Արաբական սուրճ قهوة عربية | |
---|---|
Արաբական ավանդական դալլահը սրճի բաժակների և կոֆեհատիկների հետ | |
Տեսակ | Սուրճ Արաբիկա |
Ծագման երկիր | Արաբական աշխարհ |
Այլ անվանումներ | Արաբիկա սուրճ |
Տարածված երկրներ | Մերձավոր Արևելք Պարսից ծոց Հյուսիսային Աֆրիկա |
Arabic coffee Վիքիպահեստում |
Արաբական սուրճ (արաբ․՝ قهوة عربية), արաբիկա տեսակի սուրճի եփած տարբերակը։ Արաբիկա սուրճն աճեցվում է 1000-2000 մետր բարձրության վրա։ Վերջինիս բաժին է ընկնում աշխարհի սուրճի արտադրության 60-70 %-ը՝ բացառիկ ճաշակի և բարձր որակի համար[1][2]։ Մերձավոր Արևելքի շատ արաբական երկրներ մշակում են սուրճի պատրաստման յուրահատուկ մեթոդներ։ Արաբական սուրճը արաբների սովորույթների և ավանդույթների մի մասն է, քանի որ սուրճի հայրենիքը հենց Մերձավոր Արևելքն է։ Սկզբնական շրջանում սուրճն աճեցվել է Եմենում, այնուհետև՝ Մեքքայում, Եգիպտոսում, Լևանտում և միայն 16-րդ դարի կեսերից՝ Թուրքիայիում։
Սուրճի այս տեսակը հանդիսանում է Արաբական թերակղզու, Պարսից ծոցի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների ամենատարածված սուրճի տեսակը։ Արաբական սուրճը մշտապես ծառայում է հարսանեկան տոնակատարությունների ժամանակ և Ռամադանի ամսվա ընթացքում։ Մարդկանց պահանջարկով պայմանավորված գոյություն ունեն արաբական սուրճի զանազան տեսակներ։ Արաբական սուրճը սովորաբար ըմպում են դառը՝ առանց շաքարավազի՝ փոքր բաժակի օգնությամբ։
Արաբական սուրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված է, որպես արաբական երկրների ոչ նյութական մշակութային ժառանգություն[3]։
Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր, որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Արաբական սուրճի մասին ամենավաղ հավաստի վկայությունը թվագրվում է 15-րդ դարին։ Ըստ արաբական աղբյուրների՝ սուրճի առաջին աճեցնողները եղել են Եմենի սուֆիստները, որոնք սուրճն օգտագործել են գիշերային երկրպագությունների ժամանակ զգոնությունը պահելու համար։ Ալ-Ջազիրիի ձեռագիրը ցույց է տալիս, որ արաբական Ֆելիքսից (ներկայիս Եմեն) բացի այդ շրջանում սուրճը լայն տարածում է գտել նաև Մեքքայում և Մեդինայում, իսկ ավելի ուշ նաև Կահիրեում, Դամասկոսում, Բաղդադում, Կոստանդնուպոլսում և այլ խոշոր քաղաքներում։
1511 թվականին Մեքքայի աստվածաբանական դատարանը ընդունեց որոշում, որն արգելեց ուղղափառ իմամներին սուրճ ըմպել։ Այդ արգելքը հետագայում վերացվեց Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյմանի հրամանով, որը հանձնարարեց Մեհմեդ Ահարսուուդ ալ-Իբադին թողարկել սուրճի օգտագործման թույլտվություն։ Նույն դարում՝ 1532 թվականին, սուրճի օգտագործման արգելք է սահմանվել նաև Եգիպտոսում։ Այդ տարում վերացվել են երկրի բոլոր սրճարաններն ու սուրճի մշակման կետերը։
Արաբների ազգային ըմպելիքը՝ սուրճը, պատրաստվում է 165-202 °C (329-410 °F) ջերմաստիճանային պայմաններում։ Ավանդաբար, այն եփվում է տնային պայմաններում՝ սեփական օգտագործման կամ հյուրերին հյուրասիրելու նպատակով։ Այն հաճախ մատուցվում է չորացած մրգերի, շաքարավազի և ընկույզի հետ միասին։ Արաբական սուրճը աշխարհի մյուս սուրճերից տարբերվում է իր պատրաստման առանձնահատկություններով, այլ ոչ թե կոֆեհատիկի աճեցման եղանակով։ Այն իրենից ներկայացնում է եփված սուրճ, որը չի զտվում, սև է և շաքարավազ ընդունում է միայն պատրաստման ժամանակ։ Առօրյայում այն մատուցվում է սկուտեղի վրա՝ փոքր նուրբ բաժակներով, իսկ ծիսակատարությունների և հատուկ տոնախմբությունների ժամանակ՝ հատուկ սափորներով կամ դալլահներով։
Ի տարբերություն գրեթե նույն եղանակով պատրաստվող թուրքական սուրճի՝ արաբական սուրճն ավելի անուշահոտ է և կարող է ընդունել որոշակի քանակությամբ շաքարավազ։ Դառը վիճակով խմել ցանկացողները սուրճն ըմպում են որևէ քաղցր աղանդերի ընկերակցությամբ։
Արաբական ծոցերի բնակիչները սուրճը պատրաստում են իրենց ուրույն եղանակով։ Առավել տարբերվող է Եգիպտոսի և Լևանտի բնակիչների սուրճի պատրաստման վերաբերյալ մոտեցումները։ Արաբական թերակղզու բնակիչների մի մասը սուրճին ավելացնում են կաթ, իսկ Նաջդում և Հիջազում՝ համեմունքներ և դարչին։ Արաբական թերակղզու բնակիչները սուրճը պատրաստում են դալլա անունը կրող տեսակի կոֆեհատիկներից։