Բոգ Օլիվյեի | |
Բոգ Օլիվյեի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Բոգազգիներ (Gentianaceae) |
Տրիբա | Gentianeae |
Ցեղ | Բոգ (Gentiana) |
Տեսակ | Բոգ Օլիվյեի (G. olivieri) |
Միջազգային անվանում | |
Gentiana olivieri |
Բոգ Օլիվյեի (լատին․՝ Gentiana olivieri), բոգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
20-70 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Մինչև 10 սմ երկարությամբ արմատամերձ տերևները առաջացնում են վարդակ։ Ցողունային տերևները սակավաթիվ են (2-3 զույգ) և նեղ նշտարաձև։ Ծաղիկները բազմաթիվ են, գագաթնային կոմպակտ ծաղկաբույլերում, մեծ, կապույտ կամ մանուշակագույն[1]։
Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք, Ուրծի և Երախի լեռնաշղթաներ) և Շիրակի (Լուսաղբյուր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը հանդիպում է նաև Նախիջևանում, Փոքր և Միջին Ասիայում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներին՝ ծովի մակարդակից 900-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Խոցելի տեսակ է։ Ներկայումս հայտնի է երեք պոպուլյացիա։ Արեալը խիստ ֆրագմենտացված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգ Օլիվյեի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգ Օլիվյեի» հոդվածին։ |
|
|