Նկարագրություն | |
Տեսակ | enclosure castle? և հնագիտական հուշարձան |
Վարչական միավոր | South Lanarkshire?[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Շինանյութ | ավազաքար |
Ընթացիկ սեփականատեր | Historic Environment Scotland? |
Վերահսկվում է | Historic Environment Scotland? |
Իրադարձություններ | slighting?[2] և Հնագիտական պեղումներ[3] |
Կայք | historicenvironment.scot/visit-a-place/places/bothwell-castle/ |
Bothwell Castle Վիքիպահեստում |
Բոթվել ամրոց, մեծ միջնադարյան ամրոց, որը գտնվում է Քլայդ գետի ոլորանից վեր բարձր զառիթափ ափի վրա, Հարավային Լանարքշայրում, Շոտլանդիա։ Տեղակայված է Բոթվելի ու Ադինգսթոնի միջև, մոտավորապես 10 մղոն (16 կմ) Գլազգոույից հարավ-արևելք։ Ամրոցի կառուցումն սկսվել է 13-րդ դարում Մյուրեյ տոհմի նախնիների կողմից, որպեսզի պաշտպանի Քլայդի ռազմավարական անցման կետը։ Բոթվելն առանցքային դեր է խաղացել Շոտլանդիայի անկախության պատերազմներում՝ մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցնելով։
Հսկայական գլանաձև դոնժոնը կառուցվել է 13-րդ դարում, բայց նախքան ամրոցի մնացած մասը կկառուցվեր, այն խիստ վնասվել է մի շարք պաշարումների ժամանակ։ Վաղ 15-րդ դարում վերականգնումն ընդարձակել է ամրոցը, բայց այն լքվել է մինչև 18-րդ դարը։ Ժամանակակից ավերակն ուղղանկյուն է, արևմուտքում դոնժոնի մնացորդներով, արևելքում՝ հետագայում կառուցված մեծ դահլիճի։ Բակը շրջապատված է երկար կուրտինայով՝ հարավ-արևելյան ու հարավ-արևմտյան անկյուններում կլոր աշտարակներով։ Շոտլանդացի հնագետ Ուիլյամ Դուգլաս Սիմփսոնն ամրոցը նկարագրում է որպես «ամենագլխավոր աշխարհիկ կառույցներից մեկը միջնադարյան Շոտլանդիայում»[4]։
Թագավոր Դավիդ I-ը 12-րդ դարում Բոթվելի բարոնությունը շնորհել է Դավիդ Օլիֆարդին (կամ Օլիֆանտ)։ Հողերը ժառանգաբար անցնում էին նրա սերունդներին և մինչև 1252 թվականը բարոնությունը դարձել էր Վալտեր դե Մորավիայի կամ Մորեյցի Վալտերի սեփականությունը, որն ամուսնացել էր վերջին Օլիֆարդ բարոնի դստեր հետ։ Նա սկսել է ամրոցի շինարարությունը, բայց մինչև 1296 թվականի շոտլանդական անկախության պատերազմների սկսվելը միայն գլխավոր դոնժոնը, բանտային աշտարակն ու կարճ միացնող կուրտինան էին կառուցվել։ Մնացած մասի հիմքերը հավանաբար գցված են եղել և պաշտպանվել փայտե ցցապատով։
Պատերազմի սկզբին Անգլիայի թագավոր Էդվարդ I-ի զորքերը նվաճել են Շոտլանդիան, խլել Բոթվելն ու գերեվարել Վալտերի որդի Բոթվելցի Ուիլյամ Մորեյին։ Ամրոցը պահող անգլիական կայազորը 14 ամսով պաշարվել է շոտլանդացիների կողմից 1298—1299 թվականներին ու ի վերջո անձնատուր եղել։ 1301 թվականին Էդվարդ I-ը վերադարձել ու ևս մեկ անգամ գրավել է ամրոցը 6800 մարդուց բաղկացած զորքով և հատուկ կառուցել ամրոցակործան սարքերը։ Բոթվելը դարձել է Փեմբրոքի 2-րդ կոմս Այմեր դե Վալենսի՝ Էդվարդի կողմից նշանակված Շոտլանդիայի ղեկավարի շտաբը և մնացել անգլիացիների ձեռքում մի քանի տարի։
1314 թվականին Բենոքբըրնում Ռոբերտ Բրյուսի հաղթանակից հետո ամրոցը ապաստան է տրամադրել մի քանի անգլիացի ազնվականի։ Սակայն ամրոցի կոնստեբլ սըր Վալտեր ՖիթզՋիլբերթը ամրոցը հանձնել է մոտեցող շոտլանդացիներին։ Այս արարքի համար նրան շնորհվել է Քադզոույի բարոնությունը, որտեղ նրա ժառանգները դարձել են հզոր Հեմիլթոն ընտանիքը։ Ամրոցը հանձնվելուց հետո շոտլանդացիներն դիտավորյալ քանդել են այն[5]։
1336 թվականին անգլիացիները նորից են վերադարձել, այս անգամ Էդվարդ III-ի գլխավորությամբ։ Անգլիացի թագավորը վերանորոգել է տվել ամրոցն ու նորից դարձրել այն Շոտլանդիայում իր շտաբը։ Հաջորդ տարի սըր Էնդրյու Մյուրեյը՝ սըր Ուիլյամի զարմիկն ու Բոթվելի օրինական սեփականատերը, վերանվաճել է ամրոցն՝ օգտագործելով ամրոցակործան սարքեր։ Հաղթանակից հետո նա էլ է վնասել ամրոցը, քանդելով դոնժոնի արևմտյան մասն ու այն Քլայդի մեջ նետելով, որպեսզի այն այլևս չնվաճվի թշնամու կողմից։ Ամրոցը լքված է մնացել մինչը 1360-ական թվականները։
1362 թվականին Մորեյների ժառանգորդուհի Ջոան Մորեյը ամուսնացել է «Գրիմ» մականունով Արչիբալդ Դուգլասի՝ ապագա լորդ Գալովեյի ու Դուգլասի կոմսի հետ։ Դուգլասն սկսել է Բոթվելի վերակառուցումը, վերականգնել դոնժոնն ու ավարտել պարիսպները։ Աշխատանքները շարունակվել են իր որդի Արչիբալդի՝ 4-րդ կոմսի կողմից։ Մինչև 1424 թվականը նա կառուցել էր մեծ դահլիճն ու հարևան մատուռը, հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում աշտարակներով ու կուրտինայով, որը միացնում էր դոնժոնը՝ ներառելով բակը։
1455 թվականին «սև» Դուգլասները տուգանվել են ու նրանց հողերը վերադարձվել գահին։ Ջեյմս III-ը Բոթվելը շնորհել է լորդ Քրիչթոնին, հետո սըր Ջոն Ռամզեյին, որոնցից երկուսից էլ այն հետ է բռնագրավվել։ 1488 թվականին Բոթվելը շնորհվել է Հեյլզի 2-րդ լորդ Պատրիք Հեփբուրնին ու նրա համար ստեղծվել է Բոթվելի կոմսությունը։ Սակայն Հեփբուրնը երկար չի պահել Բոթվել ամրոցը, այլ փոխանակել է այն Անգուսի 5-րդ կոմս Արչիբալդ Դուգլասի հետ, դրա փոխարեն ստանալով Լիդեսդեյլի Հերմիթիջ ամրոցը։ Ջեյմս IV-ն այցելել է Բոթվել 1503 և 1504 թվականներին։
Այսպիսով, Բոթվելը վերադարձել է Դուգլասներին և Անգուսի կոմսերի ու Դուգլասների մարքիզների միջոցով ժառանգվել Ֆորֆարի կոմսերին։ Ֆորֆարի 1-ին կոմս Արչիբալդ Դուգլասն սկսել է մոտակայքում նոր առանձնատան կառուցումը, քարի համար քանդելով ամրոցի հյուսիս-արևելյան աշտարակը։ (Նրա տունն ապամոնտաժվել է 1926 թվականին տարածքում հանքարդյունահանման պատճառով)։ 1715 թվականին Շերիֆմույրում 2-րդ կոմսի մահից հետո ամրոցը վերադարձել է Դուգլաս ընտանիքի ավագ ժառանգներին, որը ներկայացված էր Դուգլասի 1-ին դքսով ու իր ժառանգներով։ Հետո ամրոցն անցել է Հոումի կոմսերին։ 1935 թվականին 13-րդ կոմսը Բոթվելը հանձնել է պետության հոգածությանը։ Այժմ այն պատկանում է «Շոտլանդիայի պատմական միջավայր» կազմակերպությանը որպես ազգայնորեն կարևոր հուշարձան, բաց է հանրության առջև (մուտքի վճար).[6]
Թեև ամրոցն այդպես էլ չի ստացել իր նախնական տեսքը, դրա նախագիծը նման է Քոուչիի, Քիլդրամիի և Դիրլեթոնի ամրոցներին, քանի որ այն ունի կլոր դոնժոն։ Դոնժոնը, որն այժմ ավերակների է վերածված, սկզբնապես ունեցել է 82 ոտնաչափ (25 մետր) բարձրություն, 62 ոտնաչափ (19 մետր) տրամագիծ և պարիսպներ, որոնք 15 ոտնաչափ (4․6 մետր) հաստություն են ունեցել[5] Հաստ պարիսպներն ու հզոր պահակատունը հետագայում են ավելացվել կառույցին, և այն համարվել է «Շոտլանդիայի ռազմական ամենակարևոր բերդերից մեկը»[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոթվել ամրոց» հոդվածին։ |
|