![]() | |
Տեսակ | ազգային պարկ և արգելոց |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հյուսիսային մարզ[1] |
Հիմնվել է | 1966 |
Բարամ (եբրայերեն՝ ברעם), ազգային պարկ Իսրայելում։ Անվանվել է հռոմեա-բյուզանդական շրջանի հին հրեական բնակավայրի անունով, որի տարածքում էլ այն ստեղծվել է[2]։ Հիմնադրվել է 1966 թվականին[3]։
Գտնվում է լեռնային վերին Գալիլեայում՝ Մերոն լեռան և Լիբանանի հետ սահմանի միջև։ Նրա կողքին է գտնվում համանուն Կիբուցը[4][5]։
Հրեական բնակավայր Բարամը հիմնադրվել է անտիկ ժամանակներում։ Նրա տեղում հայտնաբերված սինագոգի մնացորդները պատկանում են մեր թվարկության 2-րդ դարին։ Բարամը հիշատակել են հրեա ճանապարհորդներ Շմուել Բեն Շիմշոնը (1210), Մոշե Բասուլան (1523), անհայտ ճանապարհորդ, Ռամբամի աշակերտը (14-րդ դարասկիզբ) և ուրիշներ[2][6][7][8]։ Նրանց կարծիքով՝ մեծ սինագոգում է եղել Շիմոնա բար Յոհայի ռաբբի եշիվան[2][6][7][8]։
19-րդ դարում նրա տեղում գտնվում էր քրիստոնեական Բիրիմ գյուղը, որը կառուցվել էր հրեական բնակավայրի ավերակների վրա և գրեթե ամբողջությամբ ժառանգել էր նրա անունը[7][9]։ Գյուղը հիմնադրել են դրուզների հետ կոնֆլիկտի արդյունքում Լիբանանից փախած մարոնիները[10][11]։
Բիրիմի բնակիչները 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում ստիպված են եղել հեռանալ գյուղից, գյուղն ավերվել է 1949 թվականին՝ սահմանին մոտ 2 կմ հեռավորության և Լիբանանի կողմից ահաբեկչական խմբերի ներթափանցման վտանգի պատճառով։ Բնակիչների հիմնական մասը տեղափոխվել է Գուշ Հալյավ (Ջիշ) գյուղ, որը գտնվում է Բիրմայից հարավ։ Գյուղի վերականգնման մասին նրանց ներկայացրած հայցերը բավարարված չեն եղել։ Բարամ զբոսայգում պահպանված եկեղեցին նախկինի պես մարոնիների հոգևոր կենտրոնն է[2][7][12]։
1949 թվականին գյուղի մնացորդների մոտ ստեղծվել է Բարամ կիբուցը[4][5]։
Այգու ցուցադրության հիմնական մասը թալմուդյան շրջանի լավ պահպանված «Մեծ սինագոգն» է։ Այլ հնագիտական գտածոների հետ միասին այն վկայում է մեր թվարկության 2-4-րդ դարերում այստեղ բնակվող ծաղկուն հրեական համայնքի մասին[6][12]։ Մեծ սինագոգի տարածքը 15,2 × 20 մ է, այն կառուցված է մեծ մշակված քարերից, պահպանվել են նաև մեծ բարձր սյուներ։ Սինագոգում հայտնաբերվել է եբրայերեն երկու արձանագրություն․ «Կառուցվել է Էլազար բար Իուդանի կողմից» և «Այո, խաղաղություն կլինի այս վայրում և բոլոր վայրերում, ուր իր ժողովուրդը` Իսրայելը, բնակվում է. Յոսե հա Լևի բար Լևին կառուցել է այս քիվը, թող օրհնվեն նրա գործերը, ամեն»։ Լավ պահպանված ճակատն ունի դեպի Երուսաղեմ շրջված երեք գեղեցիկ քանդակված դուռ՝ զարդարված քարե փորագրություններով[2][6][7][12]։
Մեծ սինագոգի կողքին գտնվել է նաև փոքր սինագոգ, որը գործնականապես ամբողջովին ավերվել է 19-րդ դարում։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել է գրություն. «Թող խաղաղություն լինի այս վայրում և Իսրայելի յուրաքանչյուր տանը։ Յոսե բար Լևին կառուցել է այս շեմքը։ Թող օրհնվի նրա աշխատանքը։ Շալոմ»։ Պեղումների ընթացքում հայտնաբերված դռան փակոցները ներկայումս ցուցադրվում են Լուվրում։
Այգու կազմի մեջ մտնում են նաև Բարիմ մարոնիական գյուղի մնացորդները[2][6][7][12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարամ (ազգային պարկ)» հոդվածին։ |
|