Ավստրիական Ամադեուս երաժշտական մրցանակաբաշխություն (անգլ.՝ The Amadeus Austrian Music Awards), ավստրիական երաժշտական ոլորտում նշանակալից գործունեության համար տրվող ամենամյա մրցանակաբաշխություն է։ Այն տրվում է 2000 թվականից ի վեր՝ ամենահաջողակ ավստրիացի երաժիշտներին, և 2012 թվականից սկսած յուրաքանչյուր մարտ ամսին անց է կացվում Վիեննայի Ժողովրդական թատրոնում (գերմ.՝ Volkstheater)։ Այն Գրեմմի մրցանակաբաշխության (անգլ.՝ Grammys) ավստրիական համարժեք տարբերակն է։
Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Ավստրիայի ֆոնոգրամ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI, անգլ.՝ International Federation of the Phonographic Industry) կողմից և հեռարձակվել է ավստրիական ազգային հեռարձակող Ավստրիայի ազգային հեռուստառադիոընկերության (ORF, գերմ.՝ Österreichischer Rundfunk) կողմից։ Շոուն վարել է Անդի Նոլլը (անգլ.՝ Andi Knoll)։ 2008 թվականին Puls 4 և ProSiebenSat. 1 Media հեռարձակողներն սկսեցին միասին կազմակերպել միջոցառումը։ 2008 թվականից մինչև 2010 թվականը միջոցառումը վարել է Միխայիլ Օստրովսկին (Michael Ostrowski), իսկ 2012 թվականից վարել սկսել է Մանուել Ռուբեյը (Manuel Rubey)։ 2012 թվականից միջոցառումն անց է կացվել Ժողովրդական թատրոնում, իսկ նախկինում այն անց է կացվել Վիեննական գազոմետրերում, Վիեննայի արվեստի սրահում և Վիեննայի քաղաքային սրահում։ 2011 թվականի միջոցառումը չեղարկվել է և ավելի ուշ տեղափոխվել է որպես 2012 թվականի միջոցառում[1]։