Գայլերը պատերի մեջ

Գայլերը պատերի մեջ
անգլ.՝ The Wolves in the Walls
Տեսակգրական ստեղծագործություն և կոմիքսների ալբոմ
Ժանրգրաֆիկական նովել
ՀեղինակՆիլ Գեյման և Դեյվ Մաքքին
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էօգոստոսի 5, 2003 և 2003

«Գայլերը պատերի մեջ», գրող Նիլ Գեյմանի և նկարազարդող Դեյվ Մաքքինի նկարազարդ գրքույկը, որ լույս է տեսել 2003 թվականին։ Սյուրռեալիստական հեքիաթ է գայլերի մասին, որոնք ապրում են պատերի մեջ, ապա գրավում են տունն ու ժամանակավորապես վռնդում նրա բնակիչներին։ Գիրքն արժանացել է մեծ ժողովրդականության, թարգմանվել օտար լեզուներով, նրա հիման վրա բեմադրվել է հաջողություն ունեցած մանկական մյուզիքլ։ Գրքի նկարազարդումը հետաքրքիր է նրանով, որ Մաքքինն օգտագործել է պատկերների ստեղծման տարբեր տեխնիկաներ՝ ինչպես սովորական նկարներ, այնպես էլ համակարգչային գրաֆիկա և լուսանկարներ[1]։

Ըստ Գեյմանի՝ գրքի սյուժեն իրեն հուշել է իր դուստրը, որը չորս տարեկանում սարսափելի երազ է տեսել պատերի մեջ ապրող գայլերի մասին[2][3]։

Գիրքը թարգմանվել է գերմաներեն[4], իսպաներեն[5], իտալերեն[6], լեհերեն[7], ռուսերեն[8] և այլ լեզուներով։

Մի անգամ երեկոյան Լյուսին տանը լսում է տարօրինակ աղմուկ, որ գալիս էր պատերից։ Նա կարծում է, որ պատերի մեջ ապրում են գայլեր և այդ մասին պատմում է մորը (որը տարաների մեջ էր լցնում մուրաբա), հորը (որը խաղում է տուբա), կրտսեր եղբորը (որը խաղում է տեսախաղ)։ Սակայն նրանք չեն հավատում Լյուսիին․ մայրն ասում է, որ դրանք մկներ են, հայրը՝ առնետներ, եղբայրը՝ չղջիկներ։ Ընդ որում՝ նրանք բոլորը համոզված են, որ «եթե պատերից դուրս գան գայլերը, ամեն ինչ վերջացած է»։

Այնուամենայնիվ, հաջորդ օրը պատերից իսկապես դուրս են գալիս գայլերն ու զբաղեցնում տունը, իսկ Լյուսին ու նրա հարազատներն ապաստան են գտնում այգում։ Նրանք քննարկում են, թե որտեղ պետք է ապրեն՝ Հյուսիսային բևեռում, Սահարա անապատում թե բաց տիեզերքում։ Լյուսին, որ սենյակում էր մոռացել իր սիրելի խաղալիք խոզուկին, մտնում է տուն ու վերցնում այն։

Հաջորդ երեկոյան ընտանիքը նախկինի պես չի համարձակվում տուն մտնել, սակայն Լյուսին առաջարկում է գնալ այնտեղ գիշերելու և անցնում է պատերից ներս։ Ընտանիքն այդպես էլ վարվում է՝ տեսնելով, թե ինչ են անում գայլերը (նրանք դիտում են հեռուստացույց՝ ձայնը առավելագույնս բարձրացրած, ուտում են մուրաբա՝ մնացորդները նետելով ուր պատահի, պարում են)։ Չդիմանալով դրան՝ Լյուսին ու ընտանիքի մյուս անդամները վերցնում են աթոռի ոտքերն ու վռնդում գայլերին, որոն սարսափած են նրանից, որ մարդիկ դուրս են եկել պատերից։

Ընտանիքը նորից բնակություն է հաստատում իր տանը՝ կարգի բերելով այն։ Սակայն որոշ ժամանակ անց Լյուսիին թվում է, որ պատի հետևում բնակվում են փղեր։

2006 թվականին գրքի հիման վրա բեմադրվել է մանկական մյուզիքլ, որը մեծ ժողովրդականություն է վայելել։ Կոմպոզիտորը եղել է Նիք Պաուելը, երգերի տեքստերի մի մասը գրել է Նիլ Գեյմանը։ Որպես պրոդյուսեր հանդես են եկել Շոտլանդիայի ազգային թատրոնն ու Improbable theatre ընկերությունը, պրեմիերան կայացել է Գլազգոյում[2][11][12][13]։ 2007 թվականին ներկայացումը բեմադրվել է Նյու Յորքում, որտեղ ցուցադրվել է երկու շաբաթ[14][15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Review – The Wolves in the Walls – Art and Photography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  2. 2,0 2,1 Rees, Jasper (2006 թ․ մարտի 25). «A nightmare theatrical debut – Times Online». The Times. London. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «The Wolves in the Walls – Description Details». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  4. Die Wölfe in den Wänden. ISBN 3-551-51648-0.
  5. Los lobos de la pared. ISBN 1-59497-222-2.
  6. I lupi nei muri. ISBN 88-04-52288-7.
  7. Wilki w ścianach. ISBN 83-89004-64-X.
  8. Волки в стенах. ISBN 978-5-904584-85-6.
  9. «Book awards: New York Times Best Illustrated Children's Book». Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  10. «BSFA Awards». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «Improbable Show – The Wolves in the Walls». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  12. «The Wolves in the Walls – Times Online». The Times. London. 2006 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2007-02-11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  13. Gardner, Lyn (2006 թ․ մարտի 31). «The Wolves in the Walls, Tramway, Glasgow – Stage – The Guardian». London. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  14. «The Wolves in the Walls – Showtimes». The New York Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  15. «The Wolves in the Walls – Show details». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  16. «National Theatre of Scotland – The Wolves in the Walls». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]