Ատամների մաքրում | |
---|---|
![]() | |
Տեսակ | գործունեություն |
Ենթադաս | Կանխարգելում |
Մասն է | teeth cleaning? |
MeSH | E06.761.726.794 |
![]() |
Ատամների մաքրում, անձնական հիգիենայի ընթացակարգ ատամների մակերեսը փափուկ թաղանթներից և սննդի մնացորդներից մաքրելու համար։ Սովորաբար կատարվում է ատամի խոզանակի կամ/և ատամնային թելի միջոցով։
Ատամների խնամքը հիգիենիկ և կանխարգելիչ միջոցառումների համալիր է, որն ուղղված է բերանի խոռոչի առողջության պահպանմանը (ատամներ, լնդեր, լորձաթաղանթ)։ Այս գործողությունները կարելի է բաժանել անհատական (իրականացվում են տանը) և մասնագիտական (իրականացվում են ատամնաբուժարանում)։
Հավանաբար, ատամների մաքրման ընթացակարգի առաջին նկարագրությունը տալիս է Դիոդորոս Սիկիլիացին․ «... կելտերը ատամները մաքրում են մեզի միջոցով՝ հավատալով, որ դա ամրացնում է առողջությունը»[1]։
11-րդ դարում Ալ Ղազալին գրել է. «Նրանք սկսում են ատամները լվանալ աջ կողմից, այնուհետև ձախ կողմից, որից հետո նրանք նույն կարգով մաքրում են առջևի ատամները, որից հետո սկսում են մաքրել քիմքի և լեզվի կողքից։ Պետք է իմանալ, որ սիվակը կարևոր է, քանի որ ավանդության մեջ ասվում է, որ սիվակի օգտագործմամբ 1 նամազը արժե 70 նամազ առանց սիվակի»[2]։ Սիվակը պատրաստվել է արակի ծառի արմատից (պարսկական եղրևանի) կամ Նիմ ծառի ճյուղերից (Հնդկական ազադիրախտա)։
Այս նպատակների համար սիվակի օգտագործումը տարածված է մուսուլմանների, ինչպես նաև որոշ շրջանների բնակիչների շրջանում և մինչ օրս, և կարող են օգտագործվել նաև ձիթենու և նարնջենու ճյուղեր[3].
Այս հիգիենիկ ընթացակարգը 17-րդ դարի կեսերին փոխարինվել է ատամների սևացմամբ, օգտագործելով, ինչպես գրել է Ալեքսեյ Ռոմանովի անձնական բժիշկ Սեմյուել Քոլինզը՝ «Մերկուրիական սպիտակեցում» (այսինքն՝ սպիտակեցում սնդիկի միջոցով)[4]։
Ատամնաբույժներից շատերը խորհուրդ են տալիս մաքրել ատամները օրական 2-3 անգամ, հաց ուտելուց հետո։ Հիմնական հիգիենիկ գործընթացը երեկոյան քնելուց առաջ ատամները մաքրելն է, քանի որ օրվա ընթացքում ձևավորված չմաքրված թաղանթը և սնունդը նպաստում են բակտերիաների արագ բազմացմանը և, հետևաբար, կարիեսի զարգացմանը և լնդերի բորբոքմանը։ Ատամները մաքրելու ամենալավ և ամենաճշգրիտ ձևը պացիենտները կարող են իմանալ՝ այցելելով ատամնաբուժարան։
Ատամների մաքրման խնդրահարույց շրջաններ են համարվում ստորին կտրիչների ներքին մակերեսը (այստեղ ամենից հաճախ է ձևավորվում ատամնաքար), ստորին ծամիչ ատամների ներքին (լեզվային) մակերեսը և վերին ծամող ատամների արտաքին (այտային) մակերեսը, վերջին վերին ծամիչ ատամների հետևի մակերեսը։
Լնդերի հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում միջատամնային տարածությունները մաքրել հատուկ խոզանակով։
Խոզանակը խորհուրդ է տրվում փոխարինել նորով յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ, քանի որ այն մաշվում է[5][6]։ Որոշ ժամանակակից ատամի խոզանակներ հագեցած են գույնի մաշվածության ցուցիչով։ Այն պատրաստված է մազերի գունավոր շերտով, որը կիսով չափ գունաթափվում է մոտ երեք ամիս ամենօրյա օգտագործումից հետո։
Վարակի փոխանցման ռիսկից խուսափելու համար խորհուրդ է տրվում չօգտագործել մեկ ուրիշի հետ նույն խոզանակը, և ատամի խոզանակները պահել իրարից առանձին[5][6]։
Բացի խոզանակով մաքրելուց, անհրաժեշտ է նաև մաքրել ատամների միջև եղած ճեղքերը ատամի թելով և պարբերաբար (տարին երկու անգամ) այցելել ատամնաբույժի՝ պրոֆեսիոնալ մաքրման համար։
Մասնագիտական մաքրման ցուցումները կարող են լինել խիտ ատամնափառի առաջացումը, ատամնաքարերը, տհաճ հոտը, որը չի վերացվում հիգիենիկ միջոցներով, բորբոքումը, արյունահոսությունը, այտուցվածությունը, պիգմենտային բծերը, սուրճի, թեյի, ծխախոտի առաջացրած ատամնափառերը, պարօդոնտիտը, պարօդոնտոզը, գինգիվիտը (լնդաբորբ)[7]։
Հակացուցումներն են ատամների գերզգայունությունը, առիթմիան, բերանի խոռոչի բորբոքումը, մրսածությունը, վարակները, սրացման փուլում քրոնիկ հիվանդությունները։ Բացի այդ, պրոֆեսիոնալ մաքրում խորհուրդ չի տրվում երեխաներին և դեռահասներին։
Անհրաժեշտ է ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ 3-5 րոպե տևողությամբ՝ առավոտյան (ուտելուց հետո) և քնելուց առաջ, վերջին սննդի/հեղուկի ընդունումից հետո (բացառությամբ ջրի)։ Պետք է չօգտագործել չափազանց մեծ քանակությամբ մածուկ և ուժով սեղմել խոզանակի վրա։ Խոզանակով մաքրումն ավարտելուց հետո պետք է ողողել բերանը, քանի որ ատամի մածուկը կուլ տալը կարող է հանգեցնել ատամների գերֆտորացման։
Ատամների մաքրման որակը գնահատելու համար կան հատուկ հաբեր ատամնափառերը ներկելու համար, իսկ ատամնաբուժարաններում գունազարդող լուծույթներ։
Ատամի խոզանակի սխալ (ուժեղ) շարժումների պատճառով (վեր-վար, ձախ-աջ) լնդերը կարող են վնասվել, փափուկ ատամնափառը մղվել միջատամնային տարածությունների և լնդերի գրպանների մեջ, իսկ վզիկի շրջանում ատամները կարող են մաշվել և սեպաձև դեֆեկտ առաջանալ։
Կոշտ (ատամնաքար) և փափուկ (պիգմենտային ատամնափառ) ատամնային բարդությունները ավելի ճիշտ է հեռացնել ատամնաբուժարանում՝ օգտագործելով ատամների մաքրման պրոֆեսիոնալ ապարատային մեթոդներ։ Դրանցից են ատամների ուլտրաձայնային մաքրումը սկաների օգնությամբ, ինչպես նաև «air-flow» մեթոդը (ատամի մակերևույթից պիգմենտային բծերի հեռացումը սոդայի աերոզոլի կամ դրա անալոգների օգնությամբ)։ Նման մարքման տևողությունը միջինը 30 րոպեից մեկ ժամ է։ Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը պետք է լինի կանոնավոր, բայց ոչ շատ հաճախակի։ Բավարար հաճախականություն համարվում է տարեկան 1-2 անգամ՝ կախված բերանի խոռոչի հիգիենայի որակից, որը գնահատվում է հիգիենիկ ինդեքսի (ՀԻ) միջոցով։
Ատամնային թելերը (ֆլոս) նախատեսված են ատամների միջև եղած ճեղքերից ատամնափառերն ու սննդի մնացորդները մանրակրկիտ հեռացնելու համար[8]։ Քանի որ ատամները խոզանակելիս միջատամնային տարածություններից ատամնափառերը ամբողջությամբ չեն հեռացվում, ապա ատամների ֆլոսով մաքրումն անհրաժեշտ լրացում է։ Ուստի խորհուրդ է տրվում ատամները մաքրել ֆլոսով յուրաքանչյուր ուտելուց հետո և ատամները լվանալուց առաջ։ Նոր Օռլեանի բժիշկ-ստոմատոլոգ Լևի Սփիր Պարմլին 1819 թվականին նույնիսկ գիրք է գրել «Ատամների խնամքի գործնական ուղեցույց»։ Դրանում նա նկարագրել է բերանի խոռոչի արդյունավետ հիգիենայի երեք կարևոր բաղադրիչ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ և մետաքսե թել։
Կոկրեյն համայնքի 2011 թվականի համակարգված ակնարկը ցույց է տվել, որ ֆլոսի օգտագործումը սովորական մաքրման հետ միասին կարող է նվազեցնել լնդաբորբի ռիսկը և նվազեցնել ատամնափառերի քանակը մեկ ամիս կամ 3 օգտագործումից հետո։ Միևնույն ժամանակ, չեն հայտնաբերվել ապացույցներ, որ այս պրակտիկան նվազեցնում է կարիեսի վտանգը[9]։
Էլիքսիրները բարելավում են ատամների մակերեսների մաքրումը, կանխում ատամնափառի ձևավորումը, հոտազերծում բերանի խոռոչը։ Դրանք միատեսակ թափանցիկ հեղուկներ են, որոնք պարունակում են կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ, ունեն որոշակի հոտ և գույն։
![]() |
![]() |
![]() |
Ատամների մաքրում ատամի խոզանակով | Սիվակ | Ատամների մաքրման ճշգրիտ շարժումների սխեմատիկ պատկեր |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամների մաքրում» հոդվածին։ |
|