Արշակունիների դամբարան

Արշակունիների դամբարան, մուտք

Արշակունիների դամբարան, դամբարան է Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով[1]։ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է մի բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում[2]։

Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։

...տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Արարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում։

Դամբարանի կառույցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1974 թվականներին դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել)։

Բարավորով ծածկված ու կամարով պսակված մուտքը արևմտյան կողմից է, որով մտնում են ուղղանկյուն խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75 մ, լայնությունը՝ 2,65 մ, բարձրությունը՝ 2,60 մ)։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։ Դամբարանը հյուսիսային և հարավային կողմերում ունի որմնախորշեր, իսկ արևելքում՝ կիսաշրջանաձև խորան (աբսիդ)։ Խորշերի ճակատների ստորին մասերում միակտուր, քանդակազարդ սալեր են կանգնեցված, հետևի կողմում առաջացնելով արկղաձև տարածություններ (սարկոֆագներ), որոնք ծառայել են թագավորական մասունքների ամփոփմանը[1]։ Ոսկորները մինչև մեր օրերը չեն պահպանվել։

Աջ՝ հարավային կողմում պատկերված է աստվածաշնչյան հերոս Դանիելը առյուծների գբում (փոսում), ինչպես նաև խոյերի քանդակներ, որոնք ներկայացնում են Հայաստանի դժվարին կացությունը Սասանյանների ճնշման տակ։ Ձախ՝ հյուսիսային կողմում պատկերված են զարմանահրաշ առասպելական կերպարներ կամ աստվածներ՝ թռչունների ոճավորված խորհրդապատկերներով. մի հորթուկ՝ խաղողի վազերի մեջ, շրջանակի մեջ վերցված մի խաչ՝ վերնամասում երկու թռչնաքանդակներով և մի որսորդ՝ երկու շների օգնությամբ վայրի վարազի վրա հարձակվելիս[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Վարազդատ Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, Լույս, 1992
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  3. Հայկական ժառանգությունը(չաշխատող հղում)