Գանդիի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Հնդկաստան[1] |
Տեղագրություն | Նյու Դելի |
Վայր | Նյու Դելի |
Հիմնադրվել է | 1961 |
Կայք | gandhimuseum.org |
Գանդիի ազգային թանգարան կամ Գանդիի հուշաթանգարան (անգլ.՝ The National Gandhi Museum), Մահաթմա Գանդիի թանգարան, գտնվում է Նյու Դելիում, Հնդկաստանում։ Ի սկզբանե թանգարանը բացվել էր Մումբայում 1948 թվականին՝ Գանդիի սպանվելուց անմիջապես հետո։ Բազմաթիվ անգամ տեղափոխվելուց հետո, 1961 թվականին, թանգարանը վերջնականապես հիմնվեց Նյու Դելիում։
Մահաթմա Գանդին սպանվեց 1948 թվականի հունվարի 30-ին։ Նրա մահից հետո կոլեկցիոներները սկսեցին ուսումնասիրել ողջ Հնդկաստանը, որպեսզի գտնեն այն ամենը, ինչը կապ ունի Գանդիի հետ։ Սկզբում Մումբայ տեղափոխվեցին անձնական իրեր, թերթեր, գրքեր, որոնք առնչվում էին Գանդիի հետ։ 1951 թվականին այս բոլոր իրերը տարան Նյու Դելիում գտնվող տուն։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 1961 թվականին, Գանդիի սպանության 13-րդ տարելիցին։ Հնդկաստանի նախագահ Ռաջենդրա Պրասադը անձամբ բացեց նոր թանգարանը։
Գանդիի թանգարանի գրադանում ներառված են նրա աշխատանքները և ուսմունքները։ Գրքերը բաժանված են երկու մասի. նրանք, որոնք գրել է Գանդին կամ տեղեկություն են պարունակում նրա մասին, ինչպես նաև գրքեր, որոնք կարևոր իրադարձությունների մասին են։ Ներկայումս գրադարանում կա 35 հազար գիրք և փաստաթուղթ[2]։
Ցուցահասրահում ներկայացված է Գանդիի արյունոտ հագուստը, որը նրա հագին է եղել սպանության ժամանակ, և այն փամփուշտը, որը խլել է նրա կյանքը։ Գանդիի ազգային թանգարանի պատկերասրահը ներառում է Մահաթմա Գանդիի բազմաթիվ նկարներ և անձնական իրեր։ Թանգարանում պահվում է նաև Գանդիի մի քանի ատամ և նրա փղոսկրե ատամնափորիչը։
Թանգարանում, բացի Գանդիի հիմնական հավաքածուից, ներկայացված են նաև Հնդկաստանի պատմության հետ առնչություն ունեցող այլ ցուցադրանմուշներ։ Հավաքածուի մեծ մասը հիմնված է պատմական իրադարձությունների վրա, որոնք կապված են Հնդկաստանի քաղաքական գործիչների, խաղաղության շարժումների հետ, չնայած նրան, որ համաշխարհային պատմության հետ կապված շատ նյութեր չեն պահպանվել թանգարանում[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանդիի ազգային թանգարան» հոդվածին։ |