Բորիս Շաց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1866[1] |
Ծննդավայր | Varniai, Լիտվա |
Մահացել է | մարտի 23, 1932[2] (65 տարեկան) |
Վախճանի վայրը | Դենվեր, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ուսուցիչ | Մարկ Անտոկոլսկի և Ֆեռնան Կորմոն |
Մասնագիտություն | քանդակագործ, համալսարանի դասախոս և նկարիչ |
Աշխատավայր | Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա |
Երեխաներ | Bezalel Schatz?, Zahara Schatz? և Angelika Schatz? |
Boris Schatz Վիքիպահեստում |
Բորիս Շաց (Բորիս Իլյիչ (Զալմեն-Բեր) Շաց, Իսրայելում հայտնի է նաև որպես Բարուխ Շաց և Բորիս Ցեմախ Շաց, անգլ.՝ Boris Schatz, դեկտեմբերի 4, 1866[1], Varniai, Լիտվա - մարտի 23, 1932[2], Դենվեր, ԱՄՆ[3]), հրեա քանդակագործ, գեղանկարիչ, մշակույթի գործիչ։ Շացը հայտնի է եղել որպես «Իսրայելի արվեստի հայր», հիմնադրել է Երուսաղեմի Բեցալելի դպրոցը։ Շացի մահից հետո նրա արվեստի հավաքածուի մի մասը, այդ թվում հոլանդացի նկարիչ Յոզեֆ Իսրայելսի ստեղծած հայտնի ինքնանկարը, որը Շացին արտիստն անձամբ էր տվել, դարձել են Իսրայելի թանգարանի հավաքածուի առանցքային մաս[4]։ Աշխատել է Բուլղարիայում և Պաղեստինում։
Ծնվել է Բորնոյում (այժմ՝ Վարնյայ) Կովնոյի մոտակայքում (այժմ՝ Կաունաս, Լիտվա)։ Սովորել է Վիլնոյի (Վիլնյուս) եշիվայում, որտեղ բարեկամացել է Հովեվեյ Ցիոն խմբի հետ։ 1889 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Կորմոնի Գեղարվեստի ակադեմիա և քանդակագործ Մարկ Անտոկոլսկու արվեստանոց, հետագայում դառնալով նրա օգնականը։ Այդ ժամանակ էլ ստեղծել է իր առաջին նշանավոր ստեղծագործությունները։
1895 թվականին ստացել է պալատական նկարչի կոչում և աշխատել բուլղարացի իշխան Ֆերդինանդ I-ի մոտ։ 1896 թվականին Սոֆիայում եղել է պետական Նկարչական դպրոցի, հետագայում՝ Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի ստեղծողների և կազմակերպիչների թվում և ղեկավարել է այն։ 1903 թվականի Քիշինյովյան ջարդերը Շացին վերադարձրին հրեական խնդիրների շրջանակ, որի արդյունքում էլ նա հրապուրվեց Թեոդոր Հերցլի գաղափարներով։
Բազելում 7-րդ Սիոնիստական կոնգրեսում (1905) Բորիս Շացը հանդես եկավ Պաղեստինում գեղարվեստական դպրոց ստեղծելու առաջարկությամբ, որտեղ երիտասարդ սերնդի հրեաները կարող էին սովորել գեղարվեստի և կիրառական արվեստի բոլոր տեսակները[5]։ Առաջնորդվելով այս երազանքներով 1906 թվականին նա մեկնեց Երուսաղեմ, որտեղ էլ բացեց արվեստի և արհեստների Բեցալել դպրոցը (1969 թվականից՝ Գեղարվեստի և կիրառական արվեստի Բեցալել ակադեմիա)։ Ոգեշնչված Թորայով՝ նա նոր դպրոցը կոչեց Բեցալելի անունով (ռուսական ավանդույթով՝ Վեսելեիլա)։ Բայց Շացի պլաններն ավելի հեռուն էին գնում, նա գտնում էր, որ Երուսաղեմը պետք է ունենա թանգարան։ Գերմանացի սիոնիստների ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցի հարևանությամբ ստեղծվեց «Բեցալել» թանգարանը։ 1964 թվականին Երուսաղեմում ստեղծվեց պետական «Իսրայելի թանգարանը» և «Բեցալել» թանգարանը դարձավ նրա մի մասը՝ դադարելով ինքնուրույն գոյություն ունենալ։ Չնայած դրան, Իսրայելի թանգարանի հրեական կրոնական արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքածուն դեռևս ներկայացվում է որպես «Բեցալել» թանգարանի հավաքածու։ Բորիս Շացը մեծ երազող էր, որի ուտոպիական երազանքներում միահյուսվում էին բնությունն ու արվեստը։ Նա բավականին ոչ գործնական մարդ էր, որի արդյունքում էլ մերժվեց նրա հետագա ֆինանսական օժանդակությունը։ ԱՄՆ-ում փող գտնելու նրա ջանքերն ապարդյուն անցան։
1932 թվականին ԱՄՆ-ում ֆինանսավորման որոնումների ընթացքում Բորիս Շացը մահացավ և Երուսաղեմի «Բեցալել» դպրոցը որոշ ժամանակ փակվեց։
Բորիս Շացի մահից մեկ տարի հետո սկսեցին Պաղեստին գալ հիտլերական Գերմանիայից հեռացած հրեա նկարիչները։ Մորդեհա Նարկիսի (1898-1957 թթ.) և Բորիս Շացի երկարատև համագործակցության շնորհիվ 1935 թվականին բացվեց «Բեցալելի նոր դպրոցը» և վերականգնվեց թանգարանը։ Սկզբում «Բեցալել» դպրոցը տեղակայված էր հնաոճ շենքում, որը շրջափակված էր քարե պարսպով և համարվում էր քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Մեր օրերում այդ շենքը դարձել է «Նկարիչների տուն», որտեղ երիտասարդ տաղանդներն ամեն տարի ցուցադրում են իրենց ստեղծագործությունները։
Փարիզում գտնվելու ընթացքում (1889-1895 թթ.) Շացը ստեղծեց մի շարք նշանավոր ստեղծագործություններ, որոնցից են «Մովսեսը Նևո լեռան վրա» (1890) և «Մատտիտյահու Հասմոնեյ» (առաջին տարբերակը` 1894, ցինկ) քանդակները։ Այդ ժամանակահատվածում Շացը ստեղծեց նաև մի շարք դիմանկարներ (դրանցից լավագույնը համարվում է «Մ. Անտոկոլսկի» հարթաքանդակ մեդալիոնը, 1894, բրոնզ)[5]։
Որպես Բուլղարիայի թագավորի պալատական նկարիչ Շացը կատարում էր նաև պաշտոնական պատվերներ, այդ թվում 1876 թվականի Ազատագրական պատերազմի հերոսների հուշարձանի նախագիծը (1901)։ Նկարիչը հաճախ էր անդրադառնում ժողովրդական թեմատիկային, նկարելով հիմնականում ծեր մարդկանց («Բուլղարացի պառավը», 1897, գիպս «Նստած հրեան», 1902, թրծակավ)[5]։
1903 թվականին Շացը ստեղծեց երկու բարձրաքանդակներ, որոնք հետագայում դարձան նրա ամենահայտնի ստեղծագործությունները, «Շաբաթի հանդիպումը» (բրոնզ) և«Հավդալա» (բրոնզ)[5]։
Նկարչի Պաղեստինում ստեղծագործելու ժամանակահատվածում, նրա աշխատանքներում կենտրոնական տեղ էին զբաղեցնում հին ժամանակների մեծ հրեաների կերպարները, «Մովսեսը սրբազան գրերով» (1918, գիպս) արձանի էսքիզը, որտեղ զգացվում է Մ. Անտոկոլսկու «Քրիստոսը ժողովրդի դատի առաջ» ստեղծագործության ազդեցությունը, «Երեմիա» (1911), «Եսայի» (1918; երկուսն էլ բրոնզե բարձրաքանդակ ) մարգարեների բարձրաքանդակները[5]։
1920-ական թվականներին Շացը ստեղծեց նաև Տ. Հերցլի (Տ. Հերցլի թանգարան, Երուսաղեմ), Հայիմ Նախման Բյալիկի (1929), Վլադիմիր Ժաբոտինսկու (1920), Էլիեզեր Բեն-Եհուդայի (1922), Հերբերտ Լուիս Սեմյուելի (1924), Իսրայել Զանգվիլի (1929/30) հայտնի քանդակագործական դիմանկարները[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Շաց» հոդվածին։ |
|