Բելգիայի ֆինանսական ճգնաժամ

«Fortis»-ի գլխամասը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

Բելգիայի ֆինանսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել միապետական Բելգիայում 2008-2009 թվականներին՝ ֆինանսական ակտիվների կտրուկ արժեզրկման և երկրի երկու խոշորագույն բանկերի՝ «Fortis»-ի և «Dexia»-յի ֆինանսատնտեսական վիճակի կտրուկ վատացման հետևանքով։ Արդյունքում՝ երկիրը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, որը բնութագրվում է սովորական և արտոնյալ բաժնետոմսերն ու պարտատոմսերը ներառող արժեթղթերի շուկայի ապակայունացմամբ։ Արժեթղթերի շուկայի գործունեությունը թույլ է տալիս կարգավորել և բարձրացնել մի շարք տնտեսական գործընթացների արդյունավետությունը և առաջին հերթին՝ ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների ներդրման գործընթացը, որը Բելգիայում ստեղծված ճգնաժամի հետևանքով դառնում է անհնարին։ Իրավիճակն էլ ավելի է սրվում երկու բանկերի սնանկացումից հետո։ Այս ամենից հետո ֆինանսական ճգնաժամը վերաճում է տնտեսավարկային գործողությունների արգելքի և ակտիվների ներդրումների կտրուկ նվազման։ Խնդրի լուծման նպատակով՝ Բելգիայի սահմանադրական դատարանն իրավահաջորդության սկզբունքով «Fortis»-ը բաժանում է երկու փակ բաժնետիրական ընկերությունների, որոնցից մեկն ազգայնացվում է, իսկ մյուսի բաժնետոմսերը գնվում են հոլանդացի գործարարների կողմից։ Ազգայնացումից անմիջապես հետո բելգիական բաժնեմասը ևս վաճառվում է արտասահմանյան ներդրողներին, մասնավորապես՝ ֆրանսիական «BNP Paribas» ընկերությանը։ «Dexia»-յի պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ էր։ Դատարանի որոշմամբ «Dexia» բանկը ապամոնտաժվում է, որի իրավահաջորդ ճանաչված «Dexia Bank Belgium»-ը պետականացվում է և մնում թագավորության հովանու ներքո։ Արդյունքում՝ երկրում սկսված ակտիվների ճգնաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին։

Համատեքստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու արժեթղթերի արժեզրկումն իր հետքն է թողնում Բելգիայի տնտեսության վրա։ Դրան նպաստում է «Lehman Brothers»-ի սնանկացումը, որն իր հերթին երկրում առաջացնում է քաղաքական ճգնաժամ։ Քաղաքական ճգնաժամի պատճառը Բելգիայի ֆլամանդական և ֆրանսիական շրջանների տարաձայնություններն էր, որն առավել սրվում է Ֆլանդրիայում անջատողական «նոր ֆլանդրիական այլյան» կուսակցության ընտրությունից հետո։ Այս ամենից հետո Բելգիայի Թագավորությունը հայտնվում է մասնատման սպառնալիքի առաջ, որն ամեն կերպ փորձում էր կանխել բելգիական արքունիքը։ Նշված գործընթացների հիմնական մասը տեղի է ունենում վարչապետ Իվ Լետերիմի կառավարման ժամանակահատվածում։ Կառավարությունը վայելում էր Բելգիայի բանկերի, ֆինանսների և ապահովագրության հանձնաժողովի և աուդիտի դատարանի աջակցությունը։

Պատմականորեն Բելգիան ունեցել է չմարված բարձր պետական պարտք, որը 1993 թվականին հասել է ՀՆԱ-ի 137.8%-ի։ Եվրոգոտուն անդամակցելուց հետո այդ թիվը զգալիորեն կրճատվում է, բայց չի զրոյացվում։ Բյուջետային նմանօրինակ կարգավորումը շարունակվել է եվրոյի ներդրումից հետո՝ մասնակիորեն համապատասխանեցվելով Մաաստրիխտի պայմանագրի դրույթներին։ 2007 թվականին Բելգիայի արտաքին պարտքը նվազել է մինչև ՀՆԱ-ի 84%-ի։ Պետական պարքտի կրճատումը նպաստում է Բելգիայի տնտեսության պակասորդի վերացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։ Ֆինանսական ոլորտում կառավարության կողմից ձեռնարկվող շարունակական միջամտությունները նպաստում են այն բանին, որ պետական պարտքը վերստին աճում է (2012-ի ցուցանիշով՝ ՀՆԱ-ի 99.6%)[1]: Ըստ Բելգիայի սոցիալական ճյուղավորման՝ «Dexia»-ն պատկանում է կաթոլիկ սյունին, իսկ «Ethias»-ը՝ սոցիալիստական[2]։

Բանկային ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սկզբին «Forties»-ը եղել է Բելգիայի խոշորագույն բանկը, որն իր կարևոր դերն է ունեցել Բենիլյուքսի բանկային շուկայում։ 2008 թվականի կեսերին բանկը կանգնում է դժվար իրացվելիության խնդրի առջև, իսկ արժեթղթերը սկսում են արագորեն արժեզրկվել։ Խնդիրն էլ ավելի է բարդանում այն ժամանակ, երբ բանկային շուկա է դուրս գալիս ավելի հեղինակային հոլանդական «Էյ բի էն» բանկը, որն անուղղակիորեն լրացնում է «Fortis»-ի տեղը։ 2008 թվականի սկզբին «Fortis»-ի ավանդների շուրջ 3%-ը հանվում է։ Խնդրի կարգավորման նպատակով սեպտեմբերի 27-ին տեղի է ունենում Բելգիայի և Նիդերլանդների ֆինանսների նախարարների հանդիպումը, որն ըստ երևույթի, լուրջ հետևանքներ չի ունենում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Public Finances: debt to GDP». Belgian Federal Government. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  2. Van Overtveldt, Johan. «De Ethias-schande». Trends.be. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  3. «Fortis chief executive out; chairman now faces shareholder anger». International Herald Tribune. 2008 թ․ հուլիսի 13. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.