«Արտաքին ծանծաղուտներ» (անգլ.՝ Outer Banks), ամերիկյան արկածային, առեղծվածային, դեռահասների մասին պատմող դրամատիկական հեռուստասերիալ՝ ստեղծված Ջոշ Փեյթի, Ջոնաս Փեյթի, Շենոն Բըրքի կողմից և ներկայացված Նեթֆլիքս հարթակում 2020 թվականի ապրիլի 15-ին: Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում Հյուսիսային ԿարոլինայիԱրտաքին Ծանծաղուտներ կոչվող համայնքում և պատմում են երկու դեռահաս խմբերի միջև հակամարտության մասին, որոնք որոնում են կորած գանձ։
2021 թվականի հունիսին հայտարարվել է սերիալի երրորդ եթերաշրջանի մասին, որի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 23-ին[1][2]: Նույն ժամանակահատվածում՝ երրորդ եթերաշրջանի պրեմիերայից առաջ, պաշտոնական տեղեկատվություն է տարածվել նաև սերիալի չորրորդ եթերաշրջան ունենալու մասին[3]։
«Արտաքին ծանծաղուտներ» սերիալի գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայի Արտաքին Ծանծաղուտներ կոչվող ափամերձ շրջանում, որտեղ գոյություն ունի սոցիալական խորը բաժանում հարուստ եթերաշրջանային բնակիչների և աշխատավոր դասակարգի տեղացիների միջև։ Նրանք համապատասխանաբար կոչվում են «Քուք»-եր և «Փոգ»-եր։ Սերիալի իրադարձությունները պտտվում են մի խումբ «Փոգ» դեռահասների շուրջ, որոնք որոշում են պարզել, թե ինչ է պատահել խմբի առաջնորդ Ջոն Բ-ի անհետացած հոր հետ։ Որոնումների ընթացքում նրանք հայտնաբերում են լեգենդար գանձ, որն էլ հենց կապված է Ջոն Բ-ի հոր անհետացման հետ[4]։
Օրենքից և «Figure Eight» կղզու հարուստ «Քուք»-երի խմբից հետապնդված «Փոգ»-երը փորձում են հաղթահարել սիրո, պայքարի, ընկերության և գումարի հետ կապված խոչընդոտները։
Չեյս Սթոքս՝ Ջոն Բ Ռութլիջի դերում[5], «Փոգ» խմբի առաջնորդը, որն առաջին եթերաշրջանի սկզբում սիրային հարաբերություն է ձևավորում Սառա Քեմերոնի հետ: Նրա հայրն անհետացել է, ուստի նա որոշում է որոնել «Ռոյալ Մերչենթ» նավի ոսկին, որը նրա հայրը փորձում էր գտնել անհետանալուց առաջ: Նա իր ընկերներին և ընկերուհուն ներգրավում է ոսկու որոնումների մեջ:
Մադլին Քլայն՝ Սառա Քեմերոնի դերում[5], Վորդ Քեմերոնի դուստրը: Նա առաջին եթերաշրջանի սկզբում ձևավորում է սիրային հարաբերություններ Ջոն Բ Ռութլիջի հետ: Նրան շատերը անվանում են «Քուքերի արքայադուստր», սակայն նրա ապստամբ կողմը հաճախ մերժում է այդ կյանքը և կապվում «Փոգերի» հետ:
Մեդիսոն Բեյլի՝ Քիարա (Քի) Կարրերայի դերում[5], հաջողակ ռեստորանատիրոջ դուստր, որն ընկերություն է անում «Փոգերի» հետ: Նա «Քուք» է, քանի որ սերում է հարուստ ընտանիքից, սակայն նրան մերժում են իր «Փոգերի» հետ կապի պատճառով: Նա սիրային հարաբերություններ է սկսում իր լավագույն ընկերներից մեկի՝ Ջեյջեյ Մեյբենկի հետ:
Ջոնաթան Դեյվիս՝ Փոփ Հեյվարդի դերում[5], «Փոգերի» ուղեղը: Քլեոյի «Փոգերին» միանալուց հետո Փոփը մտերիմ հարաբերություններ է ձևավորում նրա հետ, ինչը հետագայում վերածվում է սիրային հարաբերության:
Ռյուդի Փենքոու՝ Ջեյջեյ Մեյբենկի դերում[5], Ջոն Բ-ի անհավասարակշիռ, բայց միևնույն ժամանակ հավատարիմ ու լավագույն ընկերը երրորդ դասարանից, որը տառապում է հոր կողմից իրականացվող բռնությունից: Նա սիրային հարաբերություն է սկսում իր լավագույն ընկերներից մեկի՝ Քիարա Կարրերայի հետ:
Օսթին Նորթ՝ Թոփեր Թորնթոնի դերում[5], Սառայի նախկին ընկերն ու մեկը այն «Քուքերից», որն ատում է «Փոգերին»:
Չարլզ Էսթին՝ Վորդ Քեմերոնի դերում[5], Սառայի, Ուիզիի և Ռեյֆի հայրը, հարուստ գործարար, որն ապրում է Արտաքին ծանծաղուտների առավել հարուստ մասում՝ «Figure Eight» կղզում։
Դրյու Սթարքի՝ Ռեյֆ Քեմերոնի դերում[5], Ուիզիի և Սառայի մեծ եղբայրը, որը թմրամոլ է և ունի նյարդային խնդիրներ: Նա սպանում է Շերիֆ Փիթերկինին:
Կարլասիա Գրանտ՝ Քլեոյի դերում[1], կապիտան Թերենսի բեռնանավի անձնակազմի անդամ Նասաուից, որն ընկերանում է Սառայի և Ջոն Բ-ի հետ և հետագայում դառնում խմբի անդամ՝ ձևավորելով մտերին հարաբերություններ Փոփ Հեյվարդի հետ, ինչը հետագայում վերածվում է սիրային հարաբերության[6]:
2019 թվականի մայիսի 3-ին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը հաստատել է սերիալի ստեղծումը և պատվիրել առաջին եթերաշրջանը՝ բաղկացած տասը սերիայից: Սերիալի գլխավոր պրոդյուսերներն են Ջոշ Փեյթը, Ջոնաս Փեյթը և Շենոն Բըրքը[4]: 2020 թվականի հուլիսի 24-ին Նեթֆլիքսը հաստատել է նաև երկրորդ եթերաշրջանի արտադրությունը[9]: 2021 թվականի դեկտեմբերի 7-ին սերիալը վերականգնվել է և հաստատվել երրորդ եթերաշրջանի ստեղծումը[1]: 2023 թվականի փետրվարի 18-ին, երրորդ եթերաշրջանի պրեմիերային նախորդող օրերին, Նեթֆլիքսը հաստատել է սերիալի չորրորդ եթերաշրջանի արտադրությունը[3]։
Սերիալի ստեղծման նախնական հայտարարության հետ մեկտեղ հայտնի է դարձել, որ Չեյս Սթոքսը, Մադլին Քլայնը, Մեդիսոն Բեյլին, Ջոնաթան Դեյվիսը, Ռյուդի Փենքոուն, Չարլզ Էսթինը, Օսթին Նորթը և Դրյու Սթարքին նկարահանվելու են գլխավոր դերերում[4]: 2019 թվականի հուլիսի 2-ին Քերոլայն Արապոգլուն միացավ դերասանական կազմին՝ կրկնվող դերում[10]: 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Էլիզաբեթ Միտչելն ընտրվել է կրկնվող դերում՝ երկրորդ եթերաշրջանում նկարահանվելու համար[7]: Իսկ 2021 թվականի ապրիլի 15-ին Կարլասիա Գրանտը միացել է դերասանական կազմին՝ որպես երկրորդ եթերաշրջանի երկրորդական դերասան[6]: Այնուամենայնիվ, երրորդ եթերաշրջանի դերասանական կազմի թարմացման ժամանակ Գրանտը դարձել է սերիալի հիմնական անդամ: 2022 թվականի հունիսի 23-ին Էնդի ՄաքՔուինը, Ֆիոնա Պալոմոն և Լու Ֆերրիգնո Կրտսերը ընտրվել են երրորդ եթերաշրջանի անհայտ դերում[11]: 2022 թվականի հուլիսի 5-ին [[Հարավային Կարոլինա]յի Չարլսթոն քաղաքի մոտակայքում մեքենայի վրաերթի արդյունքում մահացել է Սթոքսի կրկնօրինակող Ալեքսանդր (էյջեյ) Ջենինգսը[12]: 2024 թվականի փետրվարի 29-ին հայտարարվել է, որ Պոլիաննա ՄքԻնտոշը, Ջ. Էնթոնի Քրեյնը, Բրիանա Բրաունը, Ռիգո Սանչեսը և Միա Չալիսը ընտրվել են սերիալի չորրորդ եթերաշրջանի կրկնվող դերերում նկարահանվելու համար[13].
Սերիալի համահեղինակ Ջոնաս Փեյթը ի սկզբանե պատկերացնում էր նկարահանումները Հյուսիսային Կարոլինայի Վիլմինգթոն քաղաքում, սակայն Նեթֆլիքսը որոշել է չնկարահանել շոուն այնտեղ՝ նահանգի օրենսդրության պատճառով[14]։ Առաջին եթերաշրջանի հիմնական նկարահանումները սկսվել են 2019 թվականի մայիսի 1-ին Հարավային ԿարոլինայիՉարլսթոն քաղաքում (ներառյալ Ջեյմս, Ջոնս, Կիավա կղզիները, ինչպես նաև Մորիս և Հանթինգ կղզիների փարոսները[15][16]։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2020 թվականի օգոստոսի 31-ին և ավարտվել են 2021 թվականի ապրիլի 2-ին[17][18][19][20]։ Երրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2022 թվականի փետրվարի 15-ին և ավարտվել 2022 թվականի սեպտեմբերի 17-ին[21][22]։ Չորրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2023 թվականի հունիսի 17-ին[23]։ Նկարահանման վայրերի մեջ է նաև Վիլմինգթոն քաղաքի տարածքը (առաջին անգամ սերիալի պատմության մեջ)[24]։ 2023 թվականի հուլիսի 14-ին հաջորդող շաբաթվա ընթացքում նկարահանումները դադարեցվել են «SAG-AFTRA» գործադուլի մեկնարկի պատճառով[25]։ Սերիալի արտադրությունը վերսկսվել է Հյուսիսային Կարոլինայում 2023 թվականի նոյեմբերի 20-ին[26]։ 2024 թվականի փետրվարին սերիալը մեկ ամիս շարունակ նկարահանել է Մարոկկոյում (ներառյալ Էս Սուվեյրա և Ուարզազատե քաղաքները)[27]։ Չորրորդ եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են 2024 թվականի հունիսի 20-ին[28]։
«Արտաքին ծանծաղուտներ» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 15-ին[29], երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 30-ին[30], իսկ երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ 2023 թվականի փետրվարի 23-ին էր[2]: Չորրորդ եթերաշրջանը նախատեսվում է թողարկել 2024 թվականին[31]։
Սթիվ Գրինը «IndieWire»-ից սերիալի առաջին եթերաշրջանին տվել է B− գնահատական և գրել՝ «Սերիալի բախումներից մի քանիսը կոտրվում են սյուժեի ծանրության տակ, բայց երբ «Արտաքին ծանծաղուտներ»-ն իր մելոդրամային ճիշտ կետում է, բավականին զվարճալի է, որպեսզի «սյուժեի ծարավ» հանդիսատեսը հետևի սերիալի զարգացմանը»[32]: «The Hollywood Reporter»-ից Դանիել Ֆեյնբերգը սերիալի առաջին եթերաշրջանը նկարագրել է որպես «գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ կինեմատոգրաֆիա, գեղեցիկ հիմարություն» և ասել է, որ սերիալը լի է կերպարներով և սյուժետային գծերով, որոնք կարող էին կարևոր լինել 13 սերիանոց եթերաշրջանում կամ երիտասարդների համար նախատեսված վեպում՝ նրանց ավելի շատ շնչելու տարածք ընձեռելով»[33]:
«Rotten Tomatoes» վարկանշային կայքում առաջին եթերաշրջանը ունի 74% հավանության վարկանիշ՝ 23 ակնարկների հիման վրա (միջին գնահատականով 6.8/10): Կայքի քննադատների համատեղ կարծիքը հետևյալն է. «Արտաքին ծանծաղուտների-ի չափազանց մեծ մելոդրաման հավասարակշռված է արկածախնդրության ուժեղ զգացումով, ինչն անպայման կգրավի այն մարդկանց, ովքեր ցանկանում են բռնել ամառվա զգացողությունը»:
«Metacritic» վարկանշային կայքում հեռուստասերիալն ունի 100-ից 61 միջին միավոր՝ 9 ակնարկների հիման վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ» :
Երկրորդ եթերաշրջանը «Rotten Tomatoes»-ում ունի 86% հավանության վարկանիշ՝ 7 ակնարկների հիման վրա (միջին գնահատականով 6.7/10):
Երրորդ եթերաշրջանը «Rotten Tomatoes»-ում ունի 56% հավանության վարկանիշ՝ 9 ակնարկների հիման վրա (միջին գնահատականով 4.1/10):
2021 թվականի օգոստոսի 2-ից 8-ը ընկած շաբաթվա ընթացքում «Արտաքին ծանծաղուտներ»-ը եղել է ամերիկյան «Նիլսեն» վարկանիշային աղյուսակի առաջին տեղում և հայտարարվել է, որ շոուն դիտվել է 2.1 միլիարդ րոպե 20 սերիաների ընթացքում[34]: Հաջորդ շաբաթ սերիալը կրկին առաջին տեղում էր «Նիլսեն» վարկանիշային աղյուսակում՝ 1.16 միլիարդ րոպե ընդհանուր դիտումների քանակով 20 սերիաների համար[35]:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին Հյուսիսային Կարոլինայի ուսուցիչ և հեղինակ Քևին Ուութենը դատական հայց է ներկայացրել Նեթֆլիքսի և «Արտաքին ծանծաղուտներ» սերիալի ստեղծողների դեմ՝ պնդելով, որ նրանք գողացել են իր «Փեննիվայզ․ Սև Մորուքի գանձի որսը» վեպի սյուժեն: Ուութենը պահանջում էր շարունակական հեղինակային վարձավճարներ և վնասների փոխհատուցում[36][37] : Հայցն ի վերջո մերժվել է դաշնային դատավոր Թիմոթի Բատտենի կողմից՝ ի նպաստ Փեյթ եղբայրների և Բըրքի: Իր 25 էջանոց կարծիքում Բատտենը նշել է, որ Ուութենի վեպի և սերիալի սյուժեները կիսում են նմանություններ նավաբեկությունների և թաղված գանձերի հայտնաբերման թեմաների վերաբերյալ, սակայն կարծիք է հայտնել, որ սյուժեի և կերպարների էական տարբերությունները նշանակում են, որ երկու գործերի սյուժեները «այդպիսի բարձր մակարդակի աբստրակցիայով վերլուծելը կհանգեցնի նրան, որ յուրաքանչյուր գանձ որոնող գործ կհանգեցնի հեղինակային իրավունքի խախտման»[38][39]: