Ավրորա Շերնվալ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1808 |
Ծննդավայր | Ուլվիլա, Սատակունա, Ֆինլանդիա[1] |
Մահացել է | մայիսի 13, 1902[2] (93 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Մասնագիտություն | ֆրեյլինա |
Ամուսին | Պավել Դեմիդով և Անդրեյ Կարամզին |
Ծնողներ | հայր՝ Կառլ Շերնվալ, մայր՝ Eva Gustava von Willebrand? |
Պարգևներ և մրցանակներ | [3] և |
Երեխաներ | Պավել Դեմիդով |
Aurora Karamzin Վիքիպահեստում |
Բարոնուհի Եվա Ավրորա Շառլոտա Շերնվալ (շվեդ.՝ Eva Aurora Charlotta Stjernvall, 1836 թվականից կրել է Դեմիդովա ազգանունը, 1846 թվականից՝ Կարամզինա, օգոստոսի 1, 1808, Ուլվիլա, Սատակունա, Ֆինլանդիա[1] - մայիսի 13, 1902[2], Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա), Ֆինլանդիայի շվեդական Շերնվալ տոհմից աշխարհիկ տիկին, ռուսական ցարական արքունիքի պալատական ազնվական օրիորդ և պալատական տիկին, խոշոր բարեգործ։ Է. Շերնվալի և մեկ այլ հայտնի աշխարհիկ գեղեցկուհու՝ Էմիլի Շերնվալի քույրն է։ Ավրորա Կարամզինայի անունով են կոչված Հելսինկիի երկու փողոցներ[4]՝ Auroragatan/Aurorankatu (Ավրորայի փողոց) և Karamzinsgatan/Karamzininkatu (Կարամզինայի փողոց)։
Ծնվել է 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի թեժ շրջանում։ Նրա հայրը բարոն Կառլ Յուհան Շերնվալը (1764-1815), Վիբորգսի նահանգապետն էր, մայրը՝ Եվա Գուստավա ֆոն Վիլլեբրանդը (1784-1844), պատկանել է Շվեդիայից Ֆինլանդիա եկած ազնվական տոհմի։ Ավրորան ընտանիքի երկրորդ երեխան էր, ավագը եղել է Էմիլը (1806-1890), և ևս երկու փոքր քույրեր՝ Էմիլին (1810-1846) և Ալեքսանդրան (1812-1850)։ Այրիանալով 1816 թվականին՝ Ավրորայի մայրը կրկին ամուսնացել է վիբորգցի երևելի սենատոր և իրավաբան Կառլ Յոհան ֆոն Վալլենի հետ։ Յ. Գրոտի խոսքերով՝ նա տիկին էր, որ «նմանները քիչ կան, ոչ այնքան հաճելի արտաքինով, որքան հիանալի վարվեցողությամբ և մանկական սիրալիրությամբ բոլորի հանդեպ»։
Ավրորա Շառլոտան և նրա քույրերն ստացել են լավ կրթություն և առանձնացել են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ։ Դժվար էր որոշել, թե քույրերից որն է ամենալավը։ Էմիլիան, որին Լերմոնտովը համեմատել է սպիտակ շուշանի հետ, ավելի հմայիչ էր թուխ սևահեր Ավրորայից, բայց վերջինիս գեղեցկությունն ավելի ներդաշնակ էր և կանոնավոր[5]։
Ավրորա Շերնվալին 1824 կամ 1825 թվականին իր բանաստեղծությունն է նվիրել Եվգենի Բարատինսկին, որն այդ ժամանակ ծառայություն էր անցնում Ֆինլանդիայում։ Բարատինսկին նաև ֆրանսերեն է թարգմանել բանաստեղծությունը։
Ավրորայի կյանքը հաճախ մթագնել է իր մտերիմների կորստով, ինչի համար նրան անվանում էին «ճակատագրական Ավրորա»։ 1828 թվականին քրոջ ամուսնությունի հետո Ավրորա Կառլովնան շարունակում էր ապրել Ֆինլանդիայում և արդեն պատրաստվում էր ամուսնանալ համերկրացիներից մեկի հետ, սակայն փեսացուն անսպասելիորեն մահացել է։ Դրանից հետո նա մեկնել է Մոսկվա՝ քրոջ մոտ և մի քանի տարի ապրել է նրա ընտանիքում։ Նրա երկրորդ փեսացուն՝ «կապտաչևա դևը» և նրա երիտասարդ օրերի սերը՝ Ալեքսանդր Ալեքսեևիչ Մուխանովը (1802-1834), ևս մահացել է մինչև նշանակված հարսանիքը։
1835 թվականին հանդես է եկել որպես պալատական ազնվական օրիորդ։ Եղել է պետերբուրգյան առաջին գեղեցկուհիներից մեկը, հանդիպել է Պուշկինի, Վյազեմսկու, Ա. Տուրգենևի հետ։ Նրա պատվին կոմս Մ. Վիելգորսկին Վյազեմսկու բառերով գրել է մազուրկա ռոմանս։
Ի վերջո 1836 թվականին Ավրորա Շերնվալը ամուսնացել է հայտնի մեծահարուստ և մեկենաս Պավել Նիկոլաևիչ Դեմիդովի (1798-1840) հետ։ Ավրորան երկու անգամ մերժել էր նրան, սակայն կայսրուհու հորդորներին տեղի տալով՝ համաձայնվել է։ 1840 թվականի մարտի 25-ին Դեմիդովը վախճանվել է՝ թողնելով նրան որդուն՝ Պավելին (1839-1885)՝ Սան Դոնատոյի ապագա իշխանին։ Դեմիդովի մահվան առիթով Վ. Մուխանովը՝ Ավրորայի նախկին փեսացուի եղբայրը, իր օրագրում հետևյալ գրառումն է արել[6].
Ժառանգելով Դեմիդովների Նիժնետագիլյան կալվածքը՝ Ավրորան զբաղվել է գործարանների սոցիալական ենթակառուցվածքների կարգավորմամբ՝ օգնությամբ ապահովելով աշխատավորների առավել աղքատացած մասին։ Ա. Կարամզինայի ղեկավարման ընթացքում Նիժնետագիլյան լեռնագործարանային շրջանի Դեմիդովների գործարաններում ստեղծվեցից մանկատուն, որբանոց, ծննդատուն և անկելանոց։ Ավրորան կարիքավորներին բազմիցս դրամական օժանդակություն է ցուցաբերել։ Նրա պատվին է անվանակոչվել 1850 թվականին կառուցված Ավրորայի գործարանը[7][8]։
1846 թվականի հուլիսի 10-ին[9] Ավրորան երկրորդ անգամ է ամուսնացել Անդրեյ Կարամզինի (1814-1854)՝ Նիկոլայ և Եկատերինա Կարամզինների ավագ որդու հետ։ Ամուսինները պսակադրվել են Սիմոնի և Աննայի եկեղեցում։ Վյազեմսկու խոսքերով՝ Կարամզինների ողջ ընտանիքը շատ գոհ էր այդ ամուսնությունից՝ թեպետ հարսը տարիքով մեծ էր փեսացուից, սակայն «նա քնքուշ, բարի կին էր և օրինակելի կին կլիներ»։ Սակայն ողջ հասարակությունը և Ավրորայի հարազատները դեմ էին այդ հարսանիքին և զարմացել էին, թե ինչպես Դեմիդովան կարող էր թողնել արքունիքում իր դիրքը և, լինելով գաղտնի խորհրդական, լինել պորուչիկի հետ։ «Սակայն սերը կհաղթի հակառակ ուժին»[10]։
1854 թվականի մայիսի 24-ին Անդրեյ Կարամզինը սպանվել է Դանուբյան բանակում Ղրիմի պատերազմի ժամանակ։ Ամուսնու մահվանը հաջորդել է 1868 թվականին Ավրորայի միակ որդու երիտասարդ կնոջ՝ Մարիա Մեշչերսկայայի մահը, իսկ 1885 թվականին մահացել է որդին՝ Պավել Դեմիդովը՝ հայտնի բարեգործ, ապրել է հիմնականում Փարիզում։
Այրիացած Ավրորան վերադարձել է հայրենիք՝ Ֆինլանդիա, որտեղ մխիթարություն է գտել բարեգործության և հասարակական գործունեության մեջ։ Նա Հելսինկիում Գթության քույրերի ինստիտուտի հիմնադիրն է եղել։ Մեծ ներդրում է ունեցել սոցիալական աշխատանքի մեջ և դարձել Ֆինլանդիայում կանանց կրթության առաջամարտիկ։ Նաև երկար ժամանակ կենտրոնացած է եղել բարեգործական գործունեության վրա։ Նախ անձամբ, իսկ հետո Գթության քույրերի ինստիտուտի ուսանողներից որևէ մեկի օգնությամբ նշանակված օրերին ընդունել է օգնության կարիք ունեցողներին։ Նա օգնել է բազմաթիվ ուսանողների, գրողների և արվեստագետների։ Տոն օրերին նա այցելել է Տրեսքենդայի հանրային դպրոց, որտեղ մասնակցել է ուսանողներին կրթաթոշակների և մրցանակների հանձնմանը։
1898 թվականի հուլիսի 22-ին կայսերական հրամանագրով Ավրորային շնորհվել է պետական տիկնոջ կոչում։
Ավրորա Շերնվալը մահացել է 1902 թվականի մայիսի 13-ին 93 տարեկան հասակում Հելսինկիի իր Հագասունդ (Հակասալմի) վիլլայում և թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը։
Ավրորա Շերնվալի և Պավել Դեմիդովի ծոռը եղել է արքայազն Պավել Կարագեորգիևիչը, որը Հարավսլավիայի գահապահն էր Պետրոս II թագավորի մանկահասակության ընթացքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա Շերնվալ» հոդվածին։ |
|