Արա Արտուշի Պապյան | ||
Արա Պապյանն աշխատանքի ժամանակ | ||
| ||
---|---|---|
2000 - 2006 | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, պատմաբան | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | հունիսի 6, 1961 (63 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան ՀԽՍՀ | |
Քաղաքացիություն | Հայաստան և Կանադա | |
Զավակներ | Նարեկ Պապյան Տարոն Պապյան | |
Կայք՝ | modusvivendicenter.org | |
Արա Արտուշի Պապյան (հունիսի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ պատմաբան և դիվանագետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի դեսպան։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար[1]։
Ծնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ծառայել է խորհրդային բանակի կազմում Աֆղանստանում որպես ռազմական թարգմանիչ[1]։
1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականին ստացել է բակալավրի աստիճան։ 1989 թվականին ստացել է պատմության մագիստրոսի աստիճան։ 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, իսկ 1999 թվականին Հռոմում գտնվող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը[1]։
Լեկցիաներով հանդես է եկել Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Մելքոնյան կրթահամալիրում[1]։
Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում։ Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Դիվանագիտական կարիերան թողնելուց հետո Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում աշխարհով մեկ, այդ թվում՝ Լոս Անջելեսում[2][3]։
Զբաղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով և իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է աջակցի Ադրբեջանում ազգային պետականությունից զրկված ժողովուրդներին (թալիշներին, լեզգիներին և այլն) սեփական պետության ստեղծման հարցում[4]։
Հիմնել և ղեկավարում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը[5]։
Պապյանը տիրապետում է մի շարք լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և հունարեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Նարեկ և Տարոն[1]։