Գանգի հիմի կոտրվածք, գանգի հիմային հատվածում ոսկրային կոտրվածք[1]։ Ախտանշաններից են կապտուկները ականջի հետևում, աչքերի շուրջ և թմբկաթաղանթի հետևում առկա արյունազեղումը[1]։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի (ՈՒՈՀ) արտահոսք դիտվում է դեպքերի 20%-ում և կարող է առաջանալ քթից կամ ականջից հեղուկի արտահոսքի պատճառով[1]։ Մենինգիտը, որպես բարդություն, առաջանում է 14% դեպքերում[2]։ Այլ բարդություններից են գանգային նյարդի կամ արյունատար անոթի վնասումը[1]։
Այս ախտաբանական վիճակն առաջանալու համար անհրաժեշտ է որոշակի աստիճանի վնասվածք[1]։ Կոտրվածքը առաջանում է հետևյալ ոսկրերից առնվազն մեկում՝ քունքոսկր, ծոծրակոսկր, սեպոսկր, ճակատոսկր կամ մաղոսկր[1]։ Այս կոտրվածքները լինում են առաջային գանգափոսի, միջին գանգափոսի և հետին գանգափոսի կոտրվածքներ[1]։ Դիմային կոտրվածքները նույնպես հաճախ են հանդիպում[1]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է ՀՇ հետազոտությամբ[1]։
Բուժումը հիմնականում կախված է գանգի խոռոչում առկա կառուցվածքների վնասման աստիճանից[1]։ Վիրահատությունը կատարվում է ՈւՈՀ-ի չդադարող արտահոսքի, արյունատար անոթի կամ նյարդի վնասման դեպքում[1]։ Հակաբիոտիկների կանխարգելիչ օգտագործման ապացուցողական փաստեր չկան[2][3]։ Այն առաջանում է ծանր գանգուղեղային վնասվածքների 12% դեպքերում[1]։
Գանգի հիմի կոտրվածքներն ընդգրկում են հետին գանգափոսի կամ առաջային գանգափոսի կոտրվածքներ։ Հետին գանգափոսն ընդգրկում է ծոծրակոսկրը, քունքոսկրը և սեպոսկրի որոշ մասը, իսկ առաջայինը՝ սեպոսկրի վերին մասը և մաղոսկրը։ Քունքոսկրի կոտրվածքը դիտվում է գանգի հիմի կոտրվածքների 75% դեպքում և կարող է լինել երկայնաձիգ, լայնաձիգ կամ խառը, կախված կոտրվածքի գծի հարաբերությունից բրգի երկայնական առանցքին[5]։
Ոսկրերը կարող են կոտրվել մեծ անցքի շրջանում՝ անցք գանգի հիմային հատվածում, որի միջով դուրս է գալիս ուղեղի ցողունը վերածվելով ողնուղեղի, և պայմանավորում դուրս եկող արյունատար անոթների և նյարդերի վնասման ռիսկը[6]։
Գանգային նյարդերի մոտ դասավորության պատճառով, հնարավոր է նրանց վնասում[4]։ Արդյունքում կարող է զարգանալ դիմանյարդի կամ ակնաշարժ նյարդի ֆունկցիայի կորուստ կամ լսողության կորուստ պայմանավորված 8-րդ նյարդի վնասմամբ[4]։
Չնայած ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտահոսքի առկայությանը՝ կանխարգելիչ առումով հակաբիոտիկների օգտագործումը չունի ապացուցողական հիմք[2][3]։
Առանց տեղաշարժ կոտրվածքները սովորաբար լավանում են առանց որևէ միջամտության։ Գանգի հիմի կոտրվածքով հիվանդները մենինգիտի առաջացման մեծ ռիսկ ունեն[7]։ Դժբախտաբար, կանխարգելիչ հակաբիոտիկների արդյունավետությունը անհայտ է[8]։
Ներքին քնային զարկերակի սուր վնասումը (քնային զարկերակի շերտազատում, խցանում, կեղծ անևրիզմայի առաջացում) կարող է լինել ասիմպտոմատիկ կամ բերել կյանքին վտանգ սպառնացող արյունահոսության։ Քնային խողովակի վնասման դեպքում զարկերակը գրեթե միշտ ամբողջությամբ հետազոտվում է, չնայած նրան, որ քնային խողովակի կոտրվածքների միայն փոքր մասն է բերում անոթի վնասման։ Քնային խողովակի վնասման դեպքում վիմային մասի ընդգրման պարագայում քնային զարկերակի վնասման հավանականությունը համեմատաբար ավելի բարձր է[9]։
Գանգի հիմի կոտրվածքները մահվան հաճախ հանդիպող պատճառ են մեքենաների մրցավազքի ժամանակ ։ Գանգի հիմի կոտրվածքնեից մահացած հայտնի վարորդներից են Ֆորմուլա Մեկի վարորդներ Ռոլանդ Ռացենբերգերը և Այրտոն Սեննան, IndyCar-ի վարորդներ Բիլլ Վուկովիչը, Թոնի Բեթթենհաուզենը, Ֆլոյդ Ռոբերտսը և Սկոտտ Բրայտոնը, NASCAR-ի վարորդներ Դեյլ Էարնհարդտը, Ադամ Փեթթին, Թոնի Րոփերը, Քեննի Իրվինը, Նեյլ Բոննետտը, Ջոն Նեմեչեկը, Ջ․Դ․ ՄակԴաֆֆին և Րիչի Էվանսը, CART-ի վարորդներ Ջովի Մարսելոն, Գրեգ Մուրը և Գոնսալո Ռոդրիգեսը, և ARCA-ի վարորդներ Բլեյս Ալեքսանդրը և Սլիք Ջոնսոնը։
Այս վնասման կանխարգելման համար շատ մրցավազքային սպորտաձևերում մարզիկներին տրամադրվում են գլխի և պարանոցի անվտանգությունն ապահովող սաղավարտներ, ինչպիսին է HANS սարքը[10][11][12]։ HANS սարքը բազմաթիվ անգամներ է ցուցադրել իր կյանքեր փրկող հատկությունները, ներառյալ Ջեֆֆ Գորդոնի դեպքը 2006-ի Պոկոնո 500-ում, Մայքլ ՄակԴոուելլը Թեքսասի մրցավազքում (2008թ․)[13], Ռոբերտ Կուբիկան 2007-ի Կանադական Գրան Պրի-ում և Էլիոթ Սեդլերը 2010-ի Պոկոնո կարմիր խաչ 500-ում[14]։
|