Գեթսեմանի մատուռ | |
---|---|
Գեթսեմանի մատուռը | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կենտրոն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | գոյություն չունի |
Ներկա վիճակ | Քանդվել է 1936-ին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար - 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 1690-ականներ (վերակառուցում) |
Gethsemane Chapel Վիքիպահեստում |
Գեթսեմանի մատուռ, Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը։ Նրա տեղում է կառուցվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11 - 13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։
1679 թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։ 1901 թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։
Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով[1]։
2007 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռին։
|