![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դիեգո Վելասկես |
տարի | մոտ 1631 |
բարձրություն | 128 սանտիմետր[1] |
լայնություն | 101,9 սանտիմետր[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
հիմնական թեմա | Balthasar Charles? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Արքայազն Բալթազար Կառլոսի դիմանկարը թզուկի հետ (իսպ.՝ El príncipe Baltasar Carlos con un enano), իսպանական գահաժառանգի դիմանկարներից մեկը, որի հեղինակը Դիեգո Վելասկեսն է։
Չնայած իր մանկահասակ տարիքին` արքայազնը պատկերված է վեհաշուք դիրքով` հանդիսավոր դիմանկարի բոլոր կանոններին համապատասխան։ Նրա հագուստն ընդգծում է սոցիալական բարձր դիրքը։ Արքայազնը հագել է մուգ կանաչ, ոսկեթել զինվորական շորեր, վառ կարմիր ուսագոտիով և Վան Դեյքի ոճին բնորոշ ասեղնագործ օձիքով[2]։ Մի ձեռքով նա պահում է մարշալի գավազան, մյուս ձեռքը դրված է թրի բռնակին։ Կողքին` բարձի վրա, դրված է գլխարկ` շքեղ փետուրով։ Այս բոլոր պարագաները բնորոշ են գեներալին։ Արքայազնի մոտ պատկերված թզուկը (պարզ չէ` այն աղջի՞կ է, թե՞ տղա) ձեռքին ունի խնձոր և զանգուլակ, որով հակադրվում է ամենազոր կայսրության գահաժառանգին, ով սովորական մանկական խաղալիքների կարիք չունի։ Երկուսն էլ կանգնած են գորգին, հետևի ֆոնը ձևավորված է կարմիր դիպակով, ինչը նույնպես հանդիսավոր դիմանկարի արտահայտություն է։
Արքայազն Բալթազար Կառլոսը ծնվել է 1629 թվականի հոկտեմբերի 17-ին Մադրիդում, մահացել է 1646 թվականի դեկտեմբերի 9-ին Սարագոսայում։ Նկարում առկա է մասամբ ջնջված մակագրություն` «Aetatis AN… / MENS 4», որը թույլ է տալիս ենթադրել, որ դիմանկարը նկարվել է, երբ արքայազնը եղել է մեկ տարեկան չորս ամսական, այսինքն` 1631 թվականի մարտին[3]։
Համաձայն նկարչի առաջին կենսագիր Ֆրանսիսկո Պաչեկոյի` Իտալիա կատարած իր առաջին ճանապարհորդությունից հետո «Վելասկեսը մեկուկես տարվա բացակայությունից հետո Մադրիդ է վերադարձել 1631 թվականի սկզբին[4]։ Նա շատ լավ ընդունելության է արժանացել կոմս-հերցոգ Գասպար դե Գուսման Օլիվարեսի կողմից, ով հրամայել է նրան գնալ ու համբուրել Նորին մեծություն արքա Ֆիլիպ IV-ի ձեռքը ձեռքը այն բանի համար, որ նա ուրիշ նկարիչ չի հրավիրել` գերադասելով սպասել նկարչի վերադարձին արքայազնի դիմանկարը նկարելու համար, ինչին էլ Վելասկեսն անմիջապես ձեռնամուխ է եղել»։ Ենթադրաբար խոսքը հենց այս նկարի մասին է, սակայն քանի որ կենսագիրը չի հիշատակում թզուկի մասին, որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ խոսքը մեկ այլ նկարի մասին է, որը գտնվում է Ուոլեսի հավաքածուում. այնտեղ արքայազնը մենակ է պատկերված։ Սակայն այդ նկարում արքայազնը երեք տարեկան է, այնպես որ այն չի կարող լինել նրա առաջին նկարը[5]։
Ջոնաթան Բրաունը և Ջ. Գ. Էլիոթը կարծում են, որ դիմանկարում արքայազնի հագուստը նման է գրավոր աղբյուրի հիշատակությանը նրանով, որ հագուստը նա հագել է Կորտեսում հանդիսավոր երդման ժամանակ, որը կայացել է 1632 թվականի մարտի 7-ին Սան Խերոնիմոյում[6]։ Այդ պատճառով նրանք ենթադրում են, որ նկարը նկարվել է, երբ արքայազնը եղել է մոտավորապես 2.4 տարեկան և ոչ թե 1.4: Այն, որ թզուկը ձեռքին ունի խնձոր և զանգուլակ, նրանք գնահատում են որպես թագավորական խորհրդանիշերի` իշխանության և գայիսոնի սիմվոլիկ արտահայտություն։
Խոսե Կամոն Ազնարը նշել է, որ թզուկի հագուստը, որը ներառում է մանյակ, բնորոշ է կանանց[3][7]։ Բրաունը չի ժխտում այս վարկածը[8]։ Ավանդաբար թզուկին նույնացնում են «Վալյեսկասի մանուկ» մականունով Ֆրանսիսկո Լեսկանոյի հետ (նա պատկերված է նաև Վելասկեսի «Խեղկատակներ» շարքում). այս տեսակետն առաջ է քաշել Մորենո Վիլյան, ով ենթադրել է, որ այդ դեպքում նկարը ստեղծվել է 1634 թվականին, երբ Լեսկանոն ծառայության է անցել արքայազնի մոտ։ Սակայն քանի որ նկարն ակնհայտորեն ստեղծվել է նրա նշած տարեթվից առաջ, ուրեմն թզուկը չի կարող լինել Լեսկանոն։ Նրա դինամիկ դիրքը Պանտորբային հանգեցրել է այն մտքին, որ նա նկարում ավելացվել է հետագայում[9]։
Խուլիան Գալիեգոն ժամանակագրության համընկնման այս հարցը լուծելու նպատակով առաջ է քաշում, ինչպես ինքն է նշում, «ռիսկային գաղափար», որ նկարը պատկերված է Վելասկեսի նախընտրած ժանրում` «նկար նկարի մեջ»։ Այսինքն` թզուկը պատկերված է թզուկի հանդիսավոր դիմանկարի ֆոնին, իսկ գորգի գիծը իրական աշխարհի ու հետնանկարի սահմանն է։ Սա նրա կարծիքով բացատրում է «ոճական տարբերությունը, որի պատճառով, ինչպես նկատում է Պանտորբան, նկարը կարող է դիտարկվել որպես վիզուալ խաղ և ժամանակի ստեղծագործական նորարարություն, ինչն այնքան սիրում էր Վելասկեսը, և որը իրական ու պատկերված աշխարհի շփոթմունք էր առաջացնում»[5]։
Նկարն ակնհայտորեն ստեղծվել է իսպանական (կամ ավստրիական) արքայական պալատի համար, սակայն նրա ճակատագրի մասին չի պահանվել տեղեկություն մինչև 1769 թվականը, երբ նկարի մասին առաջին հիշատակությունն է արվում այն առիթով, որ իտալական Պարմա քաղաքում Հենրի Հովարդը (4-րդ կոմս Կառլայլ) ձեռք է բերել նկարը։ Հովարդի ամրոցում այն պահվել է մինչև 1900 թվականը, երբ Ջորջ Ջեյմս Հովարդը (9-րդ կոմս Կառլայլ) վաճառել է այն։ Նկարը վաճառվել է 80.000 դոլարով և 1901 թվականին հայտնվել է Բոստոնի գեղարվեստի թանգարանում[10]։
Մինչև 19-րդ դարը համարվում էր, որ նկարի հեղինակը Կարավաջոն է, և այն պատկերում է Պարմայի հերցոգներից մեկին[10]։