Բաքոս և Արիադնե | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 1520[2] |
բարձրություն | 176,5 սանտիմետր |
լայնություն | 191 սանտիմետր |
ստեղծման վայր | Վենետիկ[1] |
ստեղծման երկիր | Վենետիկի հանրապետություն |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատվիրատու | Ալֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս |
ներշնչված է | Պուբլիուս Օվիդիուս Նասո և Հունական դիցաբանություն |
հիմնական թեմա | Bacchus and Ariadne? |
մակագրություն | TICIANVS F. |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra2.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Bacchus and Ariadne by Titian Վիքիպահեստում |
«Բաքոս և Արիադնե» (իտալ.՝ Bacco e Arianna), վենետիկյան նկարիչ Տիցիանի նկարը, որն ստեղծվել է 1520-1523 թվականներին[4]։ Կտավը ներառված է դիցաբանական թեմայով նկարների շարքում, որոնք ստեղծվել են Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի համար։ Գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Նկարը նախատեսված է եղել Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի դղյակի զարդարման համար, որը ձևավորված էր դասական դիցաբանական թեմատիկ պատկերներով։ Ռաֆայել Սանտիին պատվիրել են ստեղծել կտավ «Բաքոսի հրճվանքը» թեմայով։ Սակայն Ռաֆայելը մահացել է 1520 թվականին՝ կարողանալով կատարել միայն նախնական նկարը, և պատվերը փոխանցվել է Տիցիանին։ Նկարիչը սյուժեն վերցրել է հին հռոմեացի բանաստեղծներ Կատուլլուսի և Օվիդիուսի ստեղծագործություններից։ 1806 թվականին նկարը հայտնվել է Միացյալ Թագավորությունում և հիշատակվել է Ջոն Քիթսի «Ներբող սոխակին» (1819) բանաստեղծությունում։
Կտավը ստեղծումից հետո առաջին հարյուրամյակի ընթացքում երկու անգամ փաթաթվել է, ինչը հանգեցրել է նկարի համար աղետալի հետևանքների։ 1806 թվականին նկարը հասել է Մեծ Բրիտանիա, և սկսած 19-րդ դարի վերջից՝ մշտապես վերականգնվել է։ 1967-1968 թվականների ռեստավրացիաները, որոնք տեղի են ունեցել Լոնդոնի ազգային պատկերասրահում[5], երբ հանվել է ժամանակից խունացած լաքը, հանգեցրել է նրան, որ ներկը ևս գունաթափվել է։ Արդյունքում անհրաժեշտ է եղել լրացուցիչ ներկապատում, ինչն զգալիորեն փոխել է երկնքի գույնի մակերեսը։ Լաքի հանելը քննադատվել է նաև այն բանի համար, որ փոխվել է Տիցիանի գունային նախնական մտահղացումը, սակայն պատկերասրահը հայտնել է, որ դա անհրաժեշտ է եղել լաքի ծածկույթի քայքայման պատճառով։
Բաքոս աստվածը (հին հունական դիցաբանությունում՝ Դիոնիսոս) հայտնվում է նկարի աջ կողմում։ Առաջին հայացքից սիրահարվելով Արիադնեին՝ նա հայտնվում է երկու հեպարդներով երկանիվով (Կատուլլուսի բնօրինակ տեքստում՝ ընձառյուծներ)։ Արիադնեին Նաքսոս կղզում նոր-նոր էր լքել հույն հերոս Թեսևսը, նրա նավը դեռ երևում է հեռվում։ Կտավին պատկերված է աստծու անսպասելի հայտնվելուց Արիադնեի վախի պահը։ Ըստ առասպելի՝ Բաքոսը հետո տանում է նրան երկինք և դարձնում Հյուսիսային թագ համաստեղությունը, որը խորհրդանշորեն պատկերված է նկարում (երկնքում Արիադնեի գլխավերևում)։
Նկարի հորինվածքը անկյունագծով բաժանված է երկու եռանկյունու. մեկը՝ անշարժ կապույտ երկինքն է, որի համար Տիցիանն օգտագործել է թանկարժեք լապիս լազուրիտ, երկու սիրահարները և երկրորդը՝ ամբողջովին շարժական բնապատկերը՝ Բաքոսին ուղեկցող կերպարների կանաչ և շագանակագույն տոներով։ Հետաքրքիր է, որ մարտակառքն ուղեկցող մարմինների մեջ առանձնանում է մեկը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Լաոկոոնի և նրա որդիների արձանից, որը 1506 թվականին նկարի ստեղծումից որոշ ժամանակ առաջ էր հայտնաբերվել։
Նկարը ներառվել է Ջովաննի Բելլինիի («Աստվածների երկրպագությունը», 1514), Տիցիանի և Դոսսո Դոսսիի դիցաբանական թեմաներով դքսի պատվերով կտավների շարքում հավանաբար պալատական գիտնականներից մեկի հանձնարարականով։ Ալֆոնսո I դ՛Էստեն 1510 թվականին ցանկացել է պալատական հավաքածուում ներառել նաև Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները։ Այդ նկարը Ռաֆայելն սկսել է մահից կարճ ժամանակ առաջ, և ավարտին է հասցրել Տիցիանը։ Ընդհանուր առմամբ դքսի պալատի համար 1518-1525 թվականներին Տիցիանը նկարել է երեք կտավ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքոս և Արիադնե (նկար, Տիցիան)» հոդվածին։ |
|