Բելգիայի թագավորությունը Առաջին համաշխարհային պատերազմին միացել է 1914 թվականի օգոստոսի 3-ին։ Այդ օրը գերմանական բանակը, խախտելով երկրի չեզոքությունը, անցել է Բելգիայի պետական սահմանը[2]: Բելգիական բանակը ստիպված եղավ միանալ Անտանտի դաշինքին և մասնակցել հակամարտությանը։ Պատերազմի ժամանակ երկրի տարածքի մեծ մասը օկուպացվել էր զավթիչների կողմից։
Պատերազմի ընթացքում Գերմանիան ստեղծել էր օկուպացիոն վարչարարություն, իսկ գերմանական զորքերը խաղաղ բնակչության դեմ շարունակում էին կատարել մի շարք պատերազմական հանցագործություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան կորցրել է 58 637 զինծառայող և մոտ 10 000 խաղաղ բնակիչ։
Պատերազմից հետո Բելգիան, որպես հաղթանակած երկրների դաշնակից, մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին, որի արդյունքում Բելգիային փոխհատուցումներ հատկացվեցին, ինչպես նաև երկրի վերահսկողության տակ գտնվող Ազգերի լիգայի մանդատի որոշմամբ Աֆրիկայի Ռուանդա-Ուրունդի գաղութը անցավ Բելգիայի հսկողության տակ։
Համաձայն պատերազմի գերմանական պլանի, որը ստեղծել էր Գլխավոր շտաբի սպա Ալֆրեդ ֆոն Շլիֆենը 1905 թվականին, գերմանական զորքերը պատերազմի դեպքում պետք է օգտագործեն Բելգիայի տարածքը՝ Ֆրանսիայի հիմնական պաշտպանական գծերը շրջանցելու համար[3]։ Նման ձևով Բելգիան ներքաշվեց առաջիկա պատերազմին։ Բելգիայի չեզոքությունը երաշխավորում էր 1839 թվականի Լոնդոնի պայմանագիրը։ Չնայած դրան, Գերմանիայի կառավարությունը մտադիր էր խախտել բելգիական չեզոքությունը, իսկ գերմանացի կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը Լոնդոնի պայմանագիրն անվանեց «թղթի մի կտոր»։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, 1914 թվականի օգոստոսի 2-ին Բելգիայում գերմանացի դեսպան Բելով-Զալեսկին վերջնագիր ներկայացրեց Բելգիայի արտաքին գործերի նախարար Ժուլիեն Դավինիոնին, որի մեջ ասվում էր, որ գերմանական կողմը պահանջում է թողնել իր զորքերին, որպեսզի վերջիններս անցնեն իր տարածքով[4]։ Հաջորդ օրը, օգոստոսի 3-ին, բելգիական կառավարությունը մերժեց այս պահանջը։ Սրանից հետո գերմանական զորքերը սկսեցին ներխուժել տարածք։ Ի պատասխան սրան, բելգիական չեզոքության երաշխավորներից մեկը՝ Բրիտանական կայսրությունը, օգոստոսի 4-ին Գերմանիային պատերազմ հայտարարեց[5]։
Բելգիական բանակի գլխավոր հրամանատարը հանդիսանում է Ալբերտ I-ը, իսկ ռազմական գլխավոր շտաբի պետը Սելլիեր դե Մորանվիլն էր[6]։ Բելգիական զորքի ռազմակայանը գտնվում էր Բրյուսելում[7]։ Բելգիայում զորահավաքի ավարտից հետո, դաշտային զորքերը կազմում էին 117 000 մարդ և 312 գնդացիր։ Բացի դրանից, կային նաև 175 000 զինծառայողներ ստորաբաժանումների պահեստազորում և կայազորային ամրություններում[8]։ Զորահավաքի վերջում բելգիական զինված ուժերի ընդհանուր թիվը կազմում էր 375 000 մարդ[9]։
Բանակը բաղկացած էր 6 հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներից.