Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակ (անգլ.՝ Princess Diana Memorial Playground, նաև անգլ.՝ Diana, Princess of Wales Memorial Playground), մանկական խաղահրապարակ Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի շրջանում՝ Քենսինգթոնյան այգիների հյուսիսարևմտյան հատվածում։ Խաղահրապարակը նվիրված է Ուելսի արքայադուստր Դիանային, և նրա պատվին քաղաքում ստեղծված հուշարձաններից մեկն է զբոսանքի ուղու և նրա հիշատակին նվիրված շատրվանի հետ միասին[1]։
Խաղահրապարկը երևում է Քենսինգթոնյան պալատից, որտեղ նախկինում բնակվել է արքայադուստրը։
Խաղահրապարակը բացվել է 2000 թվականի հունիսի 30-ին։ Բացման արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Գորդոն Բրաունը (այդ ժամանակ եղել է գանձապետության կանցլեր) և Դիանայի եղբայր կոմս Սպենսերն իր ընտանիքի հետ, բայց Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն անտեսել են այդ իրադարձությունը։ Խաղահրապարակի ստեղծման ծախսը կազմել է 1,7 մլն ֆունտ ստեռլինգ[2]։
ԽԱղահրապարակը գտնվում է Փիթեր Պենին նվիրված հրապարակի տեղում, որը կառուցվել էր դեռ Ջեյմս Մեթյու Բարրիի կենդանության օրոք՝ 1906 թվականին, սակայն զբաղեցնում է մեծ տարածք։ Ընդ որում՝ հրապարակի դիզայնը հիմնված է Փիթեր Պենին նվիրված գրքի սյուժեի վրա. նրա կենտրոնում տեղակայված է ծովահենների հսկայական փայտե նավ, որի վրա կարող են բարձրանալ երեխաները, իսկ նավի շուրջն ավազ է լցված։ Խաղահրապարակում կան նաև սահուղի, ճոճանակներ, սոնսորային ուղի, երաժշտական այգի, տնակներ, վիգվամ, խաղային տարբեր քանդակներ։ Սահմանափակ կարողություններով երեխաները կարող են խաղալ ինչպես հիմնական հատվածում, այնպես էլ հատուկ կառուցված տարածքում։ Խաղահրապարակը բաց է անվճար այցելությունների համար, և ամեն տարի այնտեղ լինում է ավելի քան մեկ միլիոն այցելու[3]։ Ընդ որում՝ օրվա մեծ մասն այնտեղ կարող են մտնել միայն երեխաներին ուղեկցող մեծահասակներ, իսկ առանց երեխաների մեծահասակների մուտքը թույլատրվում է միայն առավոտյան՝ ժամը 9:30-10:00։ Մեծ թվով այցելուների դեպքում խաղահրապարակի դիմաց ձևավորվում է հերթ։
Խաղահրապարակի մոտ գտնվում է Էլֆին Օուք (Elfin Oak) 900-ամյա կաղնին, որի բնի վրա փորված ու ներկված են թզուկների, էլֆերի ու կենդանիների ֆիգուրներ[4]։