Ավրորա (մրցանակ) | |
---|---|
Տեսակ | պարգև |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրվել է | 2016 |
Շնորհվում է | խիզախության, նվիրվածության և ազդեցության համար |
Առաջին շնորհում | 24 ապրիլի, 2016 |
Անվանված է | Ավրորա Մարտիկանյան |
«Ավրորա» (անգլ.՝ Aurora Prize for Awakening Humanity), համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ Այն ունի 1 մլն ԱՄՆ դոլար դրամական ֆոնդ: «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: [1]։
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 300.000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ՝ որպես աջակցություն իր կատարած կենսական աշխատանքի, եւ նվիրատվության շթղան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 600.000 ԱՄՆ դոլարը հատկացնելու համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ դափնեկրի ընտրած մարդասիրական կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց: Դրանից բացի, «Ավրորայի» մյուս երկու հերոսներն (մրցանակի հավակնորդները) ստանում են միանվագ 50.000-ական ԱՄՆ դոլար պարգեւ (ընդհանուր՝ 100.000 ԱՄՆ դոլար):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագծերից մեկն է[2]։ Այն պաշտոնապես մեկնարկել է 2015 թ. մարտի 10-ին Նյու Յորքում։ «Ավրորա» մրցանակի հիմքում Հայոց ցեղասպանության տարիների խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմություններն են։
Մրցանակը անվանվել է Արշալույս Մարտիկյանի անունով, որը դառնալով Հայոց ցեղասպանության ականատեսը, փրկվելով ստրկությունից, երկրից երկիր տեղափոխվելով՝ ի վերջո հասել է Միացյալ Նահանգներ։ Նա վերցրել է Ավրորա Մարդիգանյան անունը և գրել է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը պատմում է նրա վերապրած սարսափելի իրադարձությունների մասին։ Այս գիրքը հետագայում հիմք ծառայեց մի ֆիլմի համար, որի գլխավոր դերակատարն Ավրորան է։ Տարիներ շարունակ այս ֆիլմը մեծ ճանաչում գտավ Միացյալ Նահանգներում և հսկայական դեր խաղաց Հայոց ցեղասպանության մասին իրազեկման գործում։ Հռոմեական դիցարանի արշալույսի աստվածուհին՝ Ավրորան ևս ծառայել է մրցանակի անվանման ներշնչանքի աղբյուր. մրցանակը նպատակ ունի լույս սփռելու այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը[3]։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է։ Այն նպատակ ունի աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը։ Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր։
Երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչ ուժն է։ Աշխարհով մեկ սփռված այն անհամար փրկվածները, որոնք վերապրելու հնարավորություն են ստացել շնորհիվ ուրիշների մեծահոգության, կարող են լավագույնս արտահայտել իրենց րախտագիտությունը՝ համարժեք քայլ կատարելով։ Սա է գործով արտահայտված երախտագիտությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն «Ավրորան» ստեղծել են որպես երախտագիտությունը գործով արտահայտելու միջոց։ Նրանք ցանկանում են ոգեշնչել նրանց, ովքեր օգնություն են ստացել վտանգի պահերին, որպեսզի վերջիններս արտահայտեն իրենց երախտագիտությունն այլոց օգնելու միջոցով։ Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման և «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, և ամենակարևորը՝ կմեծանա փրկվածների թիվը։
«Ավրորա» մրցանակը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Որպես համահիմնադիր՝ 2024 թ. նրանց է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ աջակցելու նախաձեռնության զարգացմանը գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո: Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով և դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարած մարդկանց պարգևատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում[4]։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ եւ խորհրդատու Վարդան Գրեգորյանը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին։
#AraratChallenge համաշխարհային դրամահավաք-շարժումը մեկնարկել է 2019թ. հուլիսի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։ Այն հորդորում է նկարահանել եւ տեղադրել Արարատ լեռան նկար, քանդակ կամ որեւէ այլ պատկեր ներառող հոլովակներ եւ դրանցում կոչ անել մարդկանց նվիրատվություն կատարել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագծերին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին։ Արշավը նպատակ ունի ընդլայնելու այդ ծրագրերի ազդեցությունը եւ բարձրացնելու «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» առաքելության մասին իրազեկությունը։ #Ararat Challenge շարժմանը կարող է միանալ յուրաքանչյուրը։
Ամեն տարի «Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք, արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով, բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում[5]։
«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել յուրաքանչյուր անհատ կամ խումբ, որն աչքի է ընկել մարդասիրական բացառիկ արարքով։ Ինքնառաջադրումներ չեն թույլատրվում[6]։
Առաջադրված թեկնածություններն ուսումնասիրվում են և դիտարկվում խիստ ընթացակարգով։ Անկախ փորձագետների խորհուրդը, որում ներգրավված են մարդասիրական ոլորտի մասնագետներ և մարդասիրական կազմակերպությունների առաջնորդներ, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և ընտրում 20-25 թեկնածուների, որոնք ներկայացվում են Ընտրող հանձնաժողովի ուշադրությանը։ Վերջնական ընտրությունը կատարում է անկախ Ընտրող հանձնաժողովը[7], որի որոշումը հիմնվում է թեկնածուի ցուցաբերած հետևյալ հատկանիշների վրա.
Մրցանակի հանձման անդրանիկ տարում Ընտրող հանձնաժողովի համանախագահներն էին Նոբելյան մրցանակի դափնեկիր, լուսահոգի Էլի Վիզելը և օսկարակիր դերասան և մարդասեր Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն էին Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արյասը, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր Շիրին Էբադին, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կանանց խաղության և անվտանգության ցանցի (WIPSEN-Africa) գործադիր տնօրեն Լեյմա Գբովին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախկին ղեկավար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը[10]։
2016 թվականի «Ավրորա» մրցանակի թեկնածությունների առաջադրումն սկսվել է 2015 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել՝ հոկտեմբերի 1-ին։ Ներկայացված 186 առաջադրումները ներառել են 113 թեկնածուներ՝ 27 երկրից։
«Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2016 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում[13]։
Մրցանակաբաշխությունը վարում էին Դևվիդ Իգնաթիուսը՝ Washington Post («Վաշինգտոն փոստ») թերթի սյունակագիր, և հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Մրցանակաբաշխությունը մեկնարկեց «Ավրորա» անիմացիոն ֆիլմով, որի ռեժիսորը Էրիկ Նազարյանն է։ Ֆիլմում հնչում է Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» երգը[14]։
Հավակնորդներից յուրաքանչյուրը ներկայացվել է Անդրեյ Լոշակի հեղինակած ֆիլմերով[15]։
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ կենդանի երաժշտությունը հնչում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։ Արարողության ֆանֆարների հեղինակը Ստեփան Շաքարյանն է։ Մանվել Մաթևոսյանի կերտած արձանիկը ներկայացվեց «Զույգ արևներ» բալետի հատվածի ուղեկցությամբ՝ «Բալետ 2021 հիմնադրամ» պարային խմբի կատարմամբ (պարուսույց Ռուդոլֆ Խառատյան)՝ զուգորդված Ավետ Տերտերյանի և Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց հատված Արամ Խաչատրյանի «Զանգերի սիմֆոնիայից»։ Սոպրանո Հասմիկ Պապյանը կատարեց Բարսեղ Կանաչյանի «Օրորը»։ Արարողությունն ավարտվեց «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով՝ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ[14]։
«Ավրորա» անդրանիկ մրցանակը շնորհվել է Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեին՝ երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու և հազարավոր կյանքերի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար։
Բարանկիցեն իր կյանքը նվիրաբերել է դաժանությունից և բռնությունից փրկվել փորձող երեխաներին ապահով ապաստան ու կրթություն տրամադրելուն։ Պատերազմի սկզբում ազգությամբ թութսի Բարանկիցեն հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին։ Սակայն նրանց բոլորին գտել են և տեղում սպանել՝ Մարգարիտին էլ հարկադրելով այդ ոճիրի ականատեսը լինել։
Այս սոսկալի փորձառությունից հետո, որն իսկական քննություն էր մարդկայնության հանդեպ նրա հավատի համար, Մարգարիտ Բարանկիցեն սկսում է փախստականներին և երեխաներին փրկելու ու խնամելու իր գործունեությունը։ Հաջորդած 20 տարիներին նրան հաջողվում է փրկել ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի, իսկ 2008 թվականին բացում է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ[16][17][18][19]։
«Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»։ |
2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն 1 միլիոն դոլարի մրցանակն ուղղել է իրեն ոգեշնչած հետևյալ կազմակերպություններին՝ Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ հիմնադրամ (Fondation Jean-Francois Peterbroeck), Գրանդ-Դուքս և Գրանդ-Դքսուհի հիմնադրամ (Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse), «Բրիդերլեխ Դիլեն» հիմնադրամ (Bridderlech Deelen)[20]:
Որպես դափնեկիր՝ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց 100 հազար դոլարի պարգև։ 1 միլիոն դոլարի մրցանակն էլ տրամադրվեց նրա առաջադրած կազմակերպություններին փախստական երեխաների և որբերի վերականգնմանը նպաստելու, նրանց ցուցաբերվող օգնությունը խթանելու, ինչպես նաև մանկական աղքատության դեմ պայքարին օժանդակելու նպատակով[21]։
Ավրորա մարդասիրական մրցանակի արձանիկը կերտել է Մանվել Մաթևոսյանը և կոչվում է «Դեպի հավերժություն»[22]։
Ընտրող հանձնաժողովը նախագահում է դերասան և բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն[23][24]։
2016 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ։ Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից։ 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017 թ. փետրվարին[25]։
2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են
Անուն | Երկիր | Աշխատանք |
---|---|---|
Թոմ Քաթինա | ԱՄՆ | Բժիշկ Թոմ Քաթինան պատերազմի մեջ գտնվող Նուբա լեռներում միակ վիրաբույժն է և տարեկան իրականացնում է ավելի քան 1000 վիրահատություններ։ |
Ֆարթուն Ադան
և |
Սոմալի | Ֆարթուն Ադան և Իլվադ Էլմանը մայր ու աղջիկ են։ Նրանք հիմնադրել են «Էլմեն» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը որի միջոցով Սոմալիում պայքարում են խաղաղության հաստատման համար։ |
Ջամիլա Աֆղանի | Աֆղանստան | «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության հիմնադիր, որն զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ։ |
Մուհամեդ Դարվիշ | Սիրիա | Սիրիայի`պաշարման մեջ գտնվող 40 հազար բնակչություն ունեցող Մադայա քաղաքում մնացած 3 բժիշկներից մեկը, որը տրամադրում է բժշկական օգնություն` չնայած սահմանապակ բժշկական կրթության։ |
Դենիս Մուկվեգե | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | Փանզի հիվանդանոցի հիմնադիր, բուժում է սեռական բռնությունների ենթարկված կանանց և նրանց ցուցաբերում կրթական և իրավական աջակցություն Կոնգոյի Դոմոկրատական Հանրապետությունում։ |
2017 թվականին «Ավրորա» մրցանակը շնորհվել է «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինային, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում։ Բժիշկը հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար՝ Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև տևական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Օգնություն ստանալու համար մարդիկ երբեմն մի ամբողջ շաբաթ քայլում են և սովորաբար հիվանդանոց են այցելում ռմբակոծություններից ստացած վնասվածքներով և բազում այլ հիվանդություններով՝ ոսկորների կոտրվածքներից մինչև մալարիա ու թերսնում։ Ընդհանուր առմամբ՝ բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի և տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում[26]։
2017 թվականին «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան 1 միլիոն դոլարի մրցանակն ուղղել է երեք կազմակերպություններին[26]՝
Ընտրող հանձնաժողովը նախագահում է դերասան և բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Լորդ Արա Դարզին, Բերնարդ Քուշները և Սամանտա Փաուերը[23][24]։
2018 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ։ Առաջադրման փուլի ընթացքում (2017 թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենյայից։ Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից։
2018 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հրապարակվեցին 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության եւ անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության եւ աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ «Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացնում է այս տարվա երեք հերոսներին.
1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ շնորհվեց 2018 թ. հունիսի 10-ին։ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի ներքո տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի պաշտպան Բենջամին Ֆերենցը (1920-2023 թթ.) և դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Բերնարդ Քուշները և Սամանտա Փաուերը, Ջոն Փրենդերգասթը, Վալերի Գերգիևը[23][24]։
2019 թվականի «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից եւ 72 երկրներից՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Սիրիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հայաստանը և Սինգապուրը։
2019 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հրապարակվեցին 2019 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը։ Այդ բացառիկ հերոսներն ընտրվել են դրսեւորած եզակի խիզախության, նվիրվածության եւ ազդեցության համար։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Այս տարվա երեք հերոսներն են.
2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանում։ Մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի ժամանակ, որը կանցկացվի Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 14-21-ը։
2019 թվականի հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մրցանակի դափնեկիր է դարձել Միրզա Դինային[27][28]։
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի պաշտպան Բենջամին Ֆերենցը (1920-2023 թթ.) և դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Վարդան Գրեգորյանը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Բերնարդ Քուշները և Սամանտա Փաուերը, Ջոն Փրենդերգասթը, Փոլ Փոլմանը։
Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացեց «ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկում՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրն անցկացվող քննարկման ժամանակ հայտնի դարձան նաեւ 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները։
2020 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր են դարձել Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը։
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի պաշտպան Բենջամին Ֆերենցը (1920-2023 թթ.) և դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Բերնարդ Քուշները, Ջոն Փրենդերգասթը, Փոլ Փոլմանը, Դելե Օլոջեդեն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայատարարեց 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար։ Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական եւ մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը։ 2021 թ. «Ավրորայի» հերոսներն են.
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվել է Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, 2021 թ. հոկտեմբերի 9-ին։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական վեցերորդ մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին։
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի պաշտպան Բենջամին Ֆերենցը (1920-2023 թթ.) և դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Բերնարդ Քուշները, Ջոն Փրենդերգասթը, Փոլ Փոլմանը, Դելե Օլոջեդեն։
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է իր Տնօրենների խորհրդի անդամներին։ Նրանք տարբեր փորձառություններ ունեն գործարար եւ հանրային ոլորտներում, բարեգործության եւ հաղորդակցության ասպարեզում։ Նրանց փորձը եւ ձգտումը հասնելու էական փոփոխության կարեւոր են մեր նախաձեռնության համար իր առջեւ դրած նպատակներին հասնելու եւ աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված համայնքների համար երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից։
«Ավրորայի» տնօրենների խորհուրդը.
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, պատվավոր համանախագահն է օսկարակիր դերասան եւ բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Ջոն Փրենդերգասթը, IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Համդի Ուլուկայան, «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը։
2024 թ. «Ավրորայի» հերոսները
Դափնեկիր
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին։ Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով։
Aurora Dialogues քննարկումների շարքն աշխարհի առաջատար հումանիտար, գիտական, քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների եւ բարերարների համար հարթակ է՝ հավաքվելու եւ այսօրվա մարդասիրական ամենահրատապ մարտահրավերների մասին կարևոր քննարկումներ ունենալու համար։ «Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարին հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել։
Համաշխարհային մարդասիրական ոլորտի ներկայացուցիչները ժամանեցին Երևան՝ մասնակցելու 2016 թ. ապրիլի 23-ին Մատենադարանում տեղի ունեցած Aurora Dialogues քննարկումներին։ Մասնակիցները, որոնց թվում էին Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին և Գարեթ Էվանսը, իրենց տեսակետները հայտնեցին փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրության ոլորտում հանրության մեջ կանանց դերի և աշխարհի ուշադրությունը հումանիտար ճգնաժամերի վրա բևեռելու հարցում մեդիայի դերի վերաբերյալ[29][30][31]։
2017 թ. Aurora Dialogues քննարկումները տեղի են ունեցել մայիսի 27-28-ը՝ Երևանում և դեկտեմբերի 4-5-ը՝ Բեռլինում։
2017 թ. մայիսի 27-ին և 28-ին Հայաստանում կայացավ 2017 թ. Aurora Dialogues-ը՝ ամենհրատապ գլոբալ հումանիտար խնդիրներին նվիրված երկօրյա քննարկումը։ Ծրագիրն անդրադարձավ հարցերի այնպիսի լայն շրջանակի, ինչպիսիք են փախստականների ճգնաժամի պատճառները, դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև դրանց պատասխանների տարբեր ձևերը՝ հումանիտար օժանդակություն, կրթություն, սոցիալական ինտեգրացիա, որոնք ազդում են առավել ռիսկային խմբերի վրա։
Բեռլինում 2017 թ. Aurora Dialogues-ը, որի թեման էր «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն», անցկացվեց «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում։ Բանախոսները անդրադարձան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և դիտարկեցին տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև խոսեցին զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել։
2018 թ. Aurora Dialogues քննարկումներ
Նյու Յորքում մարտի 1-ին տեղի ունեցավ Aurora Dialogues քննարկումներ, որն անցկացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի համագործակցությամբ, մարդասիրական համայնքի նշանավոր ներկայացուցիչներ խոսեցին մարդկային համերաշխության դրդապատճառների մասին։ Միջոցառումը, որն ընթացավ «Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով, նվիրված էր այն հարցին, թե աղետի պայմաններում ինչն է մարդկանց դրդում, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։
«Ազդեցության ապագան» խորագրով 2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայում, որը համատեղ կազմակերպել էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, PHILIN-ը եւ ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցը, տեղի ունեցավ 2018թ. ապրիլի 26-ին ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցում։ Մասնակցում էին հումանիտար ոլորտի, ակադեմիայի հեղինակավոր ներկայացուցիչներ, բարերարներ, ձեռներեցներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին սոցիալական ազդեցության էությունը։
2018 թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ Aurora Dialogues երեւանյան երրորդ քննարկումները՝ «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» խորագրով։ Քննարկումները հնարավոր էին դարձել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության եւ «Գլոբալ հեռանկարներ» (Global perspectives) նախաձեռնության հետ համագործակցության շնորհիվ։ Aurora Dialogues քննարկումներին մասնակցելու էին եկել մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ։
2019թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում։ Այստեղ էին հավաքվել ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ և քաղաքացիական հասարակության անդամներ՝ քննարկելու և դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար։
Կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված՝ 2020 Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին առցանց եւ հնարավորություն տվեցին մարդկանց միանալու եւ մասնակցելու աշխարհի տարբեր անկյուններից։ Ինն այդպիսի միջոցառումների ընթացքում քննարկեցին կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ, փախստականների, կրթության եւ ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ այլ մարտահրավերների վերաբերող հարցեր։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Aurora Dialogues քննարկումների որոշ միջոցառումներ դեռ անցկացվում են առցանց։
2022 թ. «Ավրորայի» միջոցառումները Վենետիկում մեկնարկեցին «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» խորագրով 2022 թ. Aurora Dialogues քննարկումով, որը տեղի ունեցավ Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Քննարկմանը ներկայացվեց 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Հադի Ջումանի, Մահինուր էլ-Մասրիի խիզախ գործունեությունը:
Հոկտեմբերի 16-ին Վենետիկի Կա Ֆոսկարիի համալսարանում տեղի ունեցավ «Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ» խորագրով Aurora Dialogues քննարկում:
2023 թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվել են առցանց։
«Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index) բացառիկ հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը։ Այն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը հումանիտար միջամտության արդյունավետության և ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաև այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
Հարցումն իրականացվում է բազմաթիվ երկրներում, իսկ արդյունքները ներկայացվում են ամեն տարի՝ Aurora Dialogues քննարկումների ընթացքում, որը հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչների մասնակցությամբ քննարկումների միջազգային հարթակ է։
2016 թ. ապրիլի 22-ին հրապարակվեցին համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս և առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։
2017 թ. մայիսի 25-ին հրապարակվեցին «Ավրորա» մարդասիրության ցուցիչի միջազգային հետազոտության արդյունքները։ Ըստ հետազոտության՝ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, եւ փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայնորեն տարածված անվստահություն։ Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր՝ այս տարի հարցվածների 63 տոկոսի կողմից։ Դրան հետևում են հարուստների և աղքատների միջև խորացող խզումը, սովը, կլիմայական փոփոխությունները և պարտադրված միգրացիան։
«Ավրորա» երախտագիտության նախագծերը մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու աշխարհի տարբեր երկրների երեխաներին, փախստականներին և խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաև դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին։
Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած պատանիների հատկացվելու է 100 կրթաթոշակ։ Կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթություն «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում, այդ թվում՝ Հայաստանում գործող UWC Dilijan քոլեջում, որն այժմ աշակերտներ ունի աշխարհի 82 երկրներից։ Ծրագիրն ունի անհատական կրթաթոշակներ՝ Լամիյա Հաջի Բաշարի անվան՝ եզդի ուսանողների համար և Ամալ Քլունիի անվան, որը տրվում է աղջիկ ուսանողի Լիբանանից, ով ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում։ Բացի այդ, Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կհատկացվեն Սիրայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և Եգիպտոսի ուսանողներին, որոնք ուսանելու են Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Երախտագիտության կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը ավելի քան 7 միլիոն դոլար է։
100 LIVES նախաձեռնությունը մեկնարկել է 2015 թ. մարտին՝ ոգեկոչելով հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած նահատակներին։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես մարդասիրական կազմակերպությունների եւ խիզախ անհատների շնորհիվ, որոնք օտար էին, բայց անտարբեր չէին մարդկային կյանքի նկատմամբ։ Մեծարելով նրանց մարդկայնությունն ու խիզախությունը՝ 100 LIVES նախաձեռնությունը ներկայացնում է աշխարհին Հայոց ցեղասպանությունը վերապրողների, նրանց փրկողների ու ժառանգների պատմությունները։ Աշխարհասփյուռ հայերը կիսում են իրենց՝ զոհից հասարակության ազդեցիկ անդամ դառնալու բացառիկ պատմությունները։