Բախտագուշակը | |
---|---|
տեսակ | գեղանկար և կրկնօրինակ |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | 1590[2] |
բարձրություն | 99 ± 0 սանտիմետր[3] |
լայնություն | 131 ± 1 սանտիմետր[3] |
ստեղծման երկիր | Իտալիա |
ուղղություն | Italian Baroque painting? |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լուվրի 712 սենյակ[2] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Լյուդովիկոս XIV |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/c/caravagg/02/11fortu1.html, https://www.wga.hu/html/c/caravagg/02/11fortu2.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Fortune Teller by Caravaggio (Paris) Վիքիպահեստում |
«Բախտագուշակը», իտալացի բարոկկո ոճի նկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի կտավ, որը գոյություն ունի երկու տարբերակով՝ երկուսն էլ պատկանում են նկարչի վրձնին։ Առաջին տարբերակը թվագրվում է մոտավորապես 1594 թվականով և այժմ գտնվում է Հռոմի Կապիտոլիական թանգարաններում, իսկ երկրորդը՝ մոտավորապես 1595 թվականով և գտնվում է Փարիզի Լուվրում։ Թվագրման տարեթվերը վիճահարույց են։
Նկարում պատկերված է մի պճնամոլ երիտասարդ (երկրորդ տարբերակի բնորդը հավանաբար Կարավաջոյի գործընկեր, սիցիլիացի նկարիչ Մարիո Միննիտին է), որը բախտը գուշակելու համար ձեռքը պարզել է մի գնչուհու։ Տղան գոհ է երևում ու երբ նայում է աղջկա դեմքին, վերջինս նույնպես նայում է նրան․ նրանք հայացքներ են փոխանակում։ Նկարին ուշադիր նայելիս պարզ է դառնում այն, ինչը երիտասարդը չի նկատում․ աղջիկը հանում է նրա մատանին իր ձեռքը մեղմորեն շոյելով[փա՞ստ]։
Կարավաջոյի նկարում, որն ունի երկու տարբերակ, պատկերված է լավ խնամված, սնապարծ մի երիտասարդ, որի ափով գնչուհին գուշակություն է անում։ Խորամանկ գնչուհին խաբում է նրան․ նրա գայթակղիչ ժպիտը կեղծ է, և քանի որ երիտասարդը հմայված է նրա գեղեցկությամբ, նա չի նկատում, որ աղջիկը հանել է մատանին իր մատից[4]։ 1603 թվականին Գասպարե Մուրթոլան մադրիգալ է նվիրել Կարավաջոյի այս կտավին, որում նա գեղեցկադեմ գնչուհու խաբեությունը համեմատում է Կարավաջոյի իլյուզիոնիստական պատկերավորման հետ ու եզրակացնում, որ կտավին նայողը, ինչպես այդ երիտասարդը, երկդիմության զոհ է[5]։ Մադրիգալը հասցեագրված է անձամբ Կարավաջոյին[6], որում ասվում է․ «ես չգիտեմ, ով է այս մեծ գուշակուհին / կինը, որին դու պատկերել ես / ոչ էլ դու, որ նրան նկարել ես, քաղցր դյութանքների միջոցով / նա փափագում է գողանալ / հենց մեր սիրտն ու արյունը, և քո կտավի միջոցով / նրա կենդանի, շնչող պատկերը / ներկայացնում է մյուսներին, որոնք նույնպես կարող են հավատալ դրան»։
Կարավաջոյի կենսագիր Ջովաննի Բելլորին նշել է, որ նկարիչը գնչուհուն ընտրել է փողոցի անցորդներից, որպեսզի ցույց տա, որ կարիք չունի կրկնօրինակել հնագույն վարպետներին․
Այս հատվածը ցույց է տալիս, որ Կարավաջոյի ժամանակակից, դասական կրթությամբ մաներիստ նկարիչները հավանություն չէին տալիս վերջինիս՝ իրական բնորդներին նկարելու հակմանը։ Սակայն Բելլորին այսպես է ավարտում․ «և այս երկու կերպարների միջոցով Կարավաջոն այնքան հստակորեն է պատկերում իրականությունը, որ նրանք ապացուցում են նրա խոսքերի ճշմարտացիությունը»։ Այս պատմությունը հավանաբար անստույգ է, քանի որ Բելլորին գրել է Կարավաջոյի մահից համարյա կես դար անց, և այն չի հանդիպում Կարավաջոյին ճանաչած կենսագիրներ Մանսինիի և Ջովաննի Բալոնեի գրվածքներում, սակայն հստակորեն ընդգծում է Կարավաջոյի հեղափոխական ազդեցությունն իր ժամանակակիցների վրա, սկսած իր «Բախտագուշակից», որով Վերածննդի արվեստի տեսությունը՝ որպես դիդակտիկ գեղարվեստ փոխարինվելու էր իրական կյանքը ներկայացնող արվեստով։
1594 թվականին «Բախտագուշակը» կտավը Հռոմի երիտասարդ նկարիչների և ավելի ավանգարդ կոլեկցիոներների շրջանում զգալի հետաքրքրություն է առաջացրել, բայց ըստ Մանսինիի, Կարավաջոյի աղքատությունը նրան ստիպել է նկարը վաճառել ցածր գնով (ութ արծաթադրամով)։ Այն տեղ է զբաղեցրել հարուստ բանկիր ու արվեստի գիտակ մարքիզ Վինսենտե Ջուստինիանիի հավաքածուում, որը դարձել է նկարչի գլխավոր հովանավորը։ Ջուստինիանիի ընկեր կարդինալ Ֆրանչեսկո Դել Մոնտեն 1595 թվականին գնել է մյուս կտավը՝ «Խաղանենգները» և այդ տարի Կարավաջոյին տեղ հատկացրել իր տանը։
Դել Մոնտեի համար Կարավաջոն նկարել է այս կտավի երկրորդ տարբերակը, սակայն որոշակի փոփոխություններով։ 1594 թվականի տարբերակի մուգ ֆոնն այստեղ դարձել է կիսաբաց վարագույրի ու պատուհանագոգի ստվերներով ակոսված պատ, իսկ կերպարներն ավելի են լցնում տարածություն՝ այն դարձնելով եռաչափ հարթություն։ Լույսն ավելի պայծառ է, տղայի հագուստի կտորն ու աղջկա թևքերն ավելի նուրբ հյուսվածքներ ունեն։ Խաբեության զոհն ավելի երեխայանման է ու անմեղորեն խոցելի, իսկ աղջիկը՝ պակաս զգուշավոր, ավելի հակված դեպի տղան ու իրավիճակի տերն է։
«Բախտագուշակը» 1594 թվականին Կարավաջոյի նկարած կենցաղային ժանրի երկու կտավներից մեկն է, մյուսը «Խաղանենգներն» է։ Համարվում է, որ «Բախտագուշակը» երկուսից ավելի վաղ է նկարվել և թվագրվում է այն ժամանակահատվածով, երբ նկարիչը նոր էր հեռացել Ջուզեպպե Չեզարիի արվեստանոցից՝ նկարավաճառ Կոնստանտինոյի միջոցով իր սեփական նկարները վաճառելու համար։
Նկարի թեման աննախադեպ չէր։ Իր «Lives of the Artists» գրքում Ջորջո Վազարին նշում է, որ Ֆրանչաբիջոյի հետևորդներից մեկը՝ իր եղբայր Ագնոլոն, օծանելիքի խանութի մի տեսարան է պատկերել, «որտեղ մի գնչուհի շատ նրբագեղորեն մի տիկնոջ բախտ է գուշակում»[7][8]։