Բոն-Բոն

Բոն-Բոն
անգլ.՝ Bon-Bon
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԷդգար Ալլան Պո
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1832
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/poe/bon-bon/bon-bon.html
 Bon-Bon (short story)

Բոն-Բոն (անգլ.՝ Бон-Бон), Էդգար Ալլան Պոյի սատիրիկ պատմվածք։ Առաջին անգամ տպագրվել է 1832 թվականին Philadelphia Saturday Courier թերթում՝ «Չկայացած գործարք» (անգլ.՝ Philadelphia Saturday Courier) վերնագրով[1]։ Դիպաշարի հիմքում ընկած են Պիեռ Բոն-Բոն անունով հերոսի հանդիպումը սատանայի հետ, նրանց երկխոսությունը՝ հարուստ հումորով և սատիրայով։ Գրողի քննադատության թիրախ են դարձել գերմանացի փիլիսոփաները՝ միստիցիզմի իրենց ձգտումով, ինչպես նաև պլատոնականության և իդեալիզմի ներկայացուցիչները։

Պատմվածքը, որ տարբեր արձագանքներ ստացավ, սկզբում ուղարկվել է փոքրածավալ արձակի մրցույթի, որը կազմակերպել էր Philadelphia Saturday Courier թերթը։ Չնայած չհաղթելուն՝ «Չկայացած գործարքը» դառնում է թերթի սեփականությունը և հրատարակվում համարներից մեկում։ Պատմվածքի նախնական տարբերակը խիստ տարբերվում է վերամշակված տարբերակից, որը տպագրվում է 1835 թվականին «Բոն-Բոն» անվանումով։

Պիեռ Բոն-Բոնը, որը հաջողակ ռեստորանատեր է և փիլիսոփա, հայտնի է ինչպես իր խորտիկներով, այնպես էլ մետաֆիզիկական մտքերով։ Նա զարգացած մտքի տեր մարդ է, շատ կարդացող, գաղափարներ է արտահայտում, որոնք հասու չեն մյուսներին։ Բայց նա ունի թուլություններ. հակված է շատ գործարքներ կատարելու և անտարբեր չէ խմիչքի հանդեպ[2]։

Մի անգամ՝ ձմեռային մի գիշեր, Բոն-Բոնը, բուխարու մոտ նստած, վարում է իր գրագրությունը, երբ հանկարծ սենյակում շշուկներ է լսում։ Խորհրդավոր հյուրը հենց ինքը սատանան էր՝ բարձրահասակ, վտիտ։ Նա հագել էր սև կոստյում՝ 18-րդ դարի նորաձևությանը համապատասխան. այն փոքր-ինչ նեղ էր իր վրա։ Ցանկանալով հավաքել էթիկական որոշ գաղափարներ իր ապագա գրքի համար՝ Բոն-Բոնը սատանայի հետ զրույցի է բռնվում[2]։ Խոսակցության ընթացքում, որն ուղեկցվում է գինի խմելով, պարզվում է, որ սատանան «ուտում» է մարդկանց հոգիները։ Նա թվարկում է նշանավոր շատ փիլիսոփաների, որոնց հոգիներն արդեն փորձել է՝ համեմատելով և նկարագրելով դրանք։ Վերջնականապես հարբելով և չկարողանալով տիրապետել իրեն՝ Բոն-Բոնը սատանային առաջարկում է իր հոգին, որը, իր կարծիքով հարմար կլիներ սուֆլեի, ֆրիկասեի կամ ընտրագույն այլ ուտելիքի։ Սատանան հրաժարվում է՝ հայտարարելով, որ իր կողմից ճիշտ չի լինի օգտագործել հյուրընկալի ոչ սթափ վիճակը, և խոնարհվելով հեռանում է։ Բոն-Բոնը հասցնում է նրա հետևից շիշ նետել, որը դիպչում է առաստաղի շղթային։ Անհաջողակ փիլիսոփան փռվում է գետնին՝ վայր ընկնող ջահի տակ[3]։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարբերակի հետ համեմատած՝ պատմվածքի սյուժեն և նկարագրությունները զգալիորեն փոփոխվել են։ Էդգար Պոն պատմվածքի գործողությունները Վենետիկից տեղափոխում է Ռուան, փոքրացնում պատմելու զգացմունքայնությունը. հռոմեական տոգայի փոխարեն սատանան կոստյումով է հանդես գալիս, խմանքով ընտրված վերնաշապիկի և փողկապի փոխարեն՝ մերկ մարմնին ճմռթած փողկապ է։ Փոփոխություններից պատկերացում կարելի է կազմել հեղինակի երևակայության առանձնահատկությունների, տեքստի մշակման մասին[4]։ Գրականագետ Թոմաս Մեբոթը ենթադրել է, որ Saturday Courier-ում տպագրված բոլոր պատմվածքներից «Չկայացած գործարքը» ամենից վաղ է գրվել՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ պատմվածքում Պոն ավելի շատ աբսուրդային անհամապատասխանություններ և ոճական սխալներ է թույլ տվել, քան մնացած նովելներում[5]։

1835 թվականին տպագրված «Բոն-Բոնը» Էդգար Պոյի հումորային լավագույն ստեղծագործություններից է[5]։ Այնտեղ հեղինակը ծաղրում է գերմանացի միստիկ փիլիսոփաների երկրպագուներին, պլատոնականներին ու իդեալիստներին՝ ստեղծելով մտածողի ծաղրալի կերպարը, որն աշխատում է ռեստորանում և ունի Բոն-Բոն տարօրինակ անունը (ֆր.՝ «Բոն-Բոն», բառացի՝ կոնֆետ)։ Հումորային ազդեցությանը հեղինակը հասնում է մի շարք միջոցներով, որոնցից են առաջին հայցքից անհամատեղելի երևույթների համադրումը, ինչպես օրինակ՝ գրադարան և խոհանոց, փիլիսոփայություն և խոհարարություն։ Նույն տեղում են հավաքված գերմանացի փիլիսոփաների հատորներն ու թավաները, Պլատոնի, Արիստոտելի հատորներն ու խոհանոցային զանազան պարագաներ[6]։

Ստեղծագործության հումորային բնույթը համապատասխանում է բնագրի ոճին, ընդգծում ծաղրը։ Որպես սկզբնաղբյուր Պոն նշել է ֆրանսիական մի վոդևիլ, չնայած իրականում նյութը առնված է բարոն Բիլֆելդից[7]։ Պոն ծաղրում է կյանքից կտրված փիլիսոփաներին, հոգու գոյության նրանց տեսակետը և գերզգայուն հնարավորությունների բացարձակացումը։ Օգտագործելով սատանայի կերպարը՝ նա ծաղրում է միստիցիզմին ձգտելը՝ միաժամանակ հասկացնելով, որ նկատի ունի գերմանացի փիլիսոփաներին[8]։

Սատանայի կերպարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Բոն-Բոն» պատմվածքից՝ հումորային այլ պատմվածքներում ևս հանդես է գալիս սատանայի կերպարը. հեղինակը ծաղրում է գրական իր հակառակորդներին, ամերիկյան հասարակության ճաշակը և գրականության հրատարակիչներին։ Ինչպիսի վիճակում էլ պատկերված լինի, սատանան կերպարների հակառակորդն է, նրանց հիմարության, ինքնահավանության մարմնացումը[9]։

Պատմվածքում Բոն-Բոնի և սատանայի կերպարները հակադրված են. եթե Պիեռը փոքրամարմին է, ցածրահասակ, փոքր գլխով ու մեծ փորով, ապա սատանան բարձրահասակ է, նիհար։ Պլատոնին, Արիստոտելին լավ ծանոթ սատանան տարօրինակ հատկությամբ է աչքի ընկնում. աչքեր չունի. մուգ ակնոցը թաքցնում է աչքերի բացակայությունը։ Էդգար Պոն այդպիսով ծաղրում է այն տեսությունը, ըստ որի՝ մարդ կարող է իրերի էությունը ճանաչել առանց զգայական օրգանների։ Սատանան պատմվածքում ասում է.

Տեսնելու իմ ունակությունը խորն է ձեր ունակությունից... Ես հասկանում եմ հոգով[6]։

Իր բազմաթիվ զոհերի թվում սատանան նշում է Պլատոնին, Արիստոտելին, Կատուլլուսին, Հիպոկրատին, Քվինթիլիանուսին, Ֆրանսուա-Մարի Արուեին (Վոլտերի իրական անունն է)։ Հոգիներ խժռելու գաղափարը Պոն կարող է վերցրած լինել Դանթեի «Աստվածային կատակերգության» 34-րդ երգից։ Նա կարող էր ներշնչված լինել նաև The Visions of Quevedo ստեղծագործությունից, որը թարգմանել է Ուիլյամ Էլիոթը։ Այնտեղ ասվում է. «Լյուցիֆերին դուր է գալիս իր կերակուրը։ «Ինձ խժռի՛ր» արտահայտությունը, որ հաճախ օգտագործում են ծովայինները, տեղին է, քանի որ նա շատերի հետ է այդպես վարվել»[5]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Philadelphia Saturday Courier թերթի խմբագրական կազմը շնորհակալություն է հայտնել Պոյին մրցույթին ուղարկած պատմվածքների համար։ Ու. Ուիլմերը գրել է. «Մենք մեծագույն հաճույքով կարդացինք բոլոր պատմվածքները վանկ առ վանկ։ Մեր կարծիքով՝ ամերիկացի հեղինակներից ոչ շատերին է հաջողվել ստեղծել նման ինքնատիպ գործեր, որոնք կտարբերվեն երևակայության հարստությամբ և անթերի ոճով»[10]։

Winchester Republication թերթի քննադատական հոդվածներից մեկի հեղինակը «Բոն-Բոն» պատմվածքն անվանել է «բավական ինքնատիպ և կոլորիտային պատմություն»։

Baltimore Gazette թերթի խմբագիր Ուիլյամ Գուինը գրել է, որ պատմվածքը հաստատում է հեղինակի օրեցօր ամրացող դիրքերը որպես գրողի, ով օժտված է հարուստ երևակայությամբ, թեթև ոճով[11]։

Հրատարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգար Պոն «Չկայացած գործարքը», ինչպես նաև մի քանի այլ պատմվածքներ ուղարկել է Philadelphia Saturday Courier թերթի կազմակերպած փոքրածավալ արձակի մրցույթին[12]։ Չնայած Պոյի պատմվածքներից ոչ մեկը չի շահել գլխավոր մրցանակը՝ 100 դոլար, սակայն թերթի խմբագրությունը որոշել է մոտակա մի քանի ամիսների ընթացքում թերթում հրատարակել դրանք[13]։

«Չկայացած գործարքը» հրատարակվել է 1831 թվականի դեկտեմբերի 1-ին։ Հնարավոր է, որ Պոյին չեն վճարել հրատարակման համար, և պատմվածքների սեփականության իրավունքն անցել է թերթին[14]։ Պատմվածքի հետագա տարբերակները զգալի փոփոխություններ են կրել. հերոսը Պեդրո Գարսիայից վերանվանվել է Բոն-Բոն, գործողությունները Իտալիայից տեղափոխվել են Ֆրանսիա, Բոն-Բոնը հանդիպում է սատանայի, ոչ թե նրա ուղարկած ներկայացուցչի հետ[3]։

Պատմվածքը «Բոն-Բոն» վերնագրով հրատարակվել է 1835 թվականի օգոստոսին Southern Literary Messenger ամսագրում։

Պատմվածքի մշակմանը զուգընթաց՝ փոխվել է և նրա բնաբանը։ Սկզբնական տարբերակում այն վերցված էր Շեքսպիրի «Ինչպես դա ձեզ դուր կգա» կատակերգությունից. «Երբ հեթանոս փիլիսոփան ցանկություն է զգում ուտելու ողկույզը, բացում է բերանը այն րոպեին, երբ մոտեցնում է խաղողը բերանին։ Դրանով նա ուզում է ասել, որ խաղողը ստեղծված է ուտելու համար, իսկ բերանը՝ բացելու»։ «Բոն-Բոնը» հրատարակվել է բնաբանով, որը Պոն վերագրել է ֆրանսիական մի վոդևիլի, մինչդեռ այն վերցված է բարոն Բիլֆելդի Les Premiers Traits de l'erudition universelle ստեղծագործությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]