Բեռլինի դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | համերգասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Գտնվելու վայրը | Միտտե |
Հիմնադրման ամսաթիվ | 1821 |
Ճարտարապետ | Կարլ Ֆրիդրիխ Շինկել |
Կայք | konzerthaus.de |
Konzerthaus Berlin Վիքիպահեստում |
«Կոնցերտհաուս»[2] (գերմ.՝ Konzerthaus Berlin), նախկինում «Շաուշպիլհաուս» (գերմ.՝ Schauspielhaus Berlin) կառուցվել է 1818—1821 թվականներին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով որպես «Բեռլինի դրամատիկական թատրոն»։ Նեոկլասիկ ոճի կառույցը գտնվում է Բեռլինի կենտրոնում՝ Ժանդարմենմարկտ հրապարակում։ Շենքի դիմաց գտնվում է Ֆրիդրիխ Շիլլերի արձանը։
Շենքը կառուցվել է նախկին Ազգային թատրոնի տեղում, որը գործել է 1802 թվականի հունվարի 1-ից մինչև 1817 թվականը։ 1817 թվականին այս շինությունը ոչնչացել է հրդեհից։
Նորակառույց շենքի բացումը կայացել է 1821 թվականի հունիսի 18-ին Կարլ Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերայով։ Թատրոնի շենքը Շինկելի նախագծած ամենահայտնի շինություններից է։ Շինությունը ներսից ու դրսից զարդարված է բազմաթիվ քանդակներով, որոնք ներկայացնում են կոմպոզիտորների։ Քանդակների հեղինակներն են Քրիստիան Ֆրիդրիխ Տիկը և Բալթազար Յակոբ Ռատեբերգը։ Արտաքին կողմից շենքը շքեղ զարդարված է քանդակներով. ճակտոնին տեղադրված են Տանտալոսի, Էրոսի, Պսիքեի բրոնզե քանդակները։ Հարավային ճակատի տիմպանին տեղադրված են Օրփեոսի ու Էվրիդիկեի խորաքանդակները, իսկ հյուսիսային ճակատին՝ Դիոնիսոսի ու Արիադնեի քանդակները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինությունը վնասվել է. այրվել են շենքի արտաքին պատերը։ 1979-1984 թվականներին, երբ նախապատրաստվում էր Բեռլինի հիմնադրման 750-ամյակի տոնակատարությունը, շինությունը վերակառուցվել է։
1992 թվականին Կոնցերտհաուսը պաշտոնապես հռչակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի տնային հարթակ. 2006 թվականին նվագախումբը կոչվել է Կոնցերտհաուսի նվագախումբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի դրամատիկական թատրոն» հոդվածին։ |
|