Աֆրիկյան փրոթերեբիա

Աֆրիկական փրոթերեբիա
Աֆրիկական փրոթերեբիա
Աֆրիկական փրոթերեբիա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Նիմֆալիդներ (Nymphalidae)
Ցեղ Proterebia
Տեսակ Աֆրիկական փրոթերեբիա (P. afra)
Միջազգային անվանում
Proterebia afra

Աֆրիկյան փրոթերեբիա (լատին․՝ Proterebia afra), սատիրների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ խոշոր չափի թիթեռ է։ Թևերի ընդհանուր գուներանգը մուգ շագանակագույն է, իսկ ավելի բաց գունավորված գագաթնամասինը՝ մինչև բաց դարչնագույն։ Առջևի (16-20 մմ երկարությամբ) և հետին թևերն ունեն առանձնահատուկ կարմիր պտերի տրամակապ։ Պտերի միջուկը սև է, կենտրոնը՝ սպիտակ։ Հետին թևերի ստորին մակերեսի ջղերն ունեն սպիտակ փոշեծածկ[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Ղազախստանում և Հարավարևմտյան Թուրքմենստանում։ Հայտնի է Կոտայքի (Ծաղկաձոր, Բջնի), Սյունիքի (Շվանիձորից դեպի հյուսիս), Արայի լեռից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Ապրում է ծովի մակարդակից 1800-2200 մ բարձրություններում, քարքարոտ տափաստաններում և ալպյան գոտու տափաստանացած մարգագետիններում[1]։

Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է ապրիլի վերջից մինչև մայիսի վերջ։ Ձմեռում են բարձր հասակի թրթուրները։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բարձր չէ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված տափաստանային էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և Արևիք ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան փրոթերեբիա» հոդվածին։