Գաբրիել Նիկու Ջուրջու (ռումիներեն՝ Gabriel Nicu Giurgiu, սեպտեմբերի 3, 1982(1982-09-03)[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն), ռումինացի ֆուտբոլիստ, ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբի կիսապաշտպան։
Ջուրջուն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբում։ 2007 թվականի հունվարին պայմանագիր է ստորագրել «Օցելուլ» ակումբի հետ։ Հաջող ելույթների շարքից հետո նա 2007 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազան քաղաքը ներկայացնող «Ռուբին» ակումբ[3]։ Ռուսական Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել սեպտեմբերի 1-ին՝ 23-րդ տուրի՝ «Ամկար» ակումբի դեմ արտագնա խաղի 61-րդ րոպեին փոխարինելով Անսար Այպովաին[4]։ 2008 թվականի հունվարին Ջուրջուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձել է «Օցելուլ»[5]։ Նույն տարվա մայիսին նա վերադարձել է «Ռուբին»։ 2009 թվականի հունվարին նա կրկին ստորագրել է լիարժեք պայմանագիր «Օցելուլ» ակումբի հետ՝ այնտեղ խաղալով մինչև 2014 թվականը։ 2014/2015 մրցաշրջանում նա խաղացել է Իսրայելի «Մակաբի» (Նետանյա) ակումբի կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Կոնկրադիյա» (Կյաժենա) ակումբում։ 2016 թվականին նա կրկին վերադարձել է «Ունիվերսիտատյա (Կլուժ)» ակումբ։
28-ամյա Ջուրջուն իր դեբյուտը Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշել է 2011 թվականի հունիս 7-ին կայացած Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Չորս օր անց նա խաղացել է Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։