Գաետանո Ջարդինո

Գաետանո Ջարդինո
իտալ.՝ Gaetano Giardino
հունվարի 24, 1864(1864-01-24) - նոյեմբերի 21, 1935(1935-11-21) (71 տարեկան) կամ նոյեմբերի 22, 1935(1935-11-22)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԱստի, Պիեմոնտ, Իտալիա
Մահվան վայրԹուրին, Իտալիա[2]
ԳերեզմանMonte Grappa war memorial
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԶորատեսակBersaglieri? և հետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Իտալա-թուրքական պատերազմ և Իտալա-եթովպական պատերազմներ
ԿրթությունMilitary Academy of Modena?
Պարգևներ
Իտալիայի մարտական շքանշան և Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան

Գաետանո Ջարդինո (իտալ.՝ Gaetano Ettore Stefano Giardino, հունվարի 24, 1864(1864-01-24), Աստի, Պիեմոնտ, Իտալիա - նոյեմբերի 21, 1935(1935-11-21) կամ նոյեմբերի 22, 1935(1935-11-22)[1], Թուրին, Իտալիա[2]), իտալացի մարշալ (1926)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1864 թվականի հունվարի 24-ին Մոնտեմանոյում, Կարլո Ջարդինոյի և Օլիմպին Գարրոնենի ընատանիքում։ Բանակային ծառայությունը սկսել է 18 տարեկանից, 1882 թվականի սեպտեմբերի 4-ից` որպես կրտսեր լեյտենանտ աշխատանքի անցնելով բերսալյերների 8-րդ գնդում։ 1885 թվականի հոկտեմբերի 11-ին ստացել է լեյտենանտի կոչում, 1890 թվականից ծառայել է Էրիթրեաի գաղութում, 1893 թվականին մշակել է նախապատրաստական դասընթացներ և տակտիկական ցուցումներ տեղական աշխարհազորի համար, մասնակցել Եթովպիայի հետ պատերազմին։ Այդ ժամանակաշրջանում Ջարդինոյի ռազմական կենսագրության մեջ ամենանշանակալի իրադարձությունը եղել է 1894 թվականի հուլիսի 17-ի Կասալուի ճակատամարտը, որի համար պարգևատրվել է «Մարտական սխրանքի համար» արծաթե մեդալով, իսկ 1894 թվականի սեպտեմբերի 19-ին կոչումը բարձրացվել է մինչև կապիտան[3]։ 1911 թվականին փոխգնդապետի կոչումով Տրիպոլիտանիայում զբաղեցրել է իտալական օկուպացիոն կորպուսի շտաբի պետի տեղակալի պաշտոնը թուրք-լիբիական պատերազմի ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես նշանակվել է 4-րդ կորպուսի, այնուհետև 2-րդ և 5-րդ բանակների շտաբի պետ։

1916 թվականի օգոստոսին ստացել է գեներալ-մայորի կոչում և ընդունվել 48-րդ դիվիզիայի հրամանատարություն` ղեկավարելով Իզոնցոյի վեցերորդ ճակատամարտը։ 1917 թվականի հունիսին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում, ղեկավարել առաջին, հետագայում XXV կորպուսները, այնուհետև նշանակվել ռազմական նախարար։ Կապորետոյի մոտ կայացած ճակատամարտում Իտալիայի համար ծայրահեղ անբարենպաստ պայմաններում, 1917 թվականի նոյեմբերին նշանակվել է Գլխավոր Շտաբի պետ Արմանդո Դիազի տեղակալ, 1918 թվականի փետրվարին ընդգրկվել է Վերսալում գտնվող Ռազմական խորհրդատվական միջդաշնակցային կոմիտեի կազմի մեջ, նույն տարվա ապրիլին վերադառնալով իտալական ռազմաճակատ` ընդունվել է 4-րդ բանակի հրամանատարություն (որը ստացել էր «Գրապա սարի բանակ» մականունը) Պյավի և Վիտտորիո Վենտոյի ճակատամարտերում։ Պատերազմից հետո պարգևատրվել է Սավոյի Ռազմական շքանշանի Մեծ խաչով, իսկ 1919 թվականին ստացել բանակի գեներալի կոչում։ 1923 թվականի սեպտեմբերին նշանակվել է Ֆիումե ազատ քաղաքի ռազմական նահանգապետ, 1930 թվականի հունվարին պարգևատրվել է Սուրբ օրիորդ Մարիայի շքանշանով[4]։

1917 թվականի հունիսի 21-ին նշանակվել է Իտալիայի սենատոր, 1917 թվականի հուլիսի 3-ին երդմնակալությունից հետո անցել է պաշտոնական պարտականությունների կատարմանը[5]։

1922 թվականին Հռոմի ռազմերթի ընթացքում եղել է «Ֆլորենցիա» բանակի հրամանատար, որի պատասխանատվության ներքո էր գտնվում Իտալիայի մայրաքաղաքը, սակայն չէր միջամտում իրադարձություններին։ 1924-1925 թվականներին Իտալիայի Սենատում և Ռազմական խորհրդում իր ելույթներով դիմադրություն է ցուցաբերել ռազմական նախարար Անտոնիո Դի Ջորջիոյի նոր բանակային կանոնադրության հաստատմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև ֆաշիստական ազգային անվտանգության կամավորական ոստիկանության (Milizia Volontaria per la Sicurezza Nazionale) պաշտոնական հիմնադրմանը։ 1926 թվականի մարտի 1-ին հաստատվել է կանոնադրությունը, առանց հաշվի առնելու Դի Ջորջիոյի առաջարկությունները, 1926 թվականի հունիսի 17-ին Ջարդինոն ստացել է Իտալիայի մարշալի կոչում, բայց արդեն այդ ժամանակ կորցրել էր իրական քաղաքական ազդեցությունը։ 1927 թվականին պաշտոնաթող է լինում և բնակվում Թուրինում, որտեղ էլ մահանում է 1935 թվականի նոյեմբերի 21-ին։

Թաղված է զինվորական պանթեոնի կենտրոնում, Գրապպա սարի վրա, որտեղ հանգչում են 1918 թվականի մարտերում զոհված 12 հազար իտալացի և ավելի քան 10 հազար ավստրո-հունգարացի զինծառայողների աճյունները[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. - М.։ АСТ; Астрель, 2003. - 896 с. - 5000 экз. - ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1048233375 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Nicola Labanca (2000). «GIARDINO, Gaetano». Dizionario Biografico degli Italiani - Volume 54 (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «GIARDINO, Gaetano». Enciclopedia Italiana (իտալերեն). Treccani. 1933. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Giardino Gaetano». Scheda Senatore (իտալերեն). Senato della Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Sacrario Militare di Cima Grappa» (իտալերեն). Министерство обороны Италии. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաետանո Ջարդինո» հոդվածին։