Բնակավայր | ||
---|---|---|
Բելգրանո | ||
Երկիր | Արգենտինա | |
Մակերես | 6,8 կմ² | |
ԲԾՄ | 18 մետր | |
Բնակչություն | 126 831 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Պաշտոնական կայք | buenosaires.gob.ar/laciudad/barrios/belgrano(իսպ.) | |
| ||
Բելգրանո (իսպ.՝ Belgrano), շրջան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հյուսիսային հատվածում։ Զբաղեցնում է մոտավորապես 8,02 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 126 816, խտությունը՝ 15 812,4 մարդ/կմ²[2]։
Հիմնադրվել է 1855 թվականին, կոչվել Արգենտինայի ազգային դրոշի նախագծի հեղինակ, քաղաքական ու ռազմական առաջնորդ Մանուել Բելգրանոյի անունով։ Նորաստեղծ բնակավայրը կարճ ժամանակամիջոցում արագ տեմպերով աճել ու զարգացել է և 1880 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ Այդ նույն տարում Բելգրանոն մի քանի շաբաթ եղել է Արգենտինայի մայրաքաղաքը և հենց այդ ժամանակ ու այստեղ է ընդունվել Բուենոս Այրեսն Արգենտինայի մայրաքաղաք հռչակելու մասին օրենքը[3]։ 1887 թվականին Բուենոս Այրեսին մերձ Բելգրանո և Ֆլորես քաղաքները ներառվել են մայրաքաղաքի դաշնային շրջանի մեջ։
Բելգրանոյի անունով է կոչվել իսպաներենի ու գերմաներենի խառնուրդ հանդիսացող բելգրանոդոյչ խոսակցական լեզուն, որը տարածված է Բուենոս Այրեսի հյուսիսային շրջաններում։
Բելգրանոյի տարածքում է գտնվում Սարմիենտոյի անվան պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են Արգենտինայի նախկին նախագահներ Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտոյին և Նիկոլաս Ավելյանեդային պատկանած իրեր։ Թանգարանը գործում է Բելգրանոյի նախկին ռատուշայում, որտեղ նիստեր է անցկացրել Արգենտինայի ազգային կոնգրեսը այն շաբաթների ընթացքում, երբ Բելգրանոն երկրի մայրաքաղաքն էր։
Այս շրջանի սահմաններում է ընկած նաև արգենտինական համբավավոր «Ռիվերփլեյթ» ֆուտբոլային թիմի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումների ու տնային հանդիպումների անցկացման գլխավոր ասպարեզը՝ Անտոնիո Լիբերտիի անվան «Մոնումենտալ» մարզադաշտը[4], որը 2019 թվականին իրականացված վերակառուցումից հետո կարող է միաժամանակ ընդունել 70 074 հանդիսական[5][6][7][8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգրանո (շրջան, Բուենոս Այրես)» հոդվածին։ |
|