Արա Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Շվեդիա և Հայաստան |
Մասնագիտություն | ըմբիշ |
Արա Ռաֆայելի Աբրահամյան (հուլիսի 27, 1975, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), շվեդահայ ըմբշամարտիկ։
1991 թվականին ավարտել է Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը։ ԽՍՀՄ սպորտի վարպետ՝ ըմբշամարտիկ (1996)։ Ա. Աբրահամյանը հունա-հռոմեական ըմբշամարտի 2001 և 2002 թթ. աշխարհի առաջնություններում, Շվեդիայի թիմի կազմում, հռչակվել է աշխարհի չեմպիոն[1]։
Արա Աբրահամյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 27-ին, Լենինականում (ներկայումս՝ Գյումրի)։ Ութ տարեկանից հաճախել է ըմբշամարտության պարապմունքների, մարզվել Գևորգ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1994–1998 թվականներին ընդգրկված է եղել Հայաստանի նախ՝ պատանեկան ու երիտասարդական, այնուհետև՝ ազգային հավաքականներում։ 1999 թվականից հանդես է եկել Շվեդիայի դրոշի տակ։ 2001 և 2002 թվականներին հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ համապատասխանաբար մինչև 76 կգ և մինչև 84 կգ քաշային կարգերում։ 2004 թվականին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։ Հաջորդ՝ 2008 թ. Պեկինի օլիմպիադայում նրան շնորհվել է բրոնզե մեդալ, սակայն նա հրաժարվել է այդ պարգևից՝ ի նշան բողոքի կիսաեզրափակիչ մրցամարտում իր նկատմամբ մրցավարների կայացրած անարդար վճռի։
Արա Աբրահամյանը զբաղվում է մարզչական աշխատանքով. նրա սաների թվում է հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 2009 թվականի առաջնության մրցանակակիր Շարուր Վարդանյանը[2]։
|