«Բարևի հեղափոխություն», 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո սկսված և շարունակական բնույթ կրող քաղաքական բողոքի ակցիաների և շարժման վերաբերյալ կիրառվող եզր։ Շարժման առաջնորդն է հանդիսացել Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրությունների մասնակցում էր «վերջին անգամ»[1]։
2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձայների հաշվարկի համաձայն ՀՀ գործող նախագահի օգտին քվեարկեց 861378 անձ կամ ընտրողների 58.64%-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 539674 անձ կամ ընտրողների 36.75%-ը։
2013 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշվել է, որ հիմնական հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ դրա առաջնորդները «Բարևի հեղափոխությամբ» կշրջեն ՀՀ քաղաքներով[2]։ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր հրապարակավ պատժել կեղծարարաներին և չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները` կրկին ընտրություններ (այդ թվում՝ խորհրդարանական) նշանակել նա առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել` խոսելով համամասնական խորհրդարանի և խորհրդարանական կառավարման, «ժողովրդի իշխանության» մասին: Ելնելով նրանից, որ առաջարկները չեն ընդունվել, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սկսում է երկարատև պայքար, և որ մինչև կյանքի վերջ ժողովրդի կողքին է լինելու[3]:
Որոշ ժամանակ անց, սակայն, շարժումը թուլացավ։ Արդեն մարտին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտնեց, որ «Ժառանգությանը» մնում է նույն տարվա մայիսի 6-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ապացուցել, որ այդ ընդդիմադիր զանգվածի ձայներն իրոք իրենն են[4]: Ապրիլի 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի Պլազա» հյուրանոցում հրավիրած քաղաքացիական ժողովին հայտարարեց, որ «Բարևի» հողափոխությունից անցնում են «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժմանը[5]։