Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և բնության արգելոց Իսրայելում |
---|---|
Երկիր | Իսրայել |
Վարչատարածք | Հյուսիսային մարզ |
Հիմնվել է | հունվարի 9, 2003 |
Գամլայի արգելոց (եբրայերեն՝ גמלא), արգելոց, գտնվում է Գոլանի բարձունքների կենտրոնական մասում՝ Կացրին քաղաքից մոտ 20 կմ հարավ։ Տարածքը արգելոց է հայտարարվել 2003 թվականի հունվարի 9-ին, արգելոցի մակերեսը կազմում է 8380 դունամ (8,3 կմ²)։
Գամլայի արգելոցը ներառում է երկու գետերի հովիտներ՝ Դալիոթ գետը և Գամլա գետը, և ձգվում է Գամլա գետի երկայնքով մինչև Գամլա ջրվեժը, որն Իսրայելում ամենաբարձրն է (51 մ)։ Արգելոցի տարածքում գտնվում են հին Գամլա քաղաքի ավերակները և արծիվների դիտակերկման կայանը[1]։
2010 թվականին արգելոցը վնաս էր կրել անտառային խոշոր հրդեհից, որն առաջացել է մարտական վարժությունների ընթացքում հրետանուց արձակված արկից։
Գամլա քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 81 թվականին Ալեքսանդր Յանայի կառավարման օրոք, որը Գոլանի բարձունքները կցեց Հասմոնյան թագավորությանը։ Քաղաքի անվանումը գալիս է «գամալ» բառից (եբրայերեն՝ גמל — ուղտ), քանի որ այն բլուրը, որի վրա գտնվում էր քաղաքը, նման է ուղտի սապատի[2]։ Որպես Գոլանի մայրաքաղաք՝ քաղաքը գոյատևեց մոտ 150 տարի։ Հակահռոմեական ապստամբության շրջանում այն դարձավ ապստամբների հենակետերից մեկը։ Հռոմեացիների կողմից Մ.թ. 67 թվականին Գամլայի գրավումը նկարագրվել է դեպքերի ականատես Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմ» աշխատության մեջ, գիրք 4, մաս 1։
Գամլայի ճշգրիտ գտնվելու վայրը մնացել էր անհայտ մինչև 1968 թվականը[3]։ 1970-1980-ական թվականներին այստեղ իրականացվեցին ինտենսիվ հնագիտական պեղումներ[4].[5][6]։ Տեղանքի բարդության պատճառով բոլոր աշխատանքներն իրականացվել են ձեռքով՝ առանց որևէ մեքենայացման։ Երկրորդ շրջանում, բացի հնագիտական հետազոտությունից, աշխատանք է տարվել նաև զբոսաշրջային վայր ստեղծելու ուղղությամբ՝ ճանապարհի կառուցում, ձևավորում, վերակառուցում և այլն[4]։
Գամլայի արգելոցում ապրում է Իսրայելում գտնվող սպիտակագլուխ անգղների ամենամեծ զանգվածը։ Անգղի բույները տեղակայված են անմիջապես արգելոցի դիտարկման տախտակամածի տակ։ Արգելոցում տեղադրվել է մոնիտորինգի հատուկ համակարգ, որն արգելոցի աշխատակիցներին թույլ է տալիս իրական ժամանակում հսկողություն իրականացնել, ինչպես նաև դիտել տարվա ընթացքում գրանցված տեսանյութերը[7]։ 2004 թվականին շատ անգղներ սատկեցին՝ թունավորվելով գյուղատնտեսական թույնով[8]։ Արգելոցի անձնակազմը և կամավորները ստիպված էին փրկել առանց թխսկանի մնացած ձվերը և երիտասարդ թռչուններ աճեցնել։
Արգելոցում գտնվում են նաև մոտ 700 նեոլիթյան դոլմեններ։