Բոշխ կարճաքիթ (լատին․՝ Carex brevicollis), բոշխազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Հորիզոնական ճյուղավոր կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Ունի 20-40 սմ չոր եռանկյունաձև բարձրությամբ ցողուններ, երկար տերևաթիթեղներով և կաշվեկերպ տերևապատյանով կանաչ տերևներ։ Ստորին տերևները գորշ են, թեփուկանման։ Հասկանման երկար ծաղկաբույլերում հավաքված են միասեռ, ծաղկապատ չունեցող ծաղիկները։ Շագանակագույն, երկարավուն վերին հասկիկը արական է։ Ստորին, երկու-երեք երկարավուն-ձվաձև հասկիկները կազմված են իգական, կանաչավուն-դարչնագույն ծաղիկներից։ Արական ծաղիկներում կան 3 առէջներ, իգականներում՝ 3 սպիներով սռնակ։ Վարսանդավոր ծաղիկներում առաջանում են դեղնավուն-գորշ, եռանկյունաձև, փոքր պարկեր կարճ ատամնաձև քթիկով։ Պտուղները չոր ընկուզիկներ են։ Բազմանում է կոճղարմատներով՝ վեգետատիվ ճանապարհով[1]։
Աճում է վերին լեռնային գոտու խոտածածկ լանջերին, քարքարոտ վայրերում, մերձալպյան մարգագետիններում։ Հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի կոճղարմատները և տերևները, որոնք պարունակում են ալկալոիդներ։ Բույսը թունավոր է նաև անասունների համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.