբողջ մանդալան։ Ավազը հավաքում են անոթներում, ապա փաթաթում մետաքսի մեջ և դնում գետի (կամ հոսող ջրի) մեջ, որտեղ այն վերադառնում է բնությանը։ Սա խորհրդանշում է կյանքի և աշխարհի անհաստատությունը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավազե մանդալա կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |