Ավանակի քվեարկություն

Ավանակի քվեարկություն ( donkey vote) կամ էշական քվե, վարկանիշային քվեարկությամբ ընտրական համակարգերում քվեարկություն, երբ ընտրողը քվեաթերթիկում տրված թեկնածուներին դասակարգում է՝ ելնելով բուն քվեաթերթիկում հայտնվելու հերթականությունից։ Այս կերպ քվեարկող ընտրողը կոչվում է էշական ընտրող։

Սովորաբար դա ենթադրում է թեկնածուների համարակալում ըստ քվեաթերթիկի վրա հայտնվելու հերթականության՝ առաջին նախապատվությունն առաջին ցուցակում ընդգրկված թեկնածուին, երկրորդ նախապատվությունը երկրորդ ցուցակում հայտնված թեկնածուին և այլն։ Այնուամենայնիվ, էշական ձայները կարող են տեղի ունենալ նաև հակառակ ուղղությամբ, այնպես, որ ինչ-որ մեկը թեկնածուներին համարակալի քվեաթերթիկից վարից վեր։ Այն համակարգերում, որտեղ ընտրողից պահանջվում է յուրաքանչյուր թեկնածուի դեմ թվանշան դնել, որպեսզի քվեարկությունը վավեր լինի, ընտրողը կարող է առաջին նախապատվությունը տալ իր նախընտրած թեկնածուին, այնուհետև գործարկել մյուս բոլոր համարները՝ էշական ձևով։

Ավանակի քվեն առավել տարածված է այնտեղ, որտեղ նախապատվության քվեարկությունը զուգորդվում է պարտադիր քվեարկության հետ, ինչպես օրինակ Ավստրալիայում, հատկապես որտեղ բոլոր թեկնածուները պետք է դասակարգվեն քվեաթերթիկում։ Կան երևույթի տարբեր վարկածներ, որոնք կիրառելի են Ավստրալիայի խորհրդարանում և Ավստրալիայի իրավասություններում, որոնք օգտագործում են Հարե-Քլարկ ընտրական համակարգը[1]։

Ավանակի քվեն կարող է առաջանալ մի քանի պատճառներով, ներառյալ ընտրողների ապատիան, բողոքի քվեարկությունը, քվեարկելու ցուցումով քարտերի[2] պարզությունը, քվեարկության համակարգի բարդությունը կամ ընտրողների անտեղյակությունը քվեարկության համակարգի կանոններին։ Երբեմն, այն, ինչ հայտնվում է որպես էշի քվեարկություն, իրականում կարող է լինել ընտրողի իրական նախապատվությունը։

Քվեաթերթիկի օրինակ, որի վրա ընտրողը նախապատվություն է տվել՝ ըստ թվարկված թեկնածուների հերթականության.

Դրսևորում նախապատվությամբ պարտադիր քվեարկության համակարգերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տեղի համար նախապատվությամբ քվեարկությունը կիրառվում է Ավստրալիայի Ներկայացուցիչների Դաշնային պալատի ընտրություններում (1918 թվականից), բոլոր մայրցամաքային նահանգների ստորին պալատների և Հյուսիսային տարածքի օրենսդիր ժողովի ընտրություններում։ Այն նաև օգտագործվել է Արևմտյան Ավստրալիայի օրենսդրական խորհրդի համար մինչև 1986 թվականը, և Վիկտորիայի օրենսդրական խորհրդի համար մինչև 2006 թվականը։ Այն դեռ օգտագործվում է Թասմանիայի օրենսդրական խորհրդի համար։ Մինչև 1973 թվականը Հարավային Ավստրալիայի օրենսդիր խորհրդի համար օգտագործվում էր տարբերակ, որտեղ յուրաքանչյուր «պրովինցիայում» (ընտրական շրջան) երկու տեղ էր լրացվում յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ, բայց նախապատվության մեծամասնական քվեարկությամբ, ոչ թե համամասնական ընտրակարգով։

Էշական քվեն գնահատվել է քվեների 1-ից 2%-ի սահմաններում, ինչը կարող է վճռորոշ լինել մարգինալ տեղի համար[3]։ 2010 թվականի վերանայման ժամանակ Վիկտորիայի ընտրական հանձնաժողովը նշել է[4].

«Թեկնածուները ուրախանում են, երբ տեղի վիճակահանության ժամանակ նրանք զբաղեցնեն առաջին տեղը քվեաթերթիկում, քանի որ նրանք կունենան էշական քվե ունեալու առավելությունը»։

Էշական քվեների ազդեցությունը նվազեցնելու փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին դաշնային ընտրական օրենսդրության մեջ բարեփոխումներ են կատարվել՝ նվազեցնելու էշական քվեարկության ազդեցությունը, ներառյալ.

  • ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի անունից բացի գրել կուսակցությունների անունները (ինչպես ստորև բերված օրինակները Գվիդիրի և Գրեյնդլերի համար).
  • Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատակցի կողմից թեկնածուների առաջադրումների ավարտից և վաղաժամկետ քվեարկության մեկնարկից առաջ թեկնածուների հերթականությունը քվեաթերթիկում բաշխել պատահականորեն (թեկնածուները նախկինում դասավորում էին այբբենական կարգով, ինչը հանգեցնում էր նրան, որ կուսակցություններն առաջադրում էին Ա տառով սկսվող անուններով թեկնածուներ)։

Այս բարեփոխումների, ինչպես նաև ընտրական կրթության ֆինանսավորման ավելացման հաշվին վերջին տարիներին նվազել է դաշնային ընտրություններում ավանակայի քվեարկության ազդեցությունը։ Քանի որ նահանգները նման բարեփոխումներ են իրականացրել, երևույթը նվազել է նաև այլ իրավասություններում։ Այնուամենայնիվ, ավանակային քվեարկությունը դեռևս նկատելի է հատկապես լողացող ձայները կամ երկկուսակցական ընտրությունները գնահատելիս։

2005 Վերիվայի արտահերթ ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մարտի 19-ին Ավստրալիայում տեղի ունեցած Վերիվայի Դաշնային ընտրազանգվածի արտահերթ ընտրությունները Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Մարկ Լաթամի հրաժարականից հետո լավ օրինակ է ավանակի քվեարկության բնույթը հասկանալու համար։

Այս լրացուցիչ ընտրություններում առաջադրվել էր 16 թեկնածու։ Թեկնածուների այս մեծ թվաքանակը հանգեցրեց էշական քվեի խթանմանը։ Յուրաքանչյուր թեկնածու, իր թողարկած քվեարկության կարգը բացատրող ուղեցույցում[2], օգտագործել էր ավանակի ձայնի այս կամ այն տեսակը իր ընտրողներին տված ցուցումում, թե ինչպես նշել նախապատվությունները, ենթադրաբար՝ քվեարկության խնդիրը պարզեցնելու համար։ Քվեարկելը ծանր էր 16 թեկնածուների օգտին քվեարկելու անհրաժեշտության պատճառով, որոնցից շատերը հանրաճանաչ չէին։ Թեկնածուները հիմնականում իրենց առաջին և վերջին մի քանի նախապատվություններն էին նշել թերթիկում՝ ըստ իրենց ցանկության, այնուհետև համարակալել էին մնացածը վերից վար կամ վարից վեր։ Օրինակ, Ավստրալիայի Կանաչների կուսակցությունն առաջարկել էր հետևյալ նախապատվությունները.

15 Վուդգեր, Ջեյնի ( Ավստրալիացիներն ընդդեմ հետագա ներգաղթի )
1 Ռաուե, Բեն ( Ավստրալիայի Կանաչների կուսակցություն )
14 Յանգ, Ջեյմս ( Անկախ )
13 Լիս, Մալ ( Անկախ )
3 Հեյս, Քրիս ( Ավստրալիայի լեյբորիստական կուսակցություն )
12 Ֆոգլեր, Ռոբերտ ( Անկախ )
11 Թան, Գրեգ ( Ավստրալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն )
10 Բրայանտ, Ջո ( Անկախ )
16 Դոգեթ, Չարլզ ( Մեկ ազգ կուսակցություն)
9 Գլուխ, Մայք
8 Սայքս, Միք ( Ընտանիքի առաջնահերթության կուսակցություն )
7 Բարգշուն, Սեմ ( Անկախ )
2 ՄակԳուկին, Փեթ ( Ավստրալիայի Առաջադիմական լեյբորիստական կուսակցություն )
6 Լոք, Դեբորա
5 Աուսի Սթոն Մարկ ( Անկախ )
4 Մաննուն, Նեդ

Քարտի առաջարկված այս օրինակում առաջին նախապատվությունը Կանաչներին, երկրորդ նախապատվությունը Առաջադիմական Լեյբորիստական կուսակցությանը, երրորդ նախապատվությունը Լեյբորիստներին և վերջին նախապատվությունը Մեկ ազգ կուսակցությանն է տրված։ Այս նախապատվություններից հետո մյուսները էշական քվեարկությամբ է բաշխված։

Էշական ձայնը արտացոլվել է նաև Ավստրալացիներն ընդդեմ ներգաղթի կուսակցության բարձր քվե (4,83%) ստանալու մեջ. այդ կուսակցությունը, հավանաբար, շատ ավելի քիչ ձայներ կհավաքեր, բայց քվեաթերթիկում առաջին տեղում լինելու նորհիվ ուշադրության է արժանացել։

Ավստրալիայի Սենատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի Սենատը նախապատվության համակարգով է անցկացրել1919-1949 թվականների ընտրությունները։ 1934 թվականից Սենատի հերթական ընտրությունների ժամանակ նահանգի երեք սենատորներին ընտրելու համար ընտրողները պետք է քվեաթերթիկում նշված թեկնածուներց յուրաքանչյուրի անվան դիմաց հաջորդաբար թվեր դնեին ըստ իրենց նախապատված թեկնածուների (1-ից սկսած հաջորդական ամբողջ թվերով)։ Թեկնածուները կարող էին թվարկվել խմբերով, բայց ընտրողները կարող էին ընտրել թեկնածուների ցանկացած հաջորդականություն՝ անկախ նրանց խմբավորումից, քանի որ Ավստրալիայի սահմանադրության 7-րդ բաժինը նախատեսում է, որ սենատորները պետք է ուղղակիորեն ընտրվեն ժողովրդի կողմից։ Խմբերից յուրաքանչյուրում թեկնածուներին դասավորել էին այբբենական կարգով, իսկ խմբերը` այսպես կոչված «դասակարգված այբբենական կարգով», ինչը երաշխավորում էր, որ խումբը, որտեղ բոլոր ազգանունները սկսվում են «Ա»-ով, կլինի քվեաթերթիկի վերևում, եթե այդ հատկանիշով այլ խումբ չլիներ։ Խմբերը կուսակցության անունով չէին դասավորված, այլ պարզապես որպես A խումբ, B խումբ և այլն։ Էշական ընտրողները ընտրությունը կատարել էին ըստ իրենց ամենավաղ նախապատվությունների A խմբի թեկնածուներից, ուստի այդ դիրքում հայտնված խումբն ուներ ներկառուցված ընտրական առավելություն։

1937 թվականին Նոր Հարավային Ուելսի սենատորների ընտրության ժամանակ Լեյբորիստական խմբում ներկայացված էին չորս թեկնածուներ՝ Սթեն Ամուրը, Բիլ Աշլին, Ջոն Արմսթրոնգը և Թոմ Արթուրը. բոլոր «Չորս Ա»-երը պատշաճ կերպով ընտրված էին։ Սա դրդեց, որ 1940 թվականին ընդունվի Համագործակցության ընտրական ակտ, որը փոխարինեց այդ քվեաթերթիկի դասավորության կարգը, ինչը մոտ է ներկայիս դասավորության տարբերակին, որտեղ յուրաքանչյուր խմբի մեջ թեկնածուների անունների հերթականությունը որոշվում էր այդ թեկնածուների փոխադարձ համաձայնությամբ, ինչը գործնականում նշանակում էր, որ դա որոշվում էր կուսակցական կազմակերպության կողմից։

Չիֆլիի կառավարությունը 1948 թվականին ներդրեց Ավստրալիայի Սենատի համամասնական ներկայացուցչությունը։ Թեկնածուները թվարկվել են այբբենական կարգով՝ ըստ կուսակցական հերթականության, իսկ կուսակցությունների թեկնածուների դիրքը քվեաթերթիկում որոշվել է վիճակահանությամբ՝ թեկնածուների առաջադրումների ավարտից հետո։

Ավստրալիայի խոշոր նահանգներում, ինչպիսիք են Նոր Հարավային Ուելսը և Վիկտորիան, երբեմն քվեաթերթիկում կային 100-ից ավելի թեկնածուներ, որոնցից ընտրողները պետք է համարակալեին յուրաքանչյուր թեկնածուին՝ ըստ իրենց նախապատվության։ Հետևաբար, Սենատի ընտրություններում եղել է ոչ ֆորմալ ձայների և էշական ձայների բարձր տոկոս։

Վիկտորիա նահանգի 2016 թվականի Սենատի մեկ ընտրաթերթիկ (2 կես արած). կամ նշվում է գծից վերև 1-6 կուսակցությունները, կամ` 1-12 գծից ներքև տվյալ կուսակցությունից առաջադրված թեկնածուները[5]

Արդյունքում, 1983 թվականին ներդրվեցին ընտրական բարեփոխումներ, որոնք ընտրողներին հնարավորություն տվեցին այլընտրանք` քվեարկել իրենց նախընտրած 1 կուսակցություն գծից վերև, ինչպես նաև ընտրողները կարող էին ուղղակիորեն քվեարկել առանձին թեկնածուների օգտին և բաշխել իրենց նախապատվությունները, եթե ցանկանային «գծից ներքև»՝ համարակալելով յուրաքանչյուր վանդակն ըստ իրենց նախընտրած նախապատվության[5]։

Նախապատվությունները քվեաթերթի վրա բաշխվու էին քվեարկության մեկնարկից առաջ Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի ներկայացրած քվեաթերթի համաձայն։ Այս բարեփոխումը զգալիորեն նվազեցրեցին Ավստրալիայի Սենատի ընտրություններում էշական քվեարկության և ոչ պաշտոնական քվեարկության դեպքերը։

Այնուամենայնիվ, այս համակարգը հանգեցրել է կուսակցութունների միջև այսպես կոչված ձիու առևտրի` ձայների առևտրի մեծ աճի` նախապատվությունները բաշխելիս, քանի որ այն որոշիչ է որոշումը կայացնելու գործում, թե ով կզբաղեցնի տվյալ նահանգը ներկայացնող վերջին մի քանի պաշտոնները Սենատում։ Օրինակ, 2004 թվականին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Սենատի ընտրություններում Ընտանիքի առաջնահերություն կուսակցությունից Սթիվ Ֆիլդինգի ընտրությունը 1,88% կուսակցական ձայնով պայմանավորված էր այս գործընթացի հետ կապված ձայների առևտրով։ Այն նահանգները, որոնք իրենց Վերին պալատների ընտրություններում օգտագործում են համամասնական ներկայացուցչությունը, օրինակ՝ Նոր Հարավային Ուելսը, օգտագործում են Սենատի ընտրակարգի նման համակարգ։

Վիկտորիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարին մեկ անգամ տեղական ինքնակառավարման խորհրդի անդամի պաշտոնի համար սովորաբար անցկացվում են ընդհանուր ընտրություններ։ Ընտրողները պետք է հաջորդաբար նշեն բոլոր թեկնածուներին ըստ նախապատվությունների, այլընտրանքն անվավեր քվեաթերթիկն է։ Ընտրության համար առաջադրվող թեկնածուների թիվը տատանվում էր 1-ից մինչև 41 թեկնածու։ Չկա կամընտիր նախապատվություն, սովորաբար չկա թեկնածուների խմբավորում քվեարկության շեմից բարձր տարբերակով, ոչ էլ Ռոբսոնի ռոտացիայի[6] միջոցով էշական ձայնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու փորձ[7]։

Վիկտորիայի ընտրական հանձնաժողովի (VEC) կողմից ընտրողին տրամադրվում է նվազագույն տեղեկատվություններ թեկնածուի տեղեկատվական թերթիկով, որը ընտրողին փոխանցվում է փոստային քվեարկության փաթեթով։ Տեղեկատվական թերթիկում յուրաքանչյուր թեկնածու կարող է տրամադրել լուսանկար և 300 բառով իրեն ներկայացնել[8]։

[Թասմանիայի ընտրական հանձնաժողովը] (TEC) հետաքննել է Թասմանիայի տեղական ինքնակառավարման մարմինների երկու ընտրությունների ժամանակ տեղ գտած էշական ձայնի տատանումները։ Արդյունքները հրապարակվել են Robson Rotation Discussion Paper-ում[9] և ներառում են.

ՏԻՄ ընտրություններ

Հետազոտվել են 2002 թվականի Լատրոբի և Մեանդեր Վելիի խորհրդի ընտրությունների քվեաթերթիկները։ Բոլոր պաշտոնական քվեաթերթիկների հարցումը պարզել է.

  • Քվեաթերթիկների 1,4%-ը լրիվ գծային (վերից վար) ձայներ են։
  • Քվեաթերթիկների 0.4%-ը լրիվ գծային ձայներ են, որոնք ընթանում են հակառակ ուղղությամբ (վարից վեր)։
  • Քվեաթերթիկների 2,4%-ը եղել են ամբողջական շրջանաձև ձայներ։
  • Քվեաթերթիկների 27,5%-ը տվել է միայն նվազագույն հինգ նախապատվությունը, իսկ քվեաթերթիկների 66,4%-ը՝ բոլոր 14 թեկնածուներին։ Ընդամենը 6,1%-ն է քվեարկել թեկնածուների թվի օգտին։
  • Քվեաթերթիկների 27,9%-ը պարունակել է մասնակի գծային քվեարկություն։ Այսինքն՝ ընտրողներն իրենց առաջին մի քանի նախապատվությունները տալիս են ակնհայտ խնամքով, իսկ հետո մնացած վանդակները լրացնում են ուղիղ հաջորդականությամբ՝ քվեաթերթիկով վեր կամ վար։

Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի (AEC) և Վիկտորիանայի ընտրական հանձնաժողովի(VEC) կողմից օգտագործվող պարզեցված էշական ձայնը չի հստակեցվում մասնակի գծային քվեարկությունում (որը ներառում է էշական ձայնի բաղադրիչը)։ VEC-ը յուրաքանչյուր ընտրությունից հետո զեկուցում է Վիկտորիայի խորհրդարան[10], բայց չի քննարկում էշական ձայնի տատանումների կողմնակալության հետ կապված խնդիրները։ Այդ առումով չկա որևէ վերլուծություն, որի վրա կարելի լիներ հիմնվել ՏԻՄ ընտրությունների արդյունքների համար[11]։

«2022 դաշնային ընտրությունների ուսումնասիրությունը» ներկայացրել է[12] 2008-2021 թվականներին Վիկտորիա նահանգի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վիճակագրական վերլուծությունը[13]։ Այս վերլուծությունը եզրակացրեց, որ 5 և ավելի թեկնածուներով քվեաթերթիկում 45%-ով ավելի շատ թեկնածուներ կընտրվեն թիվ 1 դիրքով, քան ակնկալվում էր արդար ընտրություններում[14]։ Այս էֆեկտն ավելի ցայտուն է դառնում ավելի մեծաթիվ թեկնածուներով քվեաթերթիկներում։ Թեև այս ազդեցություններն ավելի ցայտուն են ՏԻՄ ընտրություններում, քանի որ թեկնածուները շատ են, սովորաբար 2-ից 18-ից մինչև առավելագույնը 41 թեկնածու, էշական քվեները կարող են ազդել Ավստրալիայի բոլոր ընտրություններում ձայների վրա, որտեղ մեղմացուցիչ միջոցներ չեն կիրառում[15]։

Ընտրություններ՝ օգտագործելով միասնական փոխանցվող քվե

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի ընտրություններում 1995 թվականին կիրառվել է ընտրաթերթիկներ ըստ Ռոբսոնի ռոտացիայի. թեկնածուների անունների տարբեր հերթականությամբ տպագրված քվեաթերթիկներ, երբ սյունակի ոչ մի թեկնածու չունի յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա նույն դիրքում հայտնվելու առավելություն: Սա նշանակում է, որ քաղաքական կուսակցությունները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա՝ խնդրելով թեկնածուներին ցուցակագրել որոշակի հերթականությամբ: Ռոբսոնի ռոտացիան թույլ է տալիս ընտրողներին ընտրել, թե որ թեկնածուներին են ցանկանում ներկայացնել իրենց ընտրությամբ, այլ ոչ թե քաղաքական կուսակցության կողմից ընտրված կարգով[16]:

Ավստրալիայի երկու իրավասություններ` Թասմանիայի ժողովի պալատը և Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի օրենսդրական ժողովը (վերջինս միապալատ համակարգ է), օգտագործում են մեկ փոխանցվող ձայն կամ քվե (STV-Single transferable voting), որը նաև հայտնի է որպես Հարե-Քլարկ համամասնական ներկայացուցչության համակարգ։ Թասմանիան օգտագործում է Հարե-Քլարկը 1907 թվականից, իսկ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը 1995 թվականից։

Թասմանիայում թեկնածուների ցուցակը նախկինում կուսակցության սյունակում այբբենական կարգով էր, ինչը հանգեցնում էր էշական ձայնի ազդեցությանը։ Որպեսզի քվեաթերթիկը վավեր լինի, ընտրողները պետք է համարակալեն այնքան թեկնածու, որքան թափուր տեղեր կան, թեև ցանկության դեպքում նրանք ազատ են համարակալելու բոլոր թեկնածուներին։

Այնուամենայնիվ, նկատվել է, որ հաճախ այն թեկնածուն, ում անունը հայտնվում է հանրաճանաչ թեկնածուի անվան տակ (օրինակ՝ պետության կուսակցության առաջնորդը) ընտրվում է առաջնորդից հետո` երկրորդ նախապատվությամբ։ Քանի որ հանրաճանաչ առաջնորդները, ինչպիսիք են Ռոբին Գրեյը, Քեյթ Կարնելը կամ Ջոն Սթենհոփը, իրենց ժողովրդականության գագաթնակետին հասել են առաջին նախապատվության ձայների մի քանի քվոտաների, այս պաշտոնի ազդեցությունը կարող է հանգեցնել նրան, որ թեկնածուները հայտնվեն առաջնորդների «թիկնոցի տակ»։ Նմանատիպ երևույթ է նկատվել նաև Իռլանդիայում և Մալթայում, որոնք նույնպես օգտագործում են մեկ փոխանցվող քվե (թեկնածուները դասակարգված են այբբենական կարգով)։

1979 թվականին Բաս ընտրատարածքից Լիբերալ կուսակցության անդամ Նիլ Ռոբսոնը Թասմանիայի խորհրդարանում ներկայացրել է համակարգը, որը հայտնի է որպես Ռոբսոնի ռոտացիա։ Ըստ այս համակարգի, յուրաքանչյուր քվեաթերթիկում թեկնածուները դասավորված են ըստ տարբեր ռոտացիաների, ուստի յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսված է իր կուսակցության սյունակի յուրաքանչյուր պաշտոնում գրանցված դեպքերի որոշակի տոկոսը։ Այդպիսով հավասարապես են բաշխվում էշական ձայները և զրոյանում է մեկ կուսակցության թեկնածուի արդյունքի վրա դրանց ազդեցությունը, միաժամանակ թույլ տալով, որ կուսակցություններից յուրաքանչյուրն իրեն համապատասխան օգուտը քաղի։

Դրսևորում այլ ընտրական համակարգերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայից բացի էշական քվեարկություններ նկատվել են այլ ժողովրդավարական երկրներում, որտեղ նույնիսկ չկա պարտադիր նախապատվությամբ քվեարկություն, թեև այս երկու գործոնների առկայությունը Ավստրալիայում ավելի տեսանելի է դարձնում այդ երևույթը։

Այն համակարգերում, որտեղ քվեարկությունը ոչ պարտադիր է, անտրամաբանական կլիներ, որ ընտրություններին մասնակցողներն անտարբեր լինեն։ Այնուամենայնիվ, կարող են լինել հակազդող գործոններ, որոնք «էշական քվե» են առաջացնում նույնիսկ ընտրություններին կամավոր մասնակցության դեպքում։ ԱՄՆ-ի շատ ընտրություններում ընտրողը կարող է լիովին հետաքրքրված լինել (օրինակ) նախագահական մրցապայքարով, բայց ոչ այլ` միևնույն «երկար քվեաթերթիկով» այլ, ավելի քիչ հայտնի մրցավազքով։

Քանի որ ոչ նախընտրությունով ընտրությունների մեծ մասը ընտրողից պահանջում է նշել միայն մեկ թեկնածու կամ մեկ միասնական կուսակցության ցուցակ, անհնար է դառնում ենթադրել, թե քվեաթերթիկում առաջին թեկնածուի կամ կուսակցության քանի ձայնն է իսկական համախոհ, և քանիսն է էշական ձայն։

Որոշ ընտրություններում (օրինակ Գերմանիան և ԱՄՆ որոշ նահանգներ ), քվեաթերթիկում կուսակցությունների հերթականությունը դասավորված է նախորդ ընտրություններում նրանց աջակցության նվազման կարգով է (նոր կուսակցությունները պատահական կարգով ամենացածրն են)։ Նման համակարգը բարձր ընտրական դիրքը դարձնում է ընտրական բարձր աջակցության և՛ պատճառ, և՛ հետևանք։

Էշական քվեարկությունը ցուցադրվում է ԱՄՆ նահանգային ընտրություններում, որոնք օգտագործում են «երկար քվեաթերթիկը» բազմաթիվ պաշտոնների համար, կամ բազմամանդատ ընտրություններում, որտեղ կան մի քանի թեկնածուներ նույն կուսակցությունից։

Դենվերում Դեմոկրատական կուսակցության ընտրատեղամասի երկարամյա ղեկավարը նշել է, որ բացի կուսակցական կամ լոբբի աջակցություն ունենալուց, թեկնածուն պետք է բարձր տեղ զբաղեցներ քվեաթերթիկների ցուցակում։ Քանի որ քվեաթերթիկների դասակարգումը այբբենական էր, Դենվերի սենատորներից շատերն ունեին անուններ, որոնք սկսվում էին Ա, Բ, Գ տառերով»[17]։

1990 թվականին, երբ նախկին հանրապետական սենատոր Լոուել Վեյքերը առաջադրվել էր Կոնեկտիկուտի նահանգապետի պաշտոնում ամերիկյան երկու հիմնական քաղաքական կուսակցությունների թվում (Հանրապետական և Դեմոկրատական ), նա իր կուսակցությունը միտումնավոր անվանեց «Կոնեկտիկուտի կուսակցություն», որպեսզի այբբենական կարգով առաջինը հայտնվի քվեաթերթիկում (Կոնեկտիկուտը գրվում է անգլերեն այբուբենի երրորդ տառով` C): Եվ նա հաղթեց ընտրություններում[18][19]։

2018 թվականի Հյուսիսային Կարոլինայի Գերագույն դատարանի ընտրություններում կանոնների փոփոխությունը հանգեցրեց նրան, որ քվեաթերթիկների անունների հերթականությունը տարբերվում էր նախորդ տարիներից։ Ամերիկյան Charlotte Observer թերթը պնդում է, որ «ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քվեաթերթիկների հերթականությունը ձեռնտու է առաջինը նշված թեկնածուին և կարող է փոփոխություն մտցնել տվյալ մրցավազքում», թեև նահանգը կամավոր մասնակցությամբ քվեարկությամբ առաջին տեղում է[20]։

Միացյալ Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ փոխանցվող ձայնով (STV-Single transferable voting) ընտրակարգի կողմնակից բրիտանացի ակտիվիստ Էնիդ Լեյքմանը նշել է նույն ազդեցությունը Մեծ Բրիտանիայի տեղական ինքնակառավարման ընտրություններում, որտեղ զգալի թվով ընտրողներ` հրավիրված լինելով, ենթադրենք ավագանու երեք թեկնածուներից X-ի կողմից, քվեաթերթիկում ամենաբարձր դիրքում գտնվող երեքի դիմաց պարզապես կնշեն X, նույնիսկ եթե նրանք տարբեր կուսակցություններից են։

Իռլանդիայում, որտեղ քվեարկությունը նախապատվության կարգով է, բայց ոչ պարտադիր, էշական քվեարկությունն իր ամենամեծ ազդեցությունն ունի ոչ թե կուսակցությունների, այլ նրանց ներսում։ Թեկնածուների այբբենական ցուցակով և յուրաքանչյուր խոշոր կուսակցությունից մի քանի թեկնածուներով՝ յուրաքանչյուր շրջանի երեքից հինգ մանդատների համար, A-ից M ազգանուններով Dáil Éireann Ստորին պալատի պատգամավորների համամասնությունը սովորաբար 50%-ից շատ ավելի բարձր է, մինչդեռ դա բնակչության միայն կեսն է (ըստ իռլանդական հեռախոսային գրացուցակի)[21]։

O'Reilly-ն ընդդեմ շրջակա միջավայրի նախարարի[22] գործով Իռլանդիայի Գերագույն դատարանը հաստատեց այբբենական կարգով ցուցակների սահմանադրական վավերականությունը՝ ընդդեմ իրավահավասարության վիճարկման՝ նշելով, որ թերություններով հանդերձ` այբբենական կարգով դասավորությունն ունի առավելություն. այն հեշտացնում է քվեաթերթիկում թեկնածուներ գտնելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Hare-Clark system of proportional representation». prsa.org.au. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 «Pictures of How-To-Vote Cards». web.archive.org. 2011 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. Malcolm Mackerras, The "Donkey Vote", The Australian Quarterly, Vol. 40, No. 4 (Dec., 1968), pp. 89–92
  4. Victorian Electoral Commission (2011), Report to Parliament on the 2010 Victorian State Election, https://www.vec.vic.gov.au/media/08680c0035b34af4b6ea2074edc763a4.ashx(չաշխատող հղում), Section 11 Statistical Overview Of The Election, Page 73
  5. 5,0 5,1 «Voting in the Senate». Australian Electoral Commission (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Robson Rotation». www.prsa.org.au. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Robson Rotation: Provisions of Tasmania's Electoral Act 2004». www.prsa.org.au. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Candidate Handbooks and Information Kits
  9. A discussion paper on Robson rotation in Tasmania
  10. Local council elections 2020 – Report to Parliament
  11. Local Government Election Results 2008 – 2021 Text was copied from this source, which is available under a Creative Commons Attribution 4.0 International License.
  12. «Inquiry into the 2022 federal election».
  13. Page, G (2022), Inquiry into the 2022 federal election, Submission 331, https://www.aph.gov.au/Parliamentary_Business/Committees/Joint/Electoral_Matters/2022federalelection/Submissions
  14. Page, G (2022), Inquiry into the 2022 federal election, Submission 331, https://www.aph.gov.au/Parliamentary_Business/Committees/Joint/Electoral_Matters/2022federalelection/Submissions, p 3
  15. Page, G (2022), Inquiry into the 2022 federal election, Submission 331, https://www.aph.gov.au/Parliamentary_Business/Committees/Joint/Electoral_Matters/2022federalelection/Submissions, p 35
  16. ACT (2020 թ․ մայիսի 7). «Ballot Papers for the Legislative Assembly». www.elections.act.gov.au (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. Ward EY Elliott. The Rise of Guardian Democracy. The Supreme Court's Role in Voting Rights, 1845–1969 (Մասաչուսեթս։ Harvard UP, 1974), էջ 362, մեջբերելով բողոքողների համառոտագիրը Lucas v Colorado- ում
  18. Two parties-or more? by John F. Bibby and Louis Sandy Maisel
  19. Yarrow, Andrew L. (1992 թ․ հուլիսի 27). «Third Party Celebrates Its Second Year». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. Morrill, Jim (2018 թ․ հուլիսի 6). «How a small change in the law could have a big impact on NC's Supreme Court race». The Charlotte Observer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. B Walsh and C Robson, Alphabetical Voting: A Study of the 1973 General Election in the Republic of Ireland, Economic and Social Research Institute (ESRI), General Research Series No #71, Dublin, January 1973
  22. O’Reilly v Minister for Environment [1986] IR 143

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]