Բանկային գործունեությունն ԱՄՆ-ում սկսվեց 1790-ականների վերջին՝ երկրի հիմնադրմանը զուգընթաց և վերաճեց բանկային և ֆինանսական ծառայությունների ազդեցիկ ու բարդ համակարգի։ Կենտրոնացած լինելով Նյու Յորքում ու Ուոլ Սթրիթում, այն հիմնաված է տարբեր ֆինանսական ծառայությունների վրա, մասնավորապես` մասնավոր բանկային գործունեություն, ակտիվների կառավարում և ներդրումների անվտանգություն։
Բանկային արդյունաբերության սկիզբ կարելի է համարել 1790 թվականը, երբ Ամերիկյան հեղափոխական պատերազմը ֆինանսավորելու համար հիմնադրվեց Փենսիլվանիայի բանկը։ Այն բանից հետո, երբ Տասներեք գաղութների վաճառականները որպես փոխանակման միջոց արտարժույթի կարիք ունեցան, բացվեց Հյուսիսային Ամերիկայի բանկը՝ ավելի առաջադեմ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար։
2018-ի դրությամբ Միացյալ Նահանգների խոշորագույն բանկերն էին JPMorgan Chase-ը, Bank of America-ն, Wells Fargo-ն, Citigroup-ը և Goldman Sachs-ը։ Ըստ հաշվարկների ԱՄՆ տնտեսության 56 տոկոսը բաժին է ընկնում բանկային ակտիվներին։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՄՆ–ում կար 5,177 առևտրային բանկ և խնայողական կազմակերպություն[1]։
Առևտրականները Բրիտանիայից ուղևորվեցին Միացյալ Նահանգներ և Ամերիկյան հեղափոխական պատերազմը(1775–1783) ֆինանսավորելու համար 1780 թվականին հիմնադրեցին Փենսիլվանիայի բանկը[2]։ Այս ընթացքում տասներեք գաղութները չունեին արժույթ և ոչ պաշտոնական առևտուրով էին իրենց ամենօրյա գործունեությունը ֆինանսավորում[2]։ 1782 թվականի հունվարի 4-ին ԱՄՆ-ում բացվեց առաջին առևտրային բանկը՝ Հյուսիսային Ամերիկայի բանկը[2]։ 1791 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնը ստեղծեց Միացյալ Նահանգների բանկը՝ ազգային բանկ, որը նպատակ ուներ պահպանել ամերիկյան հարկերը և մարել արտաքին պարտքը[2]։ 1832 թվականին նախագահ Էնդրյու Ջեքսոնը փակեց բանկը և բոլոր բանկային ակտիվները ուղղեց դեպի ԱՄՆ նահանգային բանկեր[2]։ Նահանգային բանկերը սկսեցին գումար տպել՝ արագորեն խթանելով գնաճը և հանգեցնելով 1837թ. խուճապին[2]։
Ներդրումային բանկային գործունեությունը սկսվեց 1860-ական թվականներին՝ պետական պարտատոմսերի առաջին թողարկողներից մեկի՝ Jay Cooke & Company-ի հիմնադրմամբ[2]։ 1863 թվականին ընդունվեց Ազգային բանկի մասին օրենքը, որի նպատակն էր ստեղծել ազգային արժույթ, դաշնային բանկային համակարգ և տրամադրել հանրային վարկեր[2]։ Այնուամենայնիվ այդ պահին դեռ ոչ բոլոր նահանգներն էին պաշտոնապես միացել միությանը։ 1902 թ.-ին Օկլահոմայի տարածքում, որը մինչև 1907 թվականը չուներ նահանգի կարգավիճակ, Մասկոգիի քաղաքապետ Հ.Բ. Սփոլդինգը հրաժարական տվեց Տարածքային վստահություն և երաշխավորություն ընկերության փոխնախագահի պաշտոնից, այն բանից հետո, երբ նրա Spaulding Mercantile ընկերությանը մասնավոր բանկ հիմնելու լիցենզիա տրվեց։ 1903 թվականին հիմնադրվեցին ևս մի քանի մասնավոր բանկեր։ Օկլահոմայի ժամանակակից մի բանկիր, ով պաշտպանում էր ոչ ամերիկյան մասնավոր բանկերի գոյությունը, նկատեց, որ բանկերի սնանկության մի մասը առաջացել է «բերքի մասնակի ձախողման պատճառով առաջացած ավանդների անկումից»[3]։
1913-ին ստեղծվեց Դաշնային պահուստների համակարգը, որը սկսեց վարել դրամավարկային քաղաքականություն[2]։ Մեծ ճգնաժամը հանգեցրեց ներդրումային և առևտրային բանկային գործունեության տարանջատմանը, որը հայտնի է «Գլաս-Ստիգալի օրենք» անվամբ[2]։ Սակայն 1991թ.-ին օրենքը ուժը կորցրած ճանաչվեց, ինչն էլ հանգեցրեց 2008թ․-ի ֆինանսական ճգնաժամին[2]։
Չնայած երկրների մեծ մասն ունեն բանկային համակարգի միայն մեկ կարգավորող, ԱՄՆ-ում բանկային գործունեությունը կարգավորվում է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային մակարդակով[4]։ Կախված իր լիցենզիայի տեսակից և կազմակերպական կառուցվածքից `բանկային կազմակերպությունը կարող է ենթարկվել դաշնային և նահանգային մի շարք բանկային կանոնակարգերի։ Ի տարբերություն Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության (որտեղ բանկային, արժեթղթերի և ապահովագրական շուկաների կարգավորող մարմինը միավորված է ֆինանսական ծառայություններ մատուցող գործակալության մեջ), ԱՄՆ-ում բանկային գործունեությունը կարգավորող մարմիններից առանձին կա նաև արժեթղթերի, բորսայական ապրանքների և ապահովագրության շուկաների կարգավորող գործակալություններ՝ դաշնային և նահանգային մակարդակով[5]։ ԱՄՆ-ի բանկային կանոնակարգերը միտված են գաղտնիությանը, բացահայտմանը, խարդախությունների կանխարգելմանը, փողերի լվացման դեմ պայքարին, ահաբեկչության դեմ պայքարին, ընդդեմ վաշխառության վարկերի տրամադրմանը և ցածր եկամուտ ունեցող բնակչության վարկավորման խթանմանը։ Որոշ առանձին քաղաքներ նաև ընդունում են իրենց սեփական ֆինանսական կարգավորման օրենքները (օրինակ սահմանում են, թե ինչ է իրենից ներկայացնում վաշխառությունը)[4]։
Միացյալ Նահանգների կենտրոնական բանկային համակարգը, որը կոչվում է Դաշնային պահուստների համակարգ, ստեղծվել է 1913 թվականին Դաշնային պահուստային օրենքի ուժի մեջ մտնելով(հիմնականում ի պատասխան մի շարք ֆինանսական խուճապների, մասնավորապես 1907 թվականի ծանր խուճապի)[6][7]։ Ժամանակի ընթացքում Դաշնային պահուստների համակարգի դերն ու պարտականությունն ընդլայնվեց, իսկ կառուցվածքը զարգացավ[8]։ Իրադարձությունները, ինչպիսին էր Մեծ ճգնաժամը, հանդիսացան համակարգում փոփոխությունների հիմնական գործոն[9]։