Բլանշ Թեբոմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1915[1] |
Ծննդավայր | Monessen, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Մահացել է | մարտի 23, 2010[3][1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Canton McKinley High School? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, օպերային ռեժիսոր, ուսուցչուհի, քարտուղար, դերասանուհի և թոք շոու վարող |
Աշխատավայր | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Արկանզասի համալսարան և University of Arkansas at Little Rock?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Blanche Thebom Վիքիպահեստում |
Բլանշ Թեբոմ (սեպտեմբերի 19, 1915[1], Monessen, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] - մարտի 23, 2010[3][1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի օպերային մեցցո-սոպրանո, վոկալի ուսուցիչ, օպերային ռեժիսոր։ Հանդիսանում էր ամերիկյան օպերային երգչուհիների առաջին սերնդի ներկայացուցիչներից, որոնք ունեցել են խիստ հաջողակ միջազգային կարիերա[6]։ Իր հայրենի երկրում սերտ կապ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի հետ, որը տևել է 22 տարի։ «Opera News» ամսագրում գրել էին․ «Լինելով հավակնոտ գեղեցկուհի թավշյա, դրամատիկ մեցցոյով, Թեբոմն այնքան բնական է դիտվում օպերայում․ նա բեմը լցնում է հին դպրոցը ներկայացնող դիվայի նրբագեղ հպարտությամբ, հաճուքով օգտագործելով femmes du monde դերեր կատարելու հնարավորությունը, ինչպիսիք են Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից, Սալոմեն ու Դալիլան»[7]։
Թեև հանդես է եկել լայն երգացանկով, որտեղ ընդգրկված էին ստեղծագործություններ Հենդելից ու Մոցարտից մինչև Վերդի ու Դեբյուսի, առավելապես հայտնի է եղել Ռիխարդ Վագների օպերաների կատարմամբ։ Նրա կատարմամբ վագներյան երկու ամենահայտնի դերերգերն էին Ֆրիկան «Վալկիրիա» օպերայից և Բրանգենան «Տրիստան և Իզոլդա» օպերայից[8]։ Վերջին դերերգը նա կատարել է Լոնդոնում 1952 թվականին կատարված ձայնագրության համար Կիրսթեն Ֆլագսթադի, Լյուդվիգ Զուտհաուսի և դիրիժոր Վիլհելմ Ֆուրտվենգլերի հետ։ Բացի մի քանի այլ ձայնագրություններից, կարիերայի ընթացքում նաև նկարահանվել է «Իռլանդացու աչքերը ժպտում են» (1944) և «Մեծ Կարուզո» (1951)[9] երկու խաղարկային ֆիլմերում։
1967 թվականին բեմին հրաժեշտ տալուց հետո որպես օպերային ռեժիսոր 6 տարի աշխատել է Ատլանտայում, որից հետո երգեցողություն դասավանդել ինչպես մասնավոր, այնպես էլ Արկանզասի և Սան Ֆրանցիսկոյի համալսարանների երաժշտական ֆակուլտետներում։ Նաև համահիմնադրել է Opera Arts Training Program ծրագիրը Սան Ֆրանցիսկոյի աղջիկների երգչախմբի համար և մոտավորապես չորս տասնամյակ աշխատել Մետրոպոլիտեն օպերայի վարչությունում[7]։
Ծնվել է 1915 թվականին Փենսիլվանիա նահանգի Մոնեսեն քաղաքում՝ ԱՄՆ տեղափոխված շվեդ ներգաղթյալների ընտանիքում[9]։ Հասակ է առել Օհայո նահանգի Կանտոն քաղաքում, որտեղ զբաղվել է բալետով ու երգել եկեղեցու երգչախմբում։ Ավարտել է բիզնես քոլեջն ու որպես քարտուղարուհի աշխատանքի անցել Կանտոնի արդյունաբերական ֆիրմաներից մեկում[10]։
1938 թվականին, որբ դեռ աշխատում էր որպես քարտուղարուհի, ծնողների հետ ճանապարհորդել է դեպի Շվեդիա։ Ամերիկայից դեպի Եվրոպա նավանցման ժամանակ նրան նավի հյուրասենյակում երգելիս լսել է դաշնակահար Կոստի Վեհանենը, որը Մարիան Անդերսոնի մշտական նվագակցողն էր ու վոկալի ուսուցիչը։ Խիստ տպավորվելով նրա տաղանդով՝ Վեհանենն զբաղվել է այն հարցով, որ Թեբոմը Նյու Յորքում դասեր առնի Անդերսոնի վոկալի ուսուցիչ Ջուզեպպե Բոգետիի մոտ։ 1941 թվականի հուլիսին վերջինիս մահից հետո ուսումնառությունը շարունակել է Մետրոպոլիտեն օպերայի մեցցո-սոպրանո Էդիթ Ուոլկերի ու Մարգարետ Մաթցենաուերի մոտ[11][12]։
1941 թվականի նոյեմբերին որպես մեներգչուհի հանդես է եկել Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ տեղի Academy of Music օպերային թատրոնում[13], որտեղ 1944 թվականի նոյեմբերի 28-ին նաև ներկայացել է պրոֆեսիոնալ օպերային դեբյուտով՝ կատարելով «Տրիստան և Իզոլդա» օպերայից Բրանգենայի դերերգը․ նույն դերով հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում դեկտեմբերի 14-ին[12]։
Մետրոպոլիտեն օպերայում երգել է հաջորդ 22 համերգաշրջաններում՝ կարիերայի ընթացքում տալով 357 ներկայացում։ Մետրոպոլիտենում ամենահաճախ երգած դերերից էր Ամներիսը Վերդիի «Աիդա» օպերայից․ մի դեր, որը նա կատարել է 80 բեմադրություններում այնպիսի Աիդաների առկայությամբ, ինչպիսիք էին՝ Գլորիա Դեյվին, Ֆլորենս Կիրկը, Զինկա Միլանովան, Հերվա Նելլին, Դելիա Ռիգալը, Անտոնիետտա Ստելլան, Ռենատա Տեբալդին և Լյուբա Վելիչը ի թիվս այլոց[7][14]։ Գերազաց կատարել է Վագների օպերաները Մետրոպոլիտենում՝ կերտելով այնպիսի դերերգեր, ինչպիսիք են՝ Էրդան «Հռենոսի ոսկին» օպերայից, Մագդալենան «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից, Օրտրուդը «Լոհենգրին» օպերայից, Վեներան «Տանհոյզեր» օպերայից, Վալտրաուտեն «Աստվածների մայրամուտը» օպերայից և Ֆրիկան «Վալկիրիա» օպերայից[7]։
1951 թվականին Մետրոպոլիտեն օպերայում երգել է Դորաբելլայի դերը Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայի՝ Ալֆրեդ Լանտի անգլիալեզու բեմադրության պրեմիերայի ժամանակ։ Մետրոպոլիտենում հանդես է եկել ևս երկու պրեմիերայով՝ կատարելով Բաբա թուրքի դերը Իգոր Ստրավինսկու «The Rake's Progress» (1953) օպերայում և Ադելաիդի դերը Ռիխարդ Շտրաուսի «Արաբելլա» (1955) օպերայում[7]։ Մետրոպոլիտենում կատարած նրա դերերի թվում են՝ Ադալգասիան «Նորմա» օպերայից, Ասուսենան «Տրուբադուր» օպերայից, Դալիլան «Սամսոն և Դալիլա» օպերայից, Էբոլին «Դոն Կարլոս» օպերայից, Գվինևրան «Պելեաս և Մելիսանդե» օպերայից, Ջուլիետան «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Հերոդիսաը «Սալոմե» օպերայից, Կլիտեմնեստրան «Էլեկտրա» օպերայից, Լաուրա Ադորնոն «Ջոկոնդա» օպերայից, Մարֆան «Խովանշչինա» օպերայից, Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից (1956)[15], ծեր բարոնուհին «Վանեսսա» օպերայից, Օրլովսկին «Չղջիկ» օպերետից և «Կարմեն» ու «Մինյոն» օպերաների գլխավոր դերերը։ Մետրոպոլիտենում երգած նրա վերջին դերը եղել է կոմսուհին Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայից, որը նա կատարել է 1967 թվականի մարտի 6-ին, այն ժամանակ Լինկոլնի կենտրոնում դեռ նոր բացված Մետրոպոլիտեն օպերային թատրոնում[14]։
Բացի Մետրոպոլիտեն օպերայից, որպես հրավիրյալ դերասան հանդես է եկել ԱՄՆ-ի և արտասահմանյան օպերային ընկերությունների հետ, այդ թվում՝ Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայի Գրանդ օպերայում[16]։
Եվրոպայում դեբյուտը կատարել է 1950 թվականին՝ Ստոկհոլմի Թագավորական օպերայում հանդես գալով Դալիլայի դերերգով։ Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ելույթ է ունեցել 1950 թվականի ամռանը Գլայնդբորնյան փառատոնի ընթացքում Դորաբելլայի դերերգով[12]։ 1957 թվականին ժամանել է Լոնդոն՝ Կովենտ գարդեն արքունական թատրոնում կատարելու Դիդոյի դերերգը Էկտոր Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայում։
1957 թվականին, Սառը պատերազմի գագաթնակետին, Թեբոմը եղել է Մոսկվայի Մեծ թատրոնում հանդես եկած առաջին ամերիկուհին, որը երեքշաբաթյա համերգաշրջանի ընթացքում կատարել է Կարմենի դերեգը[17]։ Շուտով համերգային շրջագայությամբ շրջել է Ռուսաստանում։ Ներկայացումներ է տվել նաև Հունաստանում, այդ թվում՝ Պարթենոնի առջև[17]։ 1960 թվականին Դալլասի օպերայում կատարել է Ռուգիերոյի դերերգը, 1964 թվականին՝ Բոստոնում մարմնավորել Ալբան Բերգի «Լուլու» օպերայից կոմսուհի Գեշվիցին։ Ֆիլադելֆիայի Գրանդ օպերայում հանդես է եկել նաև արքայազն Օրլովսկու (1965 և 1967) և Բրանգենայի (1967) դերերգերով[18]։
1967 թվականին Մետրոպոլիտեն օպերայից հեռանալուց հետո Թեբոմն այլևս հանդես չի եկել օպերային բեմերում, սակայն պարբերաբար երգել է համերգներում և մենահամերգներում։ 1967 թվականի հունիսին նշանակվել է Ատլանտայի քաղաքային թատրոնի օպերային բաժնի ռեժիսոր[19]։ 1969 թվականին այդ կազմակերպության սնանկացումից հետո հիմնադրել է իր սեփական՝ Ատլանտայի հարավային տարածաշրջանային օպերան[20]։ Այդ ընկերության գլխավոր տնօրենն է եղել մինչև 1973 թվականը, երբ այն դադարել է գործել[7]։
Ատլանտայում աշխատելու տարիներին ակտիվորեն զբաղվել է նաև վոկալի դասեր տալով։ 1973 թվականին տեղափոխվել է Լիթլ Ռոք ու անդամագրվել Արկանզասի համալսարանի երաժշտության ֆակուլտետին։ 1980 թվականին նշանակվել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի օպերային բաժնի ղեկավար։
1980-ականների վերջին Էլիզաբեթ Էփլինգի հետ համահիմնադրել է Opera Arts Training Program ծրագիրը Սան Ֆրանցիսկոյի աղջիկների երգչախմբի համար և շարունակել ղեկավարել այդ կազմակերպությունը մինչև 2000-ականների սկիզբը։ Այդ ծրագրի մի քանի շրջանավարտներ հետագայում դարձել են պրոֆեսիոնալ օպերային երգչուհիներ[9]։ 1970-2008 թվականների ընթացքում եղել է Մետրոպոլիտեն օպերայի վարչության անդամ[7], ինչպես նաև «Միսս Ամերիկա» մրցույթի ժյուրիի կազմում[17]։
Վախճանվել է սրտի անբավարարությունից 94 տարեկանում Սան Ֆրանցիսկոյի իր տանը 2010 թվականի մարտի 23-ի երեքշաբթի օրը[21]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանշ Թեբոմ» հոդվածին։ |
|